Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեղների արտահո՞սք, թե՞ շրջանառություն

Նոյեմբեր 10,2018 12:30

ՄԻ շարք երկրների համար միջազգային ուսանողական շարժունակության աճը զգալի հնարավորություն է ներգրավելու միջազգային ուսանողներ, մինչդեռ որոշ երկրների համար կարող է լինել ռիսկային:  Փոքր, տնտեսապես առավել թերի զարգացած, զարգացող երկրներից միակողմանի ուսանողների հոսքը դեպի զարգացած երկրներ կարող է հանգեցնել ուղեղների արտահոսքի: Այս իրականությունը հատկապես ռիսկային է փոքրաթիվ բնակչությամբ զարգացող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը, որտեղ մի կողմից մարդկային կապիտալի զարգացումը եւ համաշխարհային ինտեգրումը կենսական նշանակություն ունի, մյուս կողմից, մրցունակ մարդկային ռեսուրսների արտահոսքը խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացումը:

Հայաստանը, լինելով զարգացող երկիր, տարբեր հանգամանքների բերումով շարունակաբար պարտվելու է «ուղեղների» համար պայքարում (եթե նման պայքար իհարկե տանում է), ինչը հանգեցնելու է ուղեղների րտահոսքի. անհրաժեշտ է հրատապ եւ առավել պրոակտիվ ռազմավարություն՝ ապահովելու երկկողմանի փոխանակում, միջազգային ուսանողների ներգրավում, ինչպես նաեւ «ուղեղների շրջանառություն»։ Այս առումով որակյալ բարձրագույն կրթության ապահովումը անկյունաքարային է եւ տնտեսության դինամիկ զարգացման հիմնական նախապայմանը։

Իրականացված հետազոտության սահմաններում փորձել ենք պարզել, թե որոնք են արտերկրում կրթություն ստանալու հայ ուսանողների որոշման վրա ազդող պատճառները եւ գործոնները. հարցն ուսումնասիրել ենք քանակական հետազոտության միջոցով, որի արդյունքները, կարծում ենք, հայելային կերպով արտահայտում են ՀՀ բարձրագույն կրթության համակարգում առկա իրական վիճակը։ Հետազոտությունը ներառում է ինչպես միջազգային ուղղահայաց (degree mobility), այնպես էլ հորիզոնական (կրեդիտային) շարժունակությունը։

Այսպես, ըստ հայ ուսանողների, արտերկրում կրթություն ստանալու կամ փոխանակման ծրագրերի մասնակցելու որոշում կայացնելիս առավել կարեւոր գործոններից է մասնագիտության/ոլորտի թերի զարգացվածությունը Հայաստանում (66%) եւ, համապատասխանաբար, ոլորտի զարգացվածությունն ընդունող երկրում, կրթաթոշակների առկայությունը (60%), ստացած օտարերկրյա կոչումների արժեւորման աստիճանը Հայաստանում (57%)։ Հարցված ուսանողներից մեկը, օրինակ, նշել է, որ «ՀՀ բարձրագույն կրթական համակարգը ճկուն չէ եւ ուսանողը չի կարողանում նախանշել իր անհատական կրթական ուղին։ Շատ դժվար է ընթացքում փոխել մասնագիտությունը»։ Չնայած Հայաստանում վերջին տարիներին բավականին ակտիվացել են միջազգային շարժունության հնարավորությունները եւ բուհերն ունեն որոշակի փորձ այս առումով, ուսանողների շարժունակության հնարավորությունները դեռ սահմանափակ են բուհի, ինչպես նաեւ երկրի ներսում։ Ուսանողը, ընդունվելով որեւէ բուհ, գրեթե հնարավորություն չունի ընտրելու այլ մասնագիտություններից առարկաներ, որոշ կրեդիտներ կուտակելու այլ բուհերից, չունի ոչ միայն առարկա, այլ նաեւ դասախոս ընտրելու հնարավորություն։ Արդյունքում լճանում է ինչպես բուհը, այնպես էլ դասախոսը՝ մրցակցության բացարձակ բացակայության պայմաններում։

Կրթության որակական խնդիրներից զատ, հարցվածների մեծ մասը նաեւ կարծում է (61% ընտրել են ամենաբարձր երեք միավորները), որ միջազգային կրթության դեպքում առկա են աշխատանքի առավել լավ հեռանկարներ եւ մեծանում է բարձր վարձատրության հնարավորությունը։ Ըստ հարցվածների, ՀՀ աշխատանքային շուկան գնահատում է միջազգային կրթությունը եւ օտար լեզուների իմացությունը՝ պատրաստ լինելով վճարել ավելին։ Սա մեկ այլ ազդակ է ՀՀ բուհերի համար. անհրաժեշտ է արագացնել աշխատանքային շուկայի պահանջներին եւ գլոբալ զարգացումներին համապատասխան կրթական ծրագրերի մշակումը եւ առկա ծրագրերի վերանայումը։ Այս առումով, կարծում ենք, հատկապես առաջնային է գործատուների եւ միջազգային կրթական հաստատությունների հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացումը, ինչը կհանգեցնի ուսանողների աշխատունակության բարձրացմանը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռվի ուսանողին ստանալու միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն՝ առանց լքելու երկիրը։ Կրթական ծրագրերի վերափոխումը, նոր, աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի մշակումը, անգլերեն կրթական ծրագրերի իրականացումը (ուղղված միջազգային ուսանողների ներգրավմանը) այլեւս ժամանակի հրամայականն է։

Ըստ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) կողմից իրականացված նմանատիպ հետազոտության եւ հաշվետվության (Education at a Glance 2016), միջազգային ուսանողների շարժունակության եւ որոշումների վրա ազդող հիմնական գործոններն են ուսումնառության լեզուն, կրթական ծրագրերի որակը, վարձավճարը, իմիգրացիոն քաղաքականությունը եւ այլն։ Նշենք, որ արտերկրում կրթություն ստանալու ուսանողների որոշումների վրա ազդող գործոնները տարբերվում են երկրից երկիր եւ կան մի շարք հետազոտություններ այս ոլորտում։ Որոշ երկրների դեպքում առավելապես գերակշռում են տնտեսական գործոններ, այլ երկրների դեպքում դրանք առավել մշակութային, քաղաքական, պատմական են։ Ըստ մեր ուսումնասիրության արդյունքների, հայ ուսանողների որոշումների վրա աննշան ազդեցություն ունեն քաղաքական կամ այլ գործոններ. վերջիններիս որոշումների վրա ազդող գործոններն, ինչպես ներկայացվեց, առավելապես կրթության որակի եւ աշխատանքային մրցունակության հարթության մեջ են։
Ինչպես նշեցինք, հայ ուսանողների համար արտերկրում սովորելու որոշման վրա ազդող կարեւոր գործոններից է նաեւ կրթաթոշակների առկայությունը։ Միջազգային ծրագրերից զատ (Եվրամիության, Ամերիկյան կառավարության հովանավորությամբ եւ այլն)՝ երկար տարիներ երկրում իրականացվում էր նաեւ «Լույս» կրթաթոշակային ծրագիրը, որը չուներ որեւէ նախապայման երկիր վերադառնալու։ Հետաքրքրական է, որ, օրինակ, ԱՄՆ կառավարության կողմից տրվող հիմնական կրթաթոշակային ծրագրերի դեպքում դրվում է հստակ պայման վերադառնալու եւ առնվազն երկու տարի աշխատելու ուղարկող երկրում։ Նշյալ ազգային կրթաթոշակային ծրագրի սահմաններում, սակայն, որեւէ սահմանափակում չի դրվել։ «Լույս» հիմնադրամի լուծարումից հետո աշխարհի լավագույն բուհերում ուսանելու համար կրթաթոշակների տրամադրման հիմնավոր լուծումներ է փնտրում արդեն «Իմ Քայլը» հիմնադրամը, որը, հուսանք, նույնքան հիմնավոր լուծումներ կգտնի նաեւ վերապատրաստված այդ մարդկային կապիտալի հետ ներգրավման եւ ներուժի առավել արդյունավետ օգտագործման՝ ի շահ երկրի զարգացման։

Ուղեղների արտահոսքը, կամ ինչպես ընդունված է ակադեմիական ոլորտում նշել, մարդկային կապիտալի թռիչքը (human capital flight) կանխելու, վերապատրաստված կադրերին հետ գրավելու նպատակով որոշ երկրներում իրականացվում են թիրախային ծրագրեր. օրինակ՝ Չեխիայի Հանրապետությունում իրականացվում է  Nոvrat (թարգմանաբար՝ վերադարձ), Հունգարիայում՝ Momentum ծրագիրը, ըստ որի տրամադրվում են հետազոտական եւ դասավանդման դրամաշնորհներ այդ երկրների եւ միջազգային գիտնականներին։ Իրականացվում են նաեւ ծրագրեր մասնավոր հատվածի հովանավորությամբ, ինչպես օրիակ՝  Welcome եւ Homing ծրագրերը՝ ուղղված լեհ եւ միջազգային գիտնականների հետազոտական ծրագրերի իրականացմանը Լեհաստանում։ Իսրայելի կառավարության «Brain Gain» ծրագիրը միջգերատեսչական է եւ ապահովում է աջակցություն ակադեմիական եւ բիզնես ոլորտներում արագ աշխատանքի տեղակայման, ինտեգրման, ընտանիքի տեղափոխման, ինչպես նաեւ այլ տեխնիկական հարցերում։ Չնայած որոշ հատվածային նախաձեռնություններ առկա են նաեւ Հայաստանում, այնուամենայնիվ, բացակայում են նպատակային, թիրախավորված եւ համակարգված նմանատիպ կամ առավել նորարար հստակ նախաձեռնություններ։ Այս ոլորտում պետական եւ մասնավոր հատվածի ներդրումները կլինեն խիստ նպատակային եւ կապահովեն կրիտիկական զանգված, որն էլ իր հերթին կնպաստի բարձրագույն կրթության ոլորտում կայուն զարգացմանը եւ միջազգային մրցունակությանը։

Նշենք նաեւ, որ, ըստ հետազոտությունների,  2015-2016թթ. արտերկրում սովորող հայ ուսանողների 59%-ը վստահ էր, որ վերադառնալու է Հայաստան, 35%-ը` դեռ վարանում էր, 6%-ը որեւէ ծրագիր չուներ երկիր վերադառնալու։ Արտերկրում կրթությունն ավարտածների 83%-ը, ըստ հարցման արդյունքների, արդեն իսկ վերադարձել էր Հայաստան, 17%-ը բնակություն էր հաստատել այն երկրում, որտեղ ստացել է կրթություն։ Եթե այս 17%-ը որեւէ ազդեցություն չէր ունենա Չինաստանի, Ռուսաստանի կամ մեծաթիվ բնակչություն ունեցող այլ երկրի դեպքում, Հայաստանի համար, կարծում ենք, կարեւոր է յուրաքանչյուրի հետ գրավումը կամ ներուժի օգտագործումը՝ գիտելիքահեն տնտեսություն կառուցելու գործում։ Անհրաժեշտ է ոչ միայն մշակել հստակ քաղաքականություն շարունակաբար ընդլայնելու արտերկրում կրթություն ստանալու հնարավորությունները, այլ նաեւ առավել նպատակային ծրագրեր հմուտ կադրերին հետ գրավելու կամ վերջիններիս ներուժը երկրի զարգացմանը հեռավար ծառայեցնելու համար՝ հատկապես, եթե հովանավորումը եղել է պետական աղբյուրներից։

ԱՐԵՎԻԿ ՕՀԱՆՅԱՆ

Կրթության փորձագետ
Եվրասիա միջազգային համալսարանի
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930