Այսօր «Մեդիա կենտրոնում» ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, խոսելով գիտության արդյունավետության բարձրացման, սերնդափոխության եւ այլ խնդիրների մասին՝ ասաց. «Էական շարժ է կատարվել: Գիտաշխատողի հեղինակությունը մեր հասարակության մեջ այն մակարդակի չէ, ինչ եղել է 30-40 տարի առաջ, բայց այս ուղղությամբ, իհարկե, աշխատանք տարվում է բոլոր այն կառույցներում, որոնք առնչվում են գիտության հետ: Որպեսզի երիտասարդը գնա գիտություն, անհրաժեշտ է, որ աշխատանքը, որը նրան առաջարկում են, լինի գրավիչ, նրան հետաքրքիր լինի եւ լուծված լինեն նրա սոցիալական խնդիրները, որ ամբողջ ապագան, հեռանկարը կապի գիտության հետ»: Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ սոցիալական հարցերը, ցավոք, 30 տարի է, չեն լուծվում, գիտնականի միջին աշխատավարձն այսօր 100 հազար դրամ է. «Այս ձեւով երկար շարունակելով՝ հազիվ թե կարողանանք այդ հարցը լուծել:
ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհանիսյանը հարցին՝ ՀՀ-ում հեղափոխություն եղավ, կրթության ոլորտում հեղափոխություն կլինի՞, պատասխանեց. «Ես չգիտեմ ինչ եք հասկանում հեղափոխական քայլեր ասելով, բայց գիտության ոլորտն այն ոլորտն է, որտեղ պետք է նուրբ եւ հաշվարկված քայլեր անել: Մեծ հեղափոխություններ անել այս ոլորտում կողմնակից չեմ: Բնականաբար, բոլորն են հասկանում, որ փոփոխություններ պետք է լինեն: Ճիշտ է, աշխատավարձերը բավականին ցածր են, բայց էֆեկտիվության մակարդակն էլ պետք է հասկանալ: Այսօր ե՛ւ ԿԳՆ կազմում, ե՛ւ ԳԱԱ-ի կազմում կան բազմաթիվ հաստատություններ, որտեղ մարդիկ շատ քիչ են նվիրվում աշխատանքին, կա՛մ մի քանի ժամ են գալիս, կամ գալիս են սուրճ խմելու համար, եւ հետո բողոքում են ցածր աշխատավարձից: Էֆեկտիվության ցուցիչները պետք է դրվեն նաեւ աշխատավարձերի հիմքում: Նրանք, ովքեր արդյունք են տալիս, տարբեր չափորոշիչների միջոցով տվյալ ինստիտուտի, տվյալ գիտաշխատողի աշխատավարձը պետք է տարբերվի: Երբ դու քո աշխատանքով ապացուցում ես, որ կարող ուժ ես ու գիտության մեջ անելիք ունես, քո աշխատավարձը պետք է բարձրանա: Հիմա քննարկումներ ենք անում այս ուղղությամբ, որ տարբերակում լինի»:
Այս տարբերակված մոտեցումը, ըստ փոխնախարարի, կբերի նրան, որ լավ աշխատողը լավ աշխատավարձ կունենա ու համակարգը կբարելավվի, պետք է խրախուսել նրանց, ովքեր շատ ձգտում ունեն, լավ գիտական արդյունք են տալիս:
Ռադիկ Մարտիրոսյանը կարծես վիրավորվեց, երբ ասացին, որ գիտնականների մի մասը գալիս են կարծես թոշակ են ստանում ու գնում. «Շատ կոպիտ եք ասում: Վերջին հաշվով նվիրված աշխատանք են կատարում, ոչ ոք ոչինչ չանող մարդուն այդպիսի բան չկա, որ հենց այնպես թոշակ տան: Ամեն բնագավառում էլ լինում են ակտիվ, շատ ակտիվ աշխատողներ, պակաս ակտիվ աշխատողներ եւ ընդհանրապես գլուխ պահողներ: Անցյալ տարի ԳԱԱ համակարգում բոլոր կառույցներում իրականացվել է 82 միջազգային ծրագրերով աշխատանք ու այդ աշխատանքների արդյունքները շատ հանրահայտ են ամեն տեղ: Մեր տարածաշրջանի 10 երկրներից՝ Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Թուրքիա, Իրան եւ այլն, գիտական արդյունքներով 3-րդ տեղն ենք, եթե միայն թոշակ ստանալու լինեինք, այդպիսի արդյունք չէինք ունենա: Ամբողջ ԱՊՀ երկրների համակարգում մենք առաջին տեղն ենք գրավում՝ գիտական արդյունքի վրա աշխարհում հղում անելու ցուցանիշով: Ուրիշ բան է, որ այսօր երեւի պետությունն ի վիճակի չէ այն չափով ֆինանսավորելու, որ մենք կարողանանք ավելի բարձր մակարդակի մշակում անենք, հատկապես՝ կիրառական բնույթի: Մարդիկ մտածում են, որ եթե գիտնական կա, վաղը պետք է ասենք, այսպիսի մի միկրոֆոն լինի, որը իր որակով շատ լավը լինի»: Աշխարհում գիտական գաղափարի համար 25 տոկոս են ծախսում, մնացած 75 տոկոսն էլ ծախսում են՝ կիրառական մակարդակի բերելու: Մեր հնարավորությունները համեստ են կիրառական մասի համար: Տնտեսության եւ գիտության միջեւ այդ կապը թույլ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ