ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի լինի ՀՀԿ-ի ցուցակում, թեեւ առաջարկ ստացել էր: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը: Նա հստակեցրեց`ՀՀԿ-ից առաջարկ ստացել է, բայց այն ոչ թե մերժել է, այլ փոխհամաձայնությամբ հանգել են համատեղ որոշման:
Մեր տեղեկություններով, Խոսրով Հարությունյանին առաջարկվել է, այսպես ասած, անցողիկ տեղ`ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում: Խոսրով Հարությունյանը այդօրինակ մանրամասների մեջ չի մտնում, միայն արձանագրում է, որ թե ՀՀԿ-ում, թե ՀՔԴՄ-ում գոհ են իրենց վերջին տարիների համագործակցությունից:
Aravot.am-ի հարցին`սա արդյոք չի՞ նշանակում, որ երբ ՀՀԿ-ն ուժեղ էր եւ իշխանություն, Խոսրով Հարությունյանն իրենց հետ էր, իսկ այժմ, երբ թույլ է`լքում է ՀՀԿ-ն, մեր զրուցակիցը պատասխանեց, որ եթե ՀՀԿ-ն լքող լիներ, դա կաներ ավելի վաղ, բայց ինքը մինչեւ վերջ հավատարիմ է մնացել բոլոր քաղաքական համաձայնություններին:
Առաջիկա արտահերթ ընտրություններին ՀՔԴՄ-ն չի մասնակցի, սակայն քաղաքական գործընթացներից դուրս չի մնա: Առաջիկայում ականատես կլինենք տարբեր ձեւաչափերի համագործակցությունների: Անուններ եւ ձեւաչափեր մեր զրուցակիցը դեռ չի հրապարակում, քննարկումների փուլում են:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ