Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը` Բաղրամյան 26 վերադառնալու մասին

Նոյեմբեր 09,2018 13:35

«Ես կարծում եմ, սա նոր Հայաստանի նոր քայլերն են: Եվ ես կարծում եմ, որ ճիշտ է գնահատականը, որ մեր երկիրը պետք է առաջ գնա, որովհետեւ բոլորս միասին`վարչապետը, նախագահը, ԱԺ-ն, բոլորս պետք է համագործակցենք եւ աշխատենք մեկ նպատակի համար»,- այսօր ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Բաղրամյան 26-ի նստավայրը նորից վերադարձվեց նախագահին:

Հիշեցնենք, երեկ կառավարությունը նման որոշում կայացրեց: Նախագիծը դեռ խորհրդարանի կողմից պետք է հաստատվի:

«Իհարկե, նախագահի համար, անձնապես ինձ համար, թե ո՞ր շենքում կաշխատեմ`կարեւոր չէ»,- ասաց Արմեն Սարգսյանը`հավելելով, որ դա աշխատակիցների համար է կարեւոր, զուտ աշխատանքի հարմարավետությամբ պայմանավորված: Նա նշեց, որ Մաշտոցի 47-ու գտնվող նախագահի նստավայրը շատ լավ եւ հոյակապ շենք է, շատ լավ հարեւանությամբ`Մատենադարանի, բայց աշխատակիցների համար հարմար չէ`ջեռուցման, հովացման եւ այլ առումներով պայմանավորված: Այդ շենքը, Արմեն Սարգսյանի կարծիքով, լավ շենք է եւ ապագայում կարող է ծառայել այլ նպատակի, մինչդեռ Բաղրամյան 26-ի նստավայրը աշխատակիցների համար հարմարավետ է. «Եվ ես ուրախ եմ դրա համար: Ես պատրաստ եմ եւ ԱԺ-ի, եւ կառավարության, եւ վարչապետի հետ լուրջ համագործակցության`ի շահ մեր երկրի»: Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքը, համենայնդեպս, որեւէ կերպ չի փոխվի նրանից, թե որ շենքում է աշխատելու:

Խոսելով Հայաստանի ընտրած ճանապարհի մասին, նախագահն ասաց, որ դրա գնահատականը ժամանակը եւ ժողովուրդը կտան, բայց իր համոզմամբ, Հայաստանի վարկանիշն այսօր շատ բարձր է աշխարհում. «Յուրօրինակ երկիր ենք, որովհետեւ դրամատիկ փոփոխություններ ենք արել`շատ քաղաքակիրթ ձեւով: Դրան կարող եք տարբեր անուններ տալ`թավշյա հեղափոխություն, սիրո հեղափոխություն, նոր Հայաստան, բայց իրականում հետեւյալն է արդյունքը`Հայաստանում մենք դրամատիկ փոփոխություններ ենք արել`շատ մարդկային ձեւով, առանց արյան, առանց հակամարտության, առանց որեւէ մեծ դժբախտության: Եվ սա գնահատվում է աշխարհի կողմից: Գնահատվում է նաեւ հայ ժողովրդի կողմից`սկսած նաեւ Սփյուռքից: Շատ էական է սա, որովհետեւ, այսօր, կարծում եմ, Սփյուռքը ավելի ներգրավված է`նախ, գուցե ֆեյսբուքով, երկրորդ`գուցե էմոցիոնալ: Եվ, իհարկե, բոլորիս առջեւ խնդիր է դրված, թե ինչպե՞ս այդ կապվածությունը, դրական զգացումները, սպասումները իրականություն դարձնենք: Եվ այստեղ նորից գալիս ենք նույն խնդրին`պետք ունենք բոլորի համագործակցությանը`յուրաքանչյուր հայի`Արցախում, թե դրսում, թե բարձրաստիճան պետական ծառայողների»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930