2010թ.-ին զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեկ տարի անց կարճվեց՝ այն պատճառաբանությամբ, որ տղան հիվանդություն է ունեցել, մինչդեռ ծնողները մինչ օրս պնդում են, որ որդու մահվան պատճառը բռնությունն է եղել: Մոտ մեկ ամիս ու կես առաջ տղայի մայրը՝ Իրինա Ղազարյանը, որդեկորույս այլ մայրերի հետ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո Արթուր Ղազարյանի գործը վերաբացվեց: Սակայն այսօր ծնողը հայտարարում է, որ իրավապահներն անգործության են մատնված:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը վերջերս ստանձնել է մահացած զինծառայողի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունը, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ նշեց, որ տղայի մայրը տարիներ շարունակ բարձրաձայնել է գործի վերաբացման անհրաժեշտության մասին:
«Քրեական գործի հանդեպ ժամանակին, մեղմ ասած, անփույթ են վարվել՝ փորձելով ինչ-որ բան թաքցնել: Իրավապահ մարմինների ղեկավարները, նաեւ՝ Սերժ Սարգսյանն է տեղյակ է եղել այս գործի մասին: Մենք ակնկալում էինք, որ նոր քննությամբ իրավիճակը կբացահայտվի, բայց գործն օրենքի խախտումներով է վերաբացվել: Նախ, գործքը քննում է Դատախազության այն նույն ստորաբաժանումը, որը 2011թ. օբյեկտիվ քննություն չէր իրականացրել: Չնայած Դատախազությունում բանավոր երաշխավորեցին, որ գործի քննությունն օրինական կերպով կլինի, մինչ օրս բովանդակային գործողություններ չեն կատարվել: Անընդհատ ընթացակարգային խնդիրներ են առաջանում, ինչը մեզ համար հասկանալի չէ: Որեւէ մեկը շահագրգռված չէ, որ գործը քննվի»,-տեղեկացրեց Արայիկ Պապիկյանը:
Նրա խոսքով՝ տարօրինակ է այն փաստը, որ գործը քննող քննիչին տեղափոխել են այլ ստորաբաժանում, գործն էլ՝ հետը. «Որեւէ քննիչ քրեական գործը «ժառանգություն» չի ստանում, որ հետը տանի: Հասկանալի է, որ վերադասի ցուցում կա, հետեւաբար, չեն ցանկանում քննություն տանել: Մեր փոքր հույսերը փորձում են վերացնել: Խնդիր է դրված ոչ թե բացահայտել մահվան հանգամանքները, այլ մոլորության մեջ գցել ծնողներին: Մեր առաջնային անելիքն ապացույցներ հավաքելն էր, բայց մեկ ամիս է՝ իրավապահ մարմինների ընթացակարգային խախտումները վիճարկելով ենք զբաղված»:
Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանն էլ խոսելով որդու մահվան մասին, հիշեց. «Ինձ ասել են, որ գլխուղեղի վրա ուռուցք է եղել, մինչդեռ այդ մասին փաստող ոչինչ չեն ներկայացրել, անգամ՝ լուսանկար: Երեխաս առողջ է եղել: Տղայիս գլուխը կերել են եւ գործը կոծկել: Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, որ մեզ ընդունեց, բայց իրավապահները չեն ուզում լիարժեք գործողություններ անել: Պարոն Փաշինյան, այնպես արեք, որ իրավապահ համակարգը մաքրվի, մատը մատին չեն տալիս: Որդուս սպանությունը խմբակային է եղել, ձեռք չի տալիս բացահայտել դա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ