Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի եւ կառավարության նկատմամբ ավելի բացասական գնահատական ունեն «Երկիր Մեդիան» եւ News.am-ը. ԵՄԱ մշտադիտարկման արդյունքները

Նոյեմբեր 09,2018 20:10

Երեւանի մամուլի ակումբը ընտրություններից առաջ մշտադիտարկում է իրականացրել ԶԼՄ-ների՝ մինչեւ քարոզարշավը սկսելը: Հետընտրական եւ բուն քարոզարշավի շրջանում նույնպես մշտադիտարկում իրականացնելու են: Այսօր «Մեդիա կենտրոնում» ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, ներկայացնելով մշտադիտարկման արդյունքները, ասաց, որ ընտրել են 6 համապետական հեռուստաալիք, բացառությամբ «Շողակաթը», որը քաղաքական զարգացումներին այդքան շատ ուշադրություն չի դարձնում եւ ընտրել են նաեւ 2 առցանց ԶԼՄ՝ news.am-ը եւ 1in.am-ը:

Վերջինիս դեպքում հատկապես բանավեճային ձեւաչափով հաղորդումներն են նայել: Մշտադիտարկման ընթացքում հետեւել են, թե ՀՀ կառավարության, նախագահի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, արդարադատության մարմինների եւ ԱԺ-ում ներկայացված, ինչպես նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, փորձագետների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ինչպես են քաղաքական գործընթացներին վերաբերվել, ինչ գնահատականներ են տվել. «Փորձը ցույց տվեց, որ արդարադատության մարմինները չեն խառնվում քաղաքական գործընթացների մեջ ու դա միայն դրական կարելի է համարել»,- ասաց պարոն Նավասարդյանը:

Մշտադիտարկման ժամանակ ուշադրություն են դարձրել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության, առանձին գերատեսչությունների, ՔՊ,-ի, «Իմ քայլը» կամ «Ելք» դաշինքի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կա, ինչ գնահատականներ են տալիս Ընտրական օրենսգրքի նախագծին եւ արտահերթ ընտրությունների անցկացմանը. «Մշտադիտարկման ընթացքում առավել ակտիվ այս փուլում լուսաբանում էր Հ1-ը: Դա կարելի է պայմանավորել նրանով, որ բավականին շատ պաշտոնական բնույթի տեղեկություններ էին գնում Հ1-ով, բայց մյուս հեռուստաալիքները եւս շատ ակտիվ էին: Ամենաքիչ անդրադարձ ունեցողը այս իրադարձություններին «Շանթ» ՀԸ-ն էլի բավականին ակտիվ էր ու ներկայացնում էր բազմազան տեսակետներ: Տեսակետների բազմազանությունը բավականին լայն էր ներկայացված մեր հեռուստաալիքներով եւ առցանց ԶԼՄ-ներով: News.am-ը հեռուստաընկերություններից ավելի ակտիվ էր լուսաբանում, բայց դա պայմանավորված էր իր տեղեկությունների ծավալով: 1in.am-ում համեմատաբար քիչ էին, բայց դա պայմանավորված էր իրենց հաղորդումների բնույթով»:

Բորիս Նավասարդյանը նաեւ ասաց, որ նշանային բնութագրիչներով՝ դրական կամ բացասական գնահատականներով հրապարակումների եւ լուսաբանումների առումով առավել ակտիվ է լուսաբանվել կառավարության եւ վարչապետի գործունեությունը. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը եւ արտահերթ ընտրությունները, երկու դեպքում էլ ավելի շատ էին դրական գնահատականները, թեեւ տարբերությունը դրականի եւ բացասական ԸՕ-ի եւ արտահերթի վերաբերյալ ավելի մեծ էր, իսկ վարչապետի եւ կառավարության գործունեության դեպքում բացասական վերաբերմունքը մրցում էր դրականի հետ:

Դրականի առումով կառավարության եւ վարչապետի նկատմամբ արտահայտվում էին հենց գործադիրի եւ ՏԻՄ-ի ներկայացուցիչները, իսկ ԸՕ-ի եւ արտահերթի վերաբերյալ առավել ակտիվ պաշտպանում կամ աջակցում էին գործընթացներին ԲՀԿ-ի եւ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները, նրանք նույնիսկ մի փոքր առաջ անցան «Ելքից», ավելի ակտիվ էին պաշտպանում: Բացասականի առումով երկու դեպքում էլ առավել ակտիվ էր ՀՀԿ-ն, որը կարելի էր ենթադրել, նաեւ մասամբ նույնը կար ՀՅԴ-ի կողմից: Ինչը կարող է զարմանալի թվալ, բավականին շատ են բացասական գնահատակաները ե՛ւ կառավարության, վարչապետի գործունեության, ԸՕ-ի հետ կապված ՀԿ-ների, փորձագիտական հանրության կողմից: Այդ փորձագիտական հանրությունը ավելի շատ դրական կամ բացասական գնահատականներ էր տալիս: Ավելի շատ բացասական գնահատականներ կային «Երկիր Մեդիա»-ում եւ News.am-ում: Նրանք առավել քննադատաբար են վերաբերվում կառավարության գործունեությանը եւ այս գործընթացներին, մնացածների կողմից կա դրական վերաբերմունք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930