Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միհրան Հակոբյան. «Կաթողիկոսի նկատմամբ ուրիշ ի՞նչ հարձակում պետք է լինի, որ մտածենք նրա անվտանգությունն ապահովելու մասին». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 09,2018 12:54

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ներկայացրեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը՝ առաջարկելով այն ներառել Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգ։ Նախագծով առաջարկվում է օրենքով երաշխավորել Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ նախագահինը, վարչապետինը, հանրապետության նախագահինը: Մինչդեռ կաթողիկոսի անվտանգությունն այժմ ապահովվում է վարչապետի հայեցողությամբ:

Սակայն, հիշեցնենք, կառավարությունը մերժեց այն՝ բացասական եզրակացություն տալով: Փաշինյանն էլ կարծիք հայտնեց, թե ընդհանուր առմամբ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետեւ կառավարությունն ի վիճակի է ապահովել Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունը: Նաեւ հավելեց, թե պետք չէ տպավորություն ստեղծել՝ իբրեւ Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանը ինչ-որ բան է սպառնում։

Մինչդեռ նախագծի հեղինակ պատգամավոր Միհրան Հակոբյանը համաձայն չէ վարչապետի հայտնած տեսակետին: Ըստ նրա՝ հաշվի առնելով վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի անձի նկատմամբ ոտնձգությունները՝ օրենսդրական նախաձեռնության ընդունումը անհրաժեշտություն է, յուրաքանչյուր հայ քրիստոնյա պետք է գիտակցի դա ու իր հավանությունը տա օրինագծով նախատեսված դրույթին.  «Օրինագիծը միտված է նրան, որ օրենքով կարգավորենք Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունը, եւ որ այն կախված չլինի որեւէ անձի որոշումից, հայացքներից: Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունը բացի նրանից, որ սահմանադրական նորմ է, նաեւ մեր ժողովրդի եւ պետության հոգեւոր, մշակութային կյանքի, ինքնության պահպանության երաշխիք է: Ուստի այդ գերակայությունը հաշվի առնելով՝ մենք կարող ենք օրենքում լրացուցիչ դրույթ ավելացնել, եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողքին նաեւ կաթողիկոսի անձի պաշտպանությունը նախատեսենք: Վարչապետի պաշտոնակատարն ասում է, թե նա բարձրաստիճան պետական պաշտոնյա չէ, բայց ոչ պակաս կարեւոր գործառույթ է իրականացնում մեր պետության համար եւ առաքելություն, ոչ պակաս կարեւորություն ունի երկիրը ներկայացնելու հարցում: Այնպես որ բոլոր հակադարձումներն ու հակափաստարկները հիմնավորված չեն»:

Պատգամավորը անդրադառնալով կառավարության ղեկավարի այն փաստարկին, թե կաթողիկոսի անձն օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն այսօր մեր երկրում չկա, հակադարձեց՝ վերջին ամիսներին եղածից առավել վտանգավոր ի՞նչ պետք է լիներ, որ կառավարությունը դիտարկեր նախագիծն ընդունելու նպատակահարմարությունը:

Եկեղեցու դեմ հակաքրիստոնեական արշավ սկսած նախաձեռնության անդամներն անգամ կաթողիկոսին մարմնական վնաս հասցնելու փորձեր են արել, արդյոք դա արդեն լուրջ ահազանգ չէ՞ կառավարության համար, որ հարկավոր է շուտափույթ միջոցներ ձեռնարկել, նման փորձերն այսուհետ կանխելու համար: Մանավանդ որ այդ սպառնալիքը չի վերացել, եւ նախաձեռնությունը շարունակում է անպատիժ իր հակապետական, հակաեկեղեցական գործունեությունը. «Բոլորս էլ ականատես ենք եղել ոտնձգությունների տեսարաններին, գիտենք, որ այդ փորձերը շարունակվում են, քանի դեռ անօրեններին սաստող չկա: Կաթողիկոսի նկատմամբ ուրիշ ի՞նչ հարձակում պետք է լինի, որ մտածենք նրա անվտանգությունն ապահովելու մասին:

Սպասում ենք մահափո՞րձ իրականացնեն՝ կրակելով նրա ուղղությամբ կամ պայթեցնելով, այլ բան չի մնացել անելու: Եվ կառավարությունն իր անգործությամբ, օրենքի նախագիծը մերժելով կարծես թե խրախուսում է դա: Անգամ աթեիստական Խորհրդային միությունը Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղեկցող ոստիկանական մեքենա էր տրամադրում, բայց մեր երկրի իշխանությունները որոշեցին, որ դրա անհրաժեշտությունն էլ չկա»:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930