Հայաստանն ու Ադրբեջանը պետք է զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից և իրենց բնակչությանը պատրաստեն խաղաղության: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Որպես համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը հաստատում է իր ամուր աջակցությունն այդ աշխատանքին, և մենք գնահատում ենք ձեր անկողմնակալ ներգրավվածությունը կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ բոլորիդ»,- ասել է Մակրիսը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը ոգեշնչված է վերջին շրջանում պետությունների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակներով կառուցողական շփումներից: Այդ շփումների արդյունքում բոլոր երեք համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հաղորդել են, որ վերջին երկու ամիսների ընթացքում շփման գծում և դրան հարող տարածքներում բռնությունը նվազել է:
«Կողմերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը և ուղիներ գտնեն կարգավորման գործընթացն առաջ մղելու համար,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը: – Համանախագահները մի շարք գործողություններ են առաջարկել, որոնք կողմերը կարող են ձեռնարկել լարվածությունն ավելի նվազեցնելու և հաղորդակցությունը բարելավելու համար: ԱՄՆ-ը պաշտպանում է այդ առաջարկները»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաև աջակցում է շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված միջոցներին, ինչպիսիք են, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի իրականացնելու լիազորությունների ընդլայնումը և հետաքննության մեխանիզմների ներդրումը: Միացյալ Նահանգները կարծում է, որ արտգործնախարարների հանդիպումը կարող է նոր թափ հաղորդել այդ միջոցառումների իրականացման վերաբերյալ քննարկումներին:
«Ժամանակն է, որ կողմերը զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից եւ իրենց բնակչությանը պատրաստեն խաղաղության: Միացյալ Նահանգները աջակցում է վստահության ամրապնդման միջոցառումներին եւ հայերի ու ադրբեջանցիների միջեւ երկխոսության ընդլայնմանը, ինչը կարող է կայունացնել անվտանգության ոլորտում իրավիճակը եւ ավելի կառուցողական մթնոլորտ ստեղծել բանակցությունների համար: Երկխոսությանը մասնակցող անձինք պետք է կարողանան դա անել ազատ՝ առանց վախենալու, որ տուն վերադառնալուն պես բռնության կենթարկվեն»,- ասել է նա:
Մակրիսի խոսքով՝ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների լուծմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Դրա համար էլ, ըստ նրա, վերջին շաբաթներին ԱՄՆ-ը բարձր մակարդակի դեսպաններ ուղարկեց Հայաստան և Ադրբեջան, ինչպիսիք են Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենտը:
«Միացյալ Նահանգները կիսում է այն տեսակետը, որ այս հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել: Ստատուս քվոն անթույլատրելի է: Միացյալ Նահանգները հավատարիմ է կողմերի հետ աշխատել՝ երկարաժամկետ եւ խաղաղ լուծում գտնելու համար, որը հիմնված կլինի մասնակից պետությունների կողմից ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքների վրա, ինչպես որ ամրագրված է Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- ասել է Մակրիսը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ