«Ինձ ձեր ուսանողական խորհրդի նախագահն առաջարկում է`գնալ կաբինետում խոսել, ես հրաժարվում եմ, որովհետեւ, կարծում եմ, որ այս խոսակցությանը բոլորդ պետք է մասնակից լինեք: Ու կուլիսային որեւէ խոսակցություն էլ չի կարող լինել, ինչը բնորոշ է եղել ձեր ուսանողական խորհրդին`տարիներ շարունակ»,- այսօր ԵՊՀ-ում ուսանողներին այսպես դիմեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի պաշտոնակատարը ԵՊՀ-ում մասնակցում էր Արեւելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի միջոցառումներին, իսկ ուսանողները նախարարին ցույցով դիմավորեցին: Նրանց չի բավարարում ԿԳ փոխնախարարի հրամանը`ուսխորհուրդները լուծարելու եւ վերակազմավորելու մասին:
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ իր կամ իր թիմի ղեկավարման տարիներին «նման բան» չի եղել ու ներկայացրեց իրենց բողոքը, որն ուսանողների կարծիքով հակասական բաներ է իր մեջ պարունակում եւ ուսանողների շրջանում լարվածություն է առաջացրել: Նախարարն ասաց`մասամբ է տեղյակ, խնդրով փոխնախարարն է զբաղվում, բայց ինքը կուսումնասիրի. «Չեմ կարծում, որ որեւէ հակասական բան կարող է լինել: Կարծում եմ, որ քննարկումների միջոցով այդ հարցը կլուծվի»:
Նախարարի պաշտոնակատարն ու ցուցարար-ուսանողները պայմանավորվեցին, որ ուսանողների պատվիրակությունը փոխնախարարի հետ առանձին կքննարկեն հարցը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ