Մամուլում ասվում էր, որ ՀԱԿ կուսակցությունը պատրաստվում է դաշինք կազմել ՔՊ–ի հետ, հետո տեղեկություն տարածվեց, թե դաշինք չեն կազմի, բայց ՀԱԿ անդամները կներգրավվեն ՔՊ–ի նախընտրական ցուցակում:
Հարցի մասին պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի հետ:
ՔՊ–ի ցուցակով ՀԱԿ անդամների ընտրությանը մասնակցելու հանգամանքը նա «մուտիլովկա» համարեց՝ ցավով նշելով, որ այդ բառի հայերեն համարժեքն ինքը չի հիշում: «Այս պահին գրագետ մարդկանց հետ ենք նստած, բոլորն էլ ասացին, որ այդ բառի հայերեն համարժեքը չեն կարողանում գտնել»,– ասաց Զ. Թադևոսյանը և հավելեց, որ լրատվամիջոցներից մեկը մի սուտ լուր է գրել, մյուսներն էլ այդ սուտը տարածել են ու տպավորություն ստեղծել, թե դա իրականություն է:
Դիտարկմանը, թե սուտը սովորաբար անորոշությունից է ծնվում և նման ստերի դեմն առնելու համար հարկավոր է ընդամենը պատասխանել հարցերին, որպեսզի ո՛չ լրագրողների համար մութ հարցեր մնան, ո՛չ հասարակության մոտ, ՀԱԿ անդամը պատասխանեց. «Ցանկացած կուսակցության վարքագծի դրսևորման քաղաքակիրթ ձևը հայտարարություն տարածելն է: Եվ եթե մինչև հիմա դուք նման հայտարարության դեռ չեք հանդիպել, ուրեմն, դեռևս որոշում չի կայացվել: Այդ պարագայում, որևէ կուսակցական որևէ բան ասելու իրավունք չունի: Դա կուսակցական կարգապահություն է: Մենք չենք կարող ասել՝ քննարկվում է, չի քննարկվում, ինչ լուծում կստանա»:
Տիկին Թադևոսյանը նաև նշեց, որ իրենց կուսակիցներն էլ են տարակուսանքի մեջ հայտնվել՝ կարդալով մամուլի հրապարակումները, բայց նա բացառեց, որ այս կամ այն ՀԱԿ–ական կարող է ներգրավված լինել ՔՊ–ի ցուցակում:
«Դա «ֆեյքերի» մուտիլովկան է: Այս պահի դրությամբ ես 100 %–ով բացառում եմ, որ ՀԱԿ կուսակցության որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված լինի: Եթե նման բան լինի, ապա դա կնշանակի, որ կուսակցության անդամ չէ, քանի որ ընտրությունը քաղաքական միջոցառում է: Ուստի անպայման կուսակցության որոշում պետք է լինի, անգամ այն դեպքում, երբ մեկ կուսակցական անդամ ներգրավվում է մեկ այլ կուսակցության ցուցակում: Եթե նման որոշում դեռ չկա, բայց որևէ կուսակցական նման քայլ իրականացրած լինի, ապա դա կնշանակի, որ ինքն այլևս չպետք է այդ կուսակցության անդամ լինի, քանի որ չի հարգել կուսակցության որոշումը: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին որոշման հրապարակմանը, ապա կարծում եմ, որ եկող շաբաթվա սկզբին պարզ կլինի, թե ՀԱԿ–ն ինչ որոշում է կայացրել»,– ասաց Զ. Թադևոսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում