Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության ֆակուլտետի ՈՒԽ-ն հրահանգել է երկու առաջին կուրսերի, որ բողոքի ակցիաներ սկսեն. «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն

Նոյեմբեր 09,2018 22:00

Նոյեմբերի 9-ին «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում է, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի երկու առաջին կուրսեր առավոտից դասի չեն նստել, որովհետև ուսխորհրդից հրահանգ է եղել, որ գնան ՈւԽ-ն պաշտպանելու, քանի որ այն պատրաստվում են ցրել։

Այս կապակցությամբ Aravot.am-ը զրուցեց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանի հետ։

Միսկարյանը  պատմեց, որ համալսարան մտնելիս, տեսել է մի խումբ ուսանողների, հարցրել, թե ուր են գնում, ուսանողներն էլ ասել են, որ ՈՒԽ-ն ցրում են, գնում են բողոքի ակցիայի, որպեսզի այն  չցրվի։

«Համալսարան մտնելուն պես հանդիպեցի մի խումբ ուսանողների, որոնք  դուրս էին գալիս շենքից։ Մի աղջկա հարցրի, թե ուր են գնում, ասաց ՈՒԽ-ն ցրում են, դրա համար գնում ենք ցույց անենք։ Հարցրի, թե ով է ասել, որ գնան ցույց անեն, աղջիկն էլ պատասխանեց՝ ՈՒԽ նախագահը»։

Միսկարյանն ասաց, որ ՈՒԽ նախագահը մտել է պատմության ֆակուլտետի կովկասագիտության և պատմության բաժինների առաջին կուրսեր հայտարարել, որ ՈՒԽ-ն փորձում են ցրել և պետք է պաշտպանել այն։

«Ելնելով այն հանգամանքից, որ առաջին կուրսեցիները դեռ ռեալ պատկերացումներ չունեն, թե ինչ է կատարվում համալսարանի ներսում, ծանոթ չեն ներքին խոհանոցին, ՈՒԽ-ն  ուսանողներին կազմակերպված ձևով հանել է լսարանից, և նրանք իրականում չեն էլ իմացել, թե ինչ նպատակով է ցրվում այն»։

«Ռեստարտ» անդամը  այս երևույթը արատավոր համարեց և ասաց, որ համալսարանի ադմինիստրացիայի կողմից վերապահում է նկատում։

«Ոչ հեռավոր անցյալում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության բողոքի ակցիաների ժամանակ, երբ մի ուսանող դուրս էր գալիս ցույցի, ադմինիստրացիան խառնվում էր իրար, զանգում էր ուսանողների տները կամ անձնական հեռախոսներին, իսկ այս դեպքում ոչ մի քայլ չի ձեռնարկել»։

Միսկարյանը Aravot.am-ին հայտնեց, որ  խոսել է փոխդեկանների հետ, նրանցից մեկը ասել է, որ իրենք  հարգում են ուսանողի՝  որոշում կայացնելու իրավունքը, և եթե ուսանողը  ցանկություն ունի կարող է գնալ ցույցի, իսկ մյուս փոխդեկանը ասել է, որ իրենք ամեն ինչ կանեն երեխաներին հետ բերելու համար։

Միսկարյանի  խոսքով, իրենք չեն խոսել պատմության ֆակուլտետի ՈՒԽ նախագահի հետ, քանի որ սցենարը իրենց համար  շատ պարզ է

«Ինչո՞ւ չեն հանել երրորդ կուրսերին, մագիստրատուրա առաջիններին, կամ օրինակ երկրորդ կուրսերին, ինչո՞ւ են հենց առաջիններին կանչել․ ամեն ինչ շատ պարզ է․ առաջին կուրսեցիները  տեղեկացված չեն համալսարանի ներքին կյանքից»։

«Ռեստարտի» ներկայացուցիչը կարևոր համարեց այն փաստը, որ համալսարանից դուրս եկած ուսանողներից ընդամենը 40-50-ն է մասնակցել ցույցին,  իսկ մյուսները ցրվել են։

Այս հարցի շուրջ Aravot.am-ը զրուցեց նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լևոն Սահակյանի հետ։

Սահակյանն ասաց, որ ուսանողների ցանկությունն է եղել ցույցին մասնակցելը և որ ոչինչ չի հրահանգվել իր կողմից։

«Այն տեղեկատվությունը, թե այդ ցույցը հրահանգվել է իմ կողմից ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, այս ամենը եղել է ինքնաբուխ, և հենց ուսանողների ցանկությունն է եղել, որ գան մասնակցեն»։

Սահակյանն ասաց, որ ուսանողները բազմիցս դիմել են իրեն, որպեսզի իմանան, թե ինչ է կատարվում, ինչու են ռեստարտականները ՈՒԽ-ին դեմ և վստահեցրեց, որ ինքը չի զանգահարել ուսանողներին և որևէ  բան  հրահանգել։

«Երբ ուսանողները  իմացան, որ Արայիկ Հարությունյանը նախագահի հետ լինելու է  արևելագիտության ֆակուլտետում, մյուս ուսանողների հետ հավաքվեցին նրանց տեսնելու համար։ Ես ընդամենը  զանգեր եմ ստացել  ուսանողներից, ովքեր  հարցեր են տվել, տեղի, ժամի հետ կապված: Ինքս չեմ զանգահարել և ոչինչ չեմ հրամայել․ ես զանգելու ու հրահանգելու իրավունքը չունեմ»,-ասաց  ՈՒԽ նախագահը։

Իսկ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Քրիստինե Յախշյանը, Aravot.am-ին  հայտնեց, որ ուսանողները ներկա չեն եղել միայն երկրորդ, երրորդ և չորրորդ ժամերին և  բացակայությունների պատճառը եղել է այն, որ ցանկացել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին իրենց բողոքը հայտնել ՈՒԽ-ի լուծարման համար։

Նշենք, որ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը օրեր առաջ Կրթության և գիտության նախարարություն նամակ էր ուղարկել, որտեղ նշված էր, որ ուսխորհուրդը լուծարելու համար հիմքեր կան, և ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության ու գործունեության մեջ առկա են խախտումներ։

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հ. Գ. Խմբագրությունը Գոռ Աբրահամյանի էլեկտրոնային հասցեից նաեւ ստացել է հետեւյալ տեսագրությունը՝ ԵՊՀ-ում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի միջև:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930