Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ գիտնական ունենք, որի ստեղծած տեխնոլոգիական հարթակի համար գերտերությունները պատրաստ են Հայաստանի բյուջեի չափ փող տալ

Նոյեմբեր 09,2018 18:50

Այսօր «Մեդիա կենտրոնում» գիտության արդյունավետության բարձրացման մասին քննարկմանը, երբ խոսում էին ոչ արդյունավետ աշխատող գիտնականների մասին, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աշոտ Գեւորգյանն ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց. «Հենց այս պահին մեր կոլեգաներից մեկը, որը տեխնոլոգիական հարթակ է ստեղծել, գերտերությունները բանակցում են, որ այդ հարթակն առնեն, սկզբնական գումարը Հայաստանի բյուջեի կարգի է, բայց դա ոչ մի կապ չունի գիտության կազմակերպման հետ, այդ ավելի շատ կապ ունի հայի գենի հետ, պատվի հետ»:

ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին հարցրեցին՝ դուք տեղյա՞կ եք, որ այդպիսի գիտնական ունենք, որը այդպիսի արդյունք է տվել, ՀՀ-ի բյուջեի չափ գումար կարող է բերել՝ փոխնախարարը հորդորեց տալ այդ գիտնականի անունը: Պարզվեց, խոսքը Սամվել Գեւորգյանի մասին է:

Աշոտ Գեւորգյանի խոսքով՝ իսկապես աշխատավարձերը սարսափելի ցածր են գիտության ոլորտում. «Ես ֆիզմաթ գիտությունների դոկտոր եմ, իմ աշխատավարձը 86 հազար դրամի կարգի է: Դուք կասեք դրամաշնորհներ եւ այլն, տեղից դրամաշնորհներ երբեք չեմ ստացել, իսկ դրսից, ոչ հաճախ, բայց եղել է: Դրամաշնորհների բաշխման մեխանիզմները վերածվել են կոռուպցիոն մի խմբի: Գիտության պետական կոմիտեն հույս ունեինք, որ կարող է շտկեր այն թերությունները, որ կար բուն ակադեմիայի մեջ, բայց ավելի վատացրեց իրավիճակը: Գիտական ինստիտուտները սոցիալական ինստիտուտների են վերածվել, մարդկանց մեծ մասը գալիս են, թոշակի նման ստանում են այդ գումարը ու գնում, ոչ մի ստիմուլ չկա աշխատելու:

Գիտնականների 10 տոկոսն է, որ գիտական պրոդուկտ է տալիս: Եվրոպական չափորոշիչները, երբ բերում եք, պետք է ամբողջ կոմպլեքսով համեմատեք՝ աշխատավարձերով, գործուղումներով եւ այլն: Այդ ռեֆորմը ավելի է այլասերում ու դեֆորմացնում միջավայրը: Հիմա հայտարարվում է, որ 45 հազար գիտնական ունենք, եթե նրանց 10 տոկոսն այս կամ այն ձեւով ակտիվ է, նշանակում, է 450 հոգի: Այդ 450-ից, եթե սկսենք բծախնդիր նայել, կտեսնենք, որ իրական արժեք ստեղծողներն ավելի քիչ են: Հայաստանը հետսովետական երկրներից գիտությանը ֆինանսավորում է ամենացածր տոկոսով՝ 0.18 տոկոս: Պետությունը այս 30 տարվա մեջ չի հասկացել, որ գիտությունը ամենակարեւոր ուժն է, որ կարող է տնտեսությունը, հասարակությունը զարգացնել, նույնիսկ մտավորական շրջանակներում այդ հասկացողությունը չկա, չեն հավատում»:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հրանուշ Խառատյանն ասաց, որ գիտությունը ժամանակին աշխատում էր մաքուր պետական պատվերով. «Պլանային տնտեսության արդյունք էր, հաշվարկ: Մենք փոխվել ենք ու մինչեւ մեր գիտությունը կվերակառուցվեր, ծանր էր: Այսօր էլ այնուամենայնիվ, կարող էր պետությունը պատվեր ունենալ: Ինձ համար, որպես հումանիտար գիտության ներկայացուցիչ, շատ տարօրինակ է, որ օրինակ մենք, ղարաբաղյան խնդրի հարցում ունենալով դեռեւս բազմաթիվ չպատասխանած հարցեր, մենք պետությունից չենք կարողանում դա ձեւակերպել՝ որպես պատվեր: Մենք արտադրանք ենք տալիս, խնդրում, աղաչում ենք, ասում ենք՝ մեր արտադրանքը կարող է բանակցային գործընթացում, դիվանագիտական հարաբերությունների ժամանակ կիրառվել, մենք նվիրում ենք մեր աշխատանքը: Դրանց մի զգալի մասը հաստատ պետության աշխատավարձի գումարներով չեն, կամ կամավոր ներդրումով են, կամ դրամաշնորհներով: Մենք գիտության մասին խոսելիս՝ ելնում ենք միայն ԳԱԱ-ի կամ պետական կոմիտեի տվյալների վրա, մինչդեռ երկրից դուրս մենք ունենք տվյալների ծավալ, որը նույնպես գիտական արտադրանք է»:

Հրանուշ Խառատյանն ասաց, որ ԵՄ-ն, ՀԲ-ն, ՄԱԿ-ի զանազան կառույցները, դեսպանատները, որոնք ունեն գյուղատնտեսության, ժողովրդագրության խնդիրներ, գիտական վերլուծությունների պատվերներ են ունենում: Դա անում են հիմնականում ՀԿ-ների կամ անկախ գիտական կառույցների միջոցով. «Լավ է սա թե վատ է՝ քննարկման հարց է, բայց փաստ է, որ դա նույնպես գիտական պրոդուկցիա է, որը երկրի ընդհանուր գիտության զարգացման մեջ կշիռ ունի»:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ եվրոպական երկրներում այլեւս արագացուցիչներ չկան, դա իրեն սպառել է ու բոլոր այն երկրները, որոնք ունեին արագացուցիչներ ու զբաղվում էին գիտության այդ բնագավառով, իրենց միջոցները ներդրեցին ու ստեղծեցին մի հսկա արագացուցիչ. «Ամենամեծ հեռադիտակը, որը ունենք մենք Բյուրականում, նրա հայելու տրամագիծը 2,6 մետր է, համարվում էր ժամանակին ամենամեծ դիտակը սովետմիության, այսօր Չիլիում եվրոպական բոլոր երկրները միասին ստեղծում են մի դիտակ, որի հայելու տրամագիծը 40 մետր է, դժվար է նույնիսկ պատկերացնել: Մենք էլ այսօր պետք է տեսնենք, թե որոնք են այսօր գիտության զարգացման խթանիչ ուղղությունները եւ դրա վրա ուշադրություն դարձնենք»:

ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ-ում ամենամեծ գիտական արդյունքը տալիս է Ֆիզիկայի ինստիտուտը: Աշոտ Գեւորգյանն ասաց, որ ինքը շատ դժգոհ է գիտության պետական կոմիտեից, որը, ըստ նրա, կոռումպացված կառույց է ու տարեկան ծախսում է 1,5 մլն դոլար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930