Վերաքննիչ քրեական դատարանում երեկ շարունակվեց Թագուհի Մանսուրյանի բողոքի քննությունը: Մինչ օրս հինգ նիստ էր հրավիրվել:
Հիշեցնեմ, որ Թագուհուն մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 12-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Երեւանի Ս. Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց նախկին ամուսնու` ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, Վլ. Մարտիրոսյանի նկատմամբ «կատարել է բռնի գործողություններ», այն է` «դիտավորությամբ ճանկռել է» նրա պարանոցը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Մեկ այլ դրվագով էլ, Թագուհին դիտավորությամբ ճանկռել է նախկին ամուսնու թեւերը, նրա ձեռքերը` «պատճառելով թեթեւ վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք»:
Իսկ Վլադիկ Մարտիրոսյանը Թագուհու նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, նրան պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք, նախկին կնոջը տվել սպանության սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Վլ. Մարտիրոսյանը, 2016թ. հունիսի 21-ին, ժամը 13:45-ի սահմաններում, Երեւան քաղաքի Շիրակի 45/2 հասցեում գտնվող «Մհեր Մար» խանութի դիմաց վիճաբանել է նախկին կնոջ հոր` Վաչագան Մանսուրյանի հետ, սպանության սպառնալիք է տվել ընտանիքի անդամների հասցեին, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել, որից հետո դիտավորությամբ 4-5 անգամ բռունցքով հարվածներ է հասցրել ավտոմեքենայում նստած Վաչագան Մանսուրյանի դեմքին` նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Վլ. Մարտիրոսյանը սպանել է Թագուհու մորը՝ Կարինե Մանսուրյանին:
Առաջին ատյանի դատարանը Վլադիկ Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ 4 դրվագով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ 4 դրվագով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով եւ 80.000 ՀՀ դրամի չափով տուգանքի:
Դատարանը Վլ. Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառել՝ նկատի ունենալով, որ սպանության գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատարանը Թագուհի Մանսուրյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ 3 դրվագով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ եւ դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի՝ 70.000 ՀՀ դրամի չափով:
Թագուհու նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Թագուհի Մանսուրյանի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանը մոտ երեսուն րոպե ժամանակահատվածում ներկայացրեց վերաքննիչ բողոքը: Նա միջնորդեց, որպեսզի բեկանվի եւ փոփոխվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մարտին կայացված դատական ակտը, ճանաչել եւ հռչակել Թագուհու անմեղությունը՝ նրան առաջադրված մեղադրանքում:
Պաշտպանն ասաց, որ Թագուհին մշտապես գտնվել է իր նախկին ամուսնու հետապնդումների, սպառնալիքների տակ: Ըստ էության, առաջին ատյանի դատարանը չի գնահատել գործով եղած ապացույցները, որոնք բազմակողմանի քննության առնելու դեպքում դատարանը կարող էր հանգել այն հետեւության, որ Թագուհին անմեղ է, եւ մեղսագրվածը Վլադիկին էր վերաբերելի:
Ըստ պաշտպանի, Թագուհին ամեն անգամ աշխատանքից տուն գալիս խնդրել է ծնողներին, որ դիմավորեն, քանի որ դարանակալել է ամուսինը, քաշքշել, իսկ ոստիկանությանն ուղղված բազմաթիվ ահազանգերը մնացել են անհետեւանք:
Պաշտպանն ու Թագուհին ժխտեցին, թե վիճաբանությունների ժամանակ Թագուհին ճանկռած լիներ նրան, քանի որ, ըստ Թագուհու, իր եղունգները եղել են սիլիկոնե, ինքն աշխատելով գեղեցկության սրահում, իր այցեքարտն է եղունգները, որոնք ուժեղ հարվածի դեպքում կարող են կոտրվել, իսկ որեւէ հետք չի կարող եղունգները թողնել: Անժելա Հոբոսյանի կարծիքով էլ, Վլադիկը լինելով վարորդ, հնարավոր է՝ նման վնասվածքները ստացած լիներ այդ ժամանակ, աշխատանքի մեջ:
Ըստ պաշտպանի, ծեծի տարր ընդհանրապես չկա, չկա օբյեկտիվ կողմը, մեղքը:
Անդրադառնալով շարժառիթին, ինչը նախաքննության մարմինը արձանագրել է՝ երեխային տեսակցելուն, Ա.Հոբոսյանն ասաց, թե Թագուհին երեխային տարել է ԴԱՀԿ, հանդիպման համար, սակայն այդ ժամանակ հայրը չի եկել, իսկ ուշ ժամերին, նրա աղմկոտ ներկայանալն ազդել է երեխայի հոգեվիճակի վրա:
Թագուհին իրեն մեղավոր չի ճանաչել: Նա առաջին ատյանի դատարանում հայտնել էր, որ՝ «Համատեղ կյանքի ընթացքում ամուսնու կողմից իր նկատմամբ պարբերաբար կիրառվել են բռնություններ: 2014 թվականի հոկտեմբերի 31-ին ծնվել է իրենց երեխան, դրանից հետո եւս իր նկատմամբ բռնությունները շարունակվել են եւ արդյունքում իրենք բաժանվել են: Դատական կարգով լուծվել է իրենց ամուսնությունը, ինչպես նաեւ որոշվել է, որ Վլադիկ Մարտիրոսյանը երեխային պետք է տեսակցի շաբաթական երկու օր՝ իր ներկայությամբ, իսկ նրանից հօգուտ երեխայի պետք է բռնագանձվի 20.000 ՀՀ դրամ որպես ալիմենտ:
Ինքը տեսակցությունը կազմակերպելու համար երեխային տարել է ԴԱՀԿ ծառայություն, սակայն Վլադիկ Մարտիրոսյանը երեխային տեսել է մեկ անգամ, որից հետո չի եկել ԴԱՀԿ ծառայություն: Ամուսինը չի վճարել ալիմենտի գումարը, եւ միշտ հետապնդել է իրեն ու իր ընտանիքի անդամներին, բռնություն կիրառել, տվել սպանության սպառնալիքներ: Ինքն աշխատում է որպես մատնահարդար եւ աշխատանքի բերումով մասնավոր այցեր է կատարում հաճախորդների տուն, եւ աշխատանքն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս վերջացնում է ուշ ժամերի եւ տուն է վերադառնում գիշերը ժամը 1-ին, երբեմն էլ դրանից հետո»:
Նա ներկայացրել էր վեճերի մասին նույնպես. «2015 թվականի հունիսի 12-ին, հունիսի 20-ին եւ հուլիսի 8-ին՝ աշխատանքից վերադառնալուց հետո, գիշերը ժամը 01-00-ից 01-30-ի սահմաններում, իրենց շենքի բակում Վլադիկ Մարտիրոսյանը հարձակվել է իր վրա, քաշքշել, հարվածել, սեղմել ձեռքերը, որից ստացել է վնասվածքներ, նմանատիպ դեպքեր բազմիցս են եղել, սակայն դրանցից շատերը չեն գրանցվել ոստիկանությունում: Ինքը վերադառնում էր աշխատանքից, Վլադիկը միանգամից հարձակվում էր իր վրա: Իր ձեռքին միշտ եղել են իր աշխատանքային երկու պայուսակները, որոնք թանկ արժեն: Ինքը չէր կարող վնասել այդ պայուսակները, քանզի դժվար էր դրանք ձեռք բերելը:
Մայրիկի սպանության օրը՝ 2016 թվականի հուլիսի 8-ին, գիշերը ժամը 01-30-ին, երբ տուն վերադառնալուց է եղել, հայրը՝ Վաչագան Մանսուրյանը, զանգահարել է եւ ասել, որ Վլադիկը շենքի բակում է, հակառակ կողմից մոտենա, որ իրեն չտեսնի: Ինքն ասել էր՝ ինչ ուզում է, թող անի: Երբ ինքը տուն էր գալիս, Վլադիկը մի ձեռքով հեռախոսով նկարում էր, որ ուշ ժամի է գալիս, բարձրաձայնում, ասում էր, թե ուշ ժամի է գալիս, որ անբարոյական է»:
Թագուհի Մանսուրյանն ասաց, թե Վլադիկը միշտ թաքուն է հարձակվել, հարվածել, քաշքշել, դա արել է ուշ ժամերի, որպեսզի ոչ ոք չտեսնի:
Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Վլադիկը բարձրահասակ է, ուժեղ, եւ Թագուհին ցանկանար էլ, չէր կարող ճանկռել նրան. «Եթե անգամ ճանկռեր, դա համաչափ կլիներ նախկին ամուսնու կատարած բռնություններին»:
Նախագահող դատավոր Հովակիմյանին հետաքրքրեց, թե հնարավո՞ր է Թագուհին ինքնապաշտպանության նպատակով վեճի ժամանակ ճանկռած լիներ ամուսնուն, Թագուհին ժխտեց, ասելով, թե չի արել, բայց կարող է բոլորի աչքի առաջ «փորձել», այն եղունգներով, որոնք արհեստական են:
Վլ. Մարտիրոսյանի պաշտպան Լիանա Գասպարյանի բողոքը կլսվի նոյեմբերի 15-ին:
Նիստի մասին ծանուցվել էր դատախազ Մուրադյանը, սակայն նա ոչ միայն չէր ներկայացել, այլ չէր զգուշացրել իր բացակայության պատճառների մասին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.Հոկտեմբերին երկու վիրահատության է ենթարկվել Թագուհին: Աջ ուսահոդին մետաղական կոնստրուկցիա է տեղադրվել: Այդ կապակցությամբ դատարան ներկայացվեց բուժպատմությունը:
Լուսանկարում` Թագուհին քանդակագործ հոր՝
տուժող Վաչագան Մանսուրյանի հետ: