Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենալու ենք «ճարահատյալ ընդդիմություն», եւ այդ դերին առավելագույնս հավակնում է ԲՀԿ-ն»

Նոյեմբեր 10,2018 15:00

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի կարծիքով՝
Նիկոլ Փաշինյանին լուրջ փորձություն է սպասում

– Արդեն կարծես պարզ է, թե որ քաղաքական ուժերն են առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու: Ինչպե՞ս եք գնահատում դաշտը` ընտրություններից առաջ:

– Մենք, ցավոք, դուրս չեկանք միակուսակցականությունից: Որովհետեւ, եթե առաջ մանիպուլյատիվ լծակներով հիմնական խաղացողը ՀՀԿ-ն էր, հիմա էլ հիմնական խաղացողը ժողովրդավարական դաշտում, բայց, միեւնույն է, միանձնյա, «Քաղաքացիական պայմանագիրն» է: Մնացած բոլոր քաղաքական ուժերն ուղղակի ածանցյալ են այդ գործընթացին: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ հակաիշխանական պլատֆորմը միգուցե շատ արդյունավետ է անմիջական իշխանափոխության համար, բայց դեստրուկտիվ է քաղաքական դաշտի բազմազանության զարգացման համար: Դա իսկապես այդպես եղավ. քաղաքական կուսակցությունները չհստակեցրին իրենց պլատֆորմը եւ իրենց ամբողջ հռետորաբանությունը հիմնեցին իշխանափոխության գործոնի վրա: Այժմ քանի որ իշխանափոխությունն իրականացրել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը», հետեւաբար «Քաղաքացիական պայմանագիրն» էլ կրում է այդ դաշտի միանձնյա լիդերի դերը:

Ներկայումս Սահմանադրությունն այնպիսին է, որ մենք, իհարկե, ունենալու ենք ընդդիմություն, բայց դա լինելու է ճարահատյալ ընդդիմություն: Եվ այդ ընդդիմության դերին առավելագույնս հավակնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` երեք պատճառով. կուսակցություններից ամենաշատը ԲՀԿ-ն է տիրապետում ֆինանսական ռեսուրսին, ամենաշատը ԲՀԿ-ն ունի կազմակերպված կուսակցական կառույցներ, եւ ԲՀԿ-ն ունի անձնական-լրատվական միջոց, որն, իհարկե, քաղաքական պայքարի գործում շատ ակտիվ կոմպոնենտ է:

– Առաջիկա ընտրություններում ֆինանսական ռեսուրսը եւ շատ այլ գործոններ կարծես դեր չեն խաղալու:

– Ֆինանս բնավ չի նշանակում ընտրակաշառք. ֆինանսական գործոն նշանակում է գովազդ իրականացնելու հնարավորություն, նշանակում է, այսպես ասած, սեփական կադրերին գայթակղություններից զերծ պահելու հնարավորություն, նշանակում է նաեւ ժողովրդի մեջ վստահության գործոն, որ ֆինանսական հաջողության հասած կուսակցությունը եւ, մասնավորապես, դրա ղեկավարը հաղթելու պարագայում այդ ֆինանսների մի մասը կկարողանա ուղղել ժողովրդի բարօրությանը: Իհարկե, իրականության մեջ դա շատ իդեալիստական է հնչում: Բայց որպես նախընտրական խոստում կարող է լավ էլ գործել:

– Հայաստանը փոքր է, բոլորը բոլորին հասցրել են լավ ճանաչել, կարծում եք՝ այդ ամենն ազդեցություն կունենա՞ այժմ:

– Հայաստանը հենց փոքր է, եւ մի մոռացեք, որ բացի գաղափարական կոմպոնենտից՝ կան նաեւ ընկերության, բարեկամության, ծանոթության եւ այլ կոմպոնենտներ, որոնց վրա խարսխվելու է շատ ընդդիմադիր կուսակցությունների, մասնավորապես՝ ԲՀԿ-ի գործունեությունը:

– Ռեյտինգային համակարգի գոյությունն այս ընտրություններում իրապե՞ս շատ խանգարող է լինելու:

– Իհարկե, դա միանշանակ մի քայլ հետ է: Բայց այս պարագայում, այսպես ասած, շատ ախ ու վիշ անել դրա շուրջ այդքան էլ ակտուալ չէ, որովհետեւ, եկեք խոստովանենք, որ մեր քաղաքական դաշտում հստակ կուսակցական սահմանազատում իրականացված չէ: Դրա համար այս պարագայում Հայաստանի մարդկային գործոնը, որը միշտ դարձել է քաղաքական գործոն, աշխատելու է առավել արդյունավետությամբ: Դա, իհարկե, ցանկալի չէ, բայց տվյալ անցումային իրավիճակի համար ամենաիրատեսական սցենարն է:

– Երկրորդ` ընդդիմության տեղի համար հրապարակային պայքարի են դուրս եկել «Լուսավոր Հայաստանն» ու ՀՀԿ-ն. ինչպե՞ս եք գնահատում նրանց հնարավորությունները:

– Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն, իր բոլոր հին ռեյտինգային կապերն անգամ օգտագործելով, չի կարող հավակնել ընդդիմության դերին` մեկ պարզ պատճառով. այդ դերը կարող էր գործոն լինել ընտրություններից եւ նոր իշխանության հաստատումից երկու տարի հետո, երբ բացթողումներ կլինեին, ՀՀԿ-ի սխալները կմոռացվեին: Բայց այսպիսի թարմ հետքերով, ինձ թվում է, ՀՀԿ-ն հնարավորություն չունի:

– Այսինքն՝ ընտրություններին մասնակցելու ՀՀԿ-ի որոշումը սխա՞լ է:

– Շատ սխալ:

– Չե՞ք կարծում, որ հակառակ որոշումը պարզապես քաղաքական ինքնասպանություն կլինի:

– Երկու պարագայում էլ մոտ է քաղաքական ինքնասպանության:

– Տեսակետ կա, որ առաջիկա խորհրդարանի կյանքը կարճ է լինելու` 1-1,5 տարի` պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով:

– Աշխարհաքաղաքական զարգացումներն իրոք շատ լուրջ են, բայց եթե դրանք Հայաստանի վրա ազդեցություն գործեն, դա չի սահմանափակվելու խորհրդարանով, տարածվելու է ողջ պետության վրա:

– ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցից եւ Հայաստանում արված բավական բաց հայտարարություններից հետո հասկանալի է, որ ՀՀ նոր իշխանությունները լուրջ բեռի տակ են մտնելու, Նիկոլ Փաշինյանին ծանր փորձություն է սպասում. Ձեր կարծիքով՝ վարչապետն ունա՞կ է դիմակայել-հաղթահարելու այդ ամենը:

– Եկել է այն պահը, երբ Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ բալանսն այլեւս հնարավոր չէ, եւ այս պարագայում Հայաստանը գնալով կորցնում է մանյովրելու հնարավորությունները: Այո, դա փորձություն է, միանշանակ: Ունակ է նոր իշխանությունը դա հաղթահարելու, թե ոչ՝ արդեն գուշակությունների շարքից է, եկեք գուշակությամբ չզբաղվենք, տեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930