Այսօր Aravot.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանից հետաքրքրվեց, թե հստակեցվա՞ծ է արդյոք Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուների ցուցակը։ Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՔՊ-ն Շիրակի մարզից 15 վարկանիշային թեկնածու է առաջադրելու։
Կարապետ Մխչյանն ասաց․ «Այո, հստակեցված է, երբ որ հրապարակման ենթակա լինի, այդ ժամանակ կհրապարակենք»։
Մեր ճշտող հարցին՝ այսինքն` հիմա ոչինչ չունե՞ք ասելու,Կարապետ Մխչյանն ասաց․ «Ոչ, ցավոք սրտի՝ ոչ»։
Մեր հաջորդ հարցին՝ այդուհանդերձ ստիպված ենք ձեզ հարցնել՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում օլիմպիական չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի՝ ՔՊ ռեյտինգային ցուցակով առաջադրվելը, Կարապետ Մխչյանն ասաց․ «Եթե անուններ եք տալու՝ կա՞, թե չկա՞, անտրամաբանական կդառնա, նույն տրամաբանությամբ ես կարող էի ցուցակը հանրայնացնել»։
Վերջինս մեզ խորհուրդ տվեց՝ համբերել մեկ-երկու օր, մինչև որ ցուցակները կհրապարակվեն։ «Ցուցակները կհրապարակվեն և վերջ, լա՞վ, եթե անուններ եք տալու, որ ես հերքեմ կամ հաստատեմ, միևնույնն է՝ ո՛չ հերքելու եմ, ո՛չ էլ հաստատելու եմ, ոչ մի բան չեմ ասելու»։
Ինչևէ, մենք փորձեցինք մի քանիսին զանգահարել, որոնց անունները շրջանառվում են որպես վարկանիշային թեկնածու, սակայն հասկացանք, որ նրանք էլ մինչև վերջ հստակ չգիտեն՝ իրենք կա՞ն, թե՞ ոչ այդ ցանկում։
Մենք ստիպված ենք մեր լավատեղյակ աղբյուրներին հղում տալով՝ հրապարակել շրջանառվող ռեյտինգային թեկնածուների անունները։ Վարկանիշային ցուցակում այս պահին տեղ են գտել արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի, մարզպետ Կարեն Սարուխանյանի, երկու փոխմարզպետների՝ Սոֆյա Հովսեփյանի ու Արա Մելիքջանյանի անունները, մարզպետի օգնական Էմմա Պալյանի, «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդման հեղինակ և վարող Նազելի Բաղդասարյանի, Կարապետ Մխչյանի, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի անունները։ Շրջանառվում է նաև Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի նախկին տնօրեն, «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի փոխտնօրեն Հովհաննես Հարությունյանի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանի, Կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանի, «Անի տուր» տուրիստական գործակալության տնօրեն Դավիթ Առուշանյանի անունները։
Անիի տարածաշրջանից շրջանառվում է Նիկոլայ Սարիբեկյանի, Արթիկի տարածաշրջանից Դավիթ Սխլեյանի և Սարգիս Պետրոսյանի անունները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ