Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է սրբագրել նախորդի աղմկահարույց որոշումները։ Մասնավորապես, գործադիրը ցանկանում է օրենսդրությամբ սահմանել, որ այսուհետ կառավարության նիստերն անցկացվելու են դռնբաց։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որտեղ, ի թիվս այլ առաջարկների, նշված է. «Կառավարության նիստերը դռնբաց են։ Վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ»։
Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը, ընտրվելով վարչապետ, հայտարարեց կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու մասին, եւ այս ամիսներին հենց այդպես էլ եղել է։ Բայց հիմա, փաստորեն, Փաշինյանի կառավարությունը որոշել է իր գործունեությունը թափանցիկ դարձնել նաեւ օրենսդրորեն՝ խորհրդարանին առաջարկելով փոխել աղմկահարույց դրույթը։
Միայն թե, նկատենք, նախորդ կառավարությունը նման մեկ այլ փոփոխություն էլ արել էր «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում՝ ավագանու նիստերի ժամանակ սահմանափակելով լրագրողների մուտքը դահլիճ։ Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք այդ սահմանափակումները չեն գործում։ Ու տրամաբանությունը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է հանդես գա նաեւ այս օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ՝ վերացնելով անհարկի օրենսդրական սահմանափակումները։ Հուսանք՝ շատ կարճ ժամանակում հերթը նաեւ սրան կհասնի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում