Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանն այսօր հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին բացատրեց՝ ինչու է ՊԵԿ-ը որոշել փոփոխության ենթարկել հասարակական կազմակերպությունների մասին օրենքը: Օրենքի նախագիծն այժմ հանրային քննարկման է դրված: ՀԿ-ների ներկայացուցիչները սակայն դժգոհում են, որ այն հասարակական սեկտորի հետ չի քննարկվել եւ միայն, արդեն պատրաստի նախագծի տեսքով իրենց է հրամցվել: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ վերջերս ականատես եղան, հիմնադրամի միջոցով ապօրինի շրջանառություն իրականացնելու, փողերի լվացման հետ կապված իրավիճակի. «Մեկ պատգամավոր եւ ավագանու մեկ անդամ մեկ տարի փորձում էին ստանալ որոշակի տեղեկատվություն, որը հասարակության համար հետաքրքրություն էր ներկայացնում: Կա կոռուպցիա թե ոչ՝ քննությունը ցույց կտա, սակայն հանրային հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիա է՝ ի վերջո ի՞նչ գումարներ են մտնում այդ հիմնադրամ, ի՞նչ նպատակների համար են ծախսվում եւ արդյոք գործ չունենք ապօրինի ծախսված միջոցների շրջանառության հետ կամ դրանց օրինականացման հետ»:
Ռուստամ Բադասյանի խոսքով, հենց այս մտահոգություններով էլ պայմանավորված ՊԵԿ-ը նախաձեռնել է այդ փոփոխությունները:
Մանրամասները՝ տեսանյութում
Այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՊԵԿ-ի եւ ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր ՊԵԿ-ի կողմից մշակված «ՀԿ-ների մասին» եւ «Հիմնադրամների մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրինագիծը:
Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս նախագծով կոնսեսուսը բացակայում է կառավարության եւ հասարակական սեկտորի միջեւ. «Եթե խոսքը գնում է հանրային միջոցների օգտագործմանը, ֆինանսական կազմակերպությունները տվել են իրենց համաձայնությունը եւ ներկայումս նաեւ կատարում են օրենքով նախատեսված իրենց պարտավորությունները, սակայն, ցավոք, ՊԵԿ-ը լրացուցիչ պարտականություն է դրել ՀԿ-ների վրա՝ իր ոչ իրավաչափ որոշմամբ, որ իրենք պետք է ոչ միայն այդ հանրային միջոցների օգտագործման ծավալի մասով ներկայացնեն հաշվետվությունը, այլ՝ իրենց ամբողջ գործունեության, որը, բացարձակ չի բխում օրենքից»:
Քննարկմանը ներկա «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Արմեն Գալստյանն ասաց, որ հստակ ձեւակերպված չի աուդիտ անելու հատվածը, երբ նշվում է, որ պետք է աուդիտի ենթարկվի ողջ գործունեությունը: Ըստ նրա, իրենց կազմակերպության ողջ գործունեությունն աուդիտ անելու համար կպահանջվի հսկայական միջոցներ. «Ասենք, մի 5 միլիոն դրամ փող ենք ստացել, այդ 5 միլիոնն էլ հենց չի բավականացնի այդ մեծ գործունեությունն իրականացնելու»:
Գագիկ Պողոսյանին էլ, որը հիմնադրամի նախագահ է, հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է այդքան զբաղված լինելով, ՊԵԿ-ն այդ մեծ բեռը վերցնում իր վրա, այլ ոչ՝ արդարադատության նախարարությունը՝ ինչպես աշխարհի այլ երկրներում է:
Ի պատասխան, ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց, որ չգիտի ով է այդպես որոշել, սակայն պատրաստակամություն հայտնեց հետագա քննարկումներում այդ հարցն էլ բարձրացնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ