«Ես չեմ կարծում, որ հետեւությունները պետք է արվեն այս կամ այն հայտարարությունից ելնելով, որովհետեւ քաղաքականությունը`լինի դա եւ ներքին, եւ արտաքին, մանավանդ տարածաշրջանային քաղաքականությունը, դա դինամիկ գործընթաց է»,- այսօր ԵՊՀ-ում, Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց նախագահ Արմեն Սարգսյանը: Պարոն նախագահից հետաքրքրվել էինք`ի՞նչ հետեւությունների է հանգել վերջերս ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցից եւ Հայաստանում արված բավական ոչ դիվանագիտական հայտարարություններից, նաեւ`թե ամերիկյան պատժամիջոցները Իրանի նկատմամբ տարածաշրջանում ինչ իրավիճակ կստեղծեն եւ հայ-իրանական հարաբերություններն ինչպե՞ս կզարգանան: Նախագահը նկատում է, որ տարածաշրջանը շատ ավելի մեծ է`ԱՄՆ-Եվրոպա, ԱՄՆ-ՌԴ:
«Անձնապես ես պարոն Բոլթոնին չեմ հանդիպել, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում չէի, ընդհակառակը, ԱՄՆ-ում էի, բայց ես կարծում եմ, եւ խորհուրդ եմ տալիս, որ շատ արագ հետեւությունների չգանք, որովհետեւ գործընթացներն իրենք արագ են եւ փոփոխական: Պետք է սպասենք եւ տեսնենք, թե մոտակա ժամանակաշրջանում ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ