Ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո յուրաքանչյուր քաղաքացի ակնկալում է փոփոխություն նաեւ իր կյանքում։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Ջուսի հետ պարզելու, թե ինչ փոփոխություններ են տեղի֊ ունեցել երգարվեստի ներկայացուցիչների կյանքում Նոր Հայաստանում։
– Արդյոք նոր Հայաստանն այնպիսին է, ինչպիսին դուք ցանկանում էիք տեսնել։
– Դե, հեղափոխությունից մի քանի ամիս է անցել, քիչ ժամանակ է անցել։ Միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ թանկանում է։
– Օրինակ՝ ի՞նչն է թանկացել, որը Ձեզ անհանգստացրել է։
– Դե միշտ մայրս է մեր տան առեւտուրն անում, գիտեմ, որ առաջնային անհրաժեշտության մթերքները թանկացել են։ Գուցե պետք է բյուջեն լցնե՞ն…։ Ասում են՝ աշխատավարձերը, թոշակները կբարձրանան…, տեսնենք։
– Նոր Հայաստանում նոր իրավիճակ է, նոր բարքեր են։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն որոշել է հարկային դաշտում ներգրավել նաեւ շոու բիզնեսի ներկայացուցիչներին։ Սպասելի՞ որոշում էր ձեզ համար, դե՞մ եք, թե՞ կողմ։ Կվճարե՞ք հարկեր։
– Հարկ մուծելուն կողմ եմ, բայց եթե դա, օրինակ, որեւէ ընկերություն է կազմակերպում համերգը եւ հենց նա էլ վճարի հարկը։ Կամ, օրինակ, ես մենահամերգ եմ տալիս համալիրում, ես դրանից պետք է վճարեմ հարկ։ Այսինքն՝ եթե լինում են գրանցված համերգներ, ապա հարկը վճարելը պարտադիր է։ Սակայն եթե դա այլ առիթ է, օրինակ՝ ծնունդ, կնունք կամ հարսանիք, ապա ինչպե՞ս պետք է վճարել կամ ՀԴՄ կտրոն տրամադրել, էդ գործընթացը չի վերահսկվում, չի երեւում, թե ով ինչքան գումար է ստանում։ Լինում է, երբ առանց գումարի, ընկերական ենք երգում։. Ի դեպ, լուրեր են պտտվում, որ երգիչները շատ գումարներ են վաստակում, օրինակ՝ մի երգի համար 3000 ԱՄՆ դոլար են վերցնում, բայց Հայաստանում չկա նման բան։ Լինում է, երբ երգի համար վերցնում են հիսուն հազար դրամ։ Ժողովուրդը չի կարող շատ գումար տրամադրել, հատկապես, որ հարսանիքները վարկով են անում։ Իսկ Հայաստանից դուրս իհարկե լինում են հարսանիքներ, որոնք արդեն թանկ են վճարվում, օրինակ 25000-ից մինչեւ 50 հազար դոլար են վերցրել։
Զրուցեց Նատալյա ՊՈՂՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում