ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցեւը Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները որակում է Ռուսաստանի դեմ ուղղված սադրանք:
Այդ մասին այսօր ռուսաստանցի պաշտոնյան հայտարարեց «Sputnik Արմենիա» մամուլի սրահում` Մոսկվա–Մինսկ–Երեւան–Տալլին տեսակապի ժամանակ: «Բոլթոնի այցն ուղղված էր Ռուսաստանին նյարդայնացնելուն: Երբ նրանք ժամանում են տարածաշրջան, չեն տեսնում Հայաստանը եւ Ադրբեջանը։ Նրանց համար կարեւոր է վնասել Ռուսաստանին, հակասություններ ստեղծել ՌԴ–ի եւ հարեւանների միջեւ»,-կարծում է բանախոսը։
Հիշեցնենք, վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չէր բացառել հայտնի 907-րդ բանաձեւի դադարեցման հնարավորությունը։ Այս բանաձեւն ԱՄՆ-ում օրենսդրական մակարդակով արգելում է հակամարտող երկրներին զենք մատակարարել։ Արգելքը գործում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա:
Ֆրանց Կլինցեւը, իհարկե, վստահ չէ, որ ԱՄՆ-ը զենք կվաճառի Հայաստանին եւ Ադրբեջանին, բայց դրանց վերաբերյալ բանակցություններ կլինեն`ասում է հաստատ է: Միաժամանակ, նա չի բացառում, որ վերազինման ընթացքում ԱՄՆ-ը կարող է փորձել հին զենքը վաճառել Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչպես Ուկրաինայի դեպքում եղավ։ Ֆրանց Կլինցեւն, ամեն դեպքում, զենքի վաճառքի մասին պարոն Բոլթոնի հայտարարությունը «փորձնական» է համարում: Ասում է`այժմ մոնիտորինգի են ենթարկում այդ երկրների արձագանքը։
Ռուսաստանցի պաշտոնյան այն տեսակետին է, որ ԱՄՆ-ի ամենաթողությանը եւ բացարձակ ռազմամոլությանը պետք է վերջ դնել: Ըստ նրա, Հայաստանն այն երկրներից է, որը երբեք չի դավաճանել Ռուսաստանին։ Ավելին, նա կարծում է, որ Հայաստանն, իբրեւ անկախ պետություն, իրավունք ունի եւ կարող է բարեկամանալ ում հետ ցանկանում է, այդ թվում Իրանի, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ Իրանը Երեւանի բարեկամ հարեւանն է: Իր կարծիքով, Հայաստանի համար բնավ էլ բարդ չի լինի, եթե Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ընտրության առաջ կանգնի: Բայց նա գրեթե կասկած չունի, որ ԱՄՆ-ի կողմից Երեւանի վրա ճնշում կգործադրվի: Բանախոսը հիշեցնում է`այդ պարագայում Երեւանը մենակ չէ` Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ