Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը գնում է Լատինական Ամերիկայի, ոչ թե գունավոր հեղափոխությունների ճանապարհով. Foreign Policy

Նոյեմբեր 09,2018 12:02

Քանի դեռ աշխարհում ավտորիտարիզմը թվում է, վերածնվում է, Հայաստանի 2018թ. թավշյա հեղափոխությունը երկիրը դրեց կայուն ժողովրդավարության ուղու վրա: Եվ շարժումն այդպես արեց ոչ թե դասեր քաղելով մոտ հարևան հետխորհրդային երկրներից, այլ ավելի շուտ հետևեց մոտ 40 տարի առաջվա Լատինական Ամերիկայի երկրների հետագծին, ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականում գրում է «Սթոնհիլ Քոլիջ»-ի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Աննա Օհանյանը:

Մինչև այս տարի Հայաստանը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, որն իշխանությունը ստանձնեց միանգամայն վիճահարույց և բազմաթիվ բողոքների պատճառ դարձած 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքում: Սարգսյանը վերընտրվեց 2013թ., իսկ հետո, երբ մոտենում էր նրա երկրորդ ժամկետի ավարտը, հայտարարեց, որ նորաստեղծ խորհրդարանական համակարգում կմնա որպես երկրի վարչապետ: Նրա՝ իշխանությունը պահելու շուրջ զայրույթը արագ եռաց և շուտով հանգեցրեց Հայաստանի փողոցներում Սարգսյանի հրաժարականի կոչերին: Ցույցերը տարածվեցին, երբ խորհրդարանի ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց՝ երթերի կազմակերպման և ղեկավարման գործում ունեցած դերի համար: Նա շուտով ազատ արձակվեց, և ապրիլի 23-ին Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Անցել էր միայն խաղաղ ցույցեր և քաղաքացիական անհնազանդություն 11 օր: Խորհրդարանում քվեարկության մի քանի փուլից հետո Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

Գալով իշխանության՝ Փաշինյանը և նրա վարչակազմը ստիպված էին աշխատել խորհրդարանի հետ, որտեղ դեռ գերակշռություն ունեին Սարգսյանի Հանրապետական կուսակցության անդամները, շարունակում է հոդվածագիրը: Այդ կուսակցությունը հասարակության շրջանում ընկալվում է որպես ոչ լեգիտիմ` կապված պարբերական ընտրակեղծիքների հետ:Այսպիսով,հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական տվեց՝ դեկտեմբերի կեսերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Նրա «Ելք» դաշինքը,ակնկալվում է, որ ձայների մեծամասնություն կունենա ընտրություններում, ինչի արդյունքում Փաշինյանը՝ որպես վարչապետ, կվերադառնա իշխանության, այս անգամ ավելի բարեկամական (թերևս ավելի վստահելի) օրենսդիր մարմնի հետ:

Իր բոլոր փուլերում Հայաստանի թավշյա հեղափոխությունը համեմատաբար քիչ ընդհանուր բան ունի հետխորհրդային գունավոր հեղափոխությունների հետ: Ավելի շատ այն նման է 1970-1980-ականների Լատինական Ամերիկայի պետություններին, որտեղ ռազմականից անցում էր կատարվում քաղաքացիական իշխանության: Ինչպես այդ պետություններում, Հայաստանում էլ հեղափոխությունը չէր ղեկավարվում էլիտաների կողմից, և ծավալվեց երկրի հաստատությունների միջոցով, ոչ թե դրանց դեմ:

Նախ, Հայաստանի թավշյա հեղափոխությունը դարձավ մեկ տասնամյակ տևած, հիմնականում ոչ քաղաքական խաղաղ ցույցերի (մարդու իրավունքներ, կանանց իրավունքներ, բնապահպանություն, գործազրկություն) գագաթնակետը:

Հայաստանում տեղի ունեցածը համեմատելով 1970-80-ականների հեղափոխությունների հետ՝ հեղինակը գրում է, որ սրանք խիստ հակադրվում են հետխորհրդային գունավոր հեղափոխություններին, որոնք հաճախ հանկարծակի էին ղեկավարվում էին ռեֆորմիստական վերնախավերի կողմից, վերջիններս էլ իրենց հերթին հենվում էին արտաքին խաղացողների, հատկապես Եվրամիության և Միացյալ Նահանգների վրա: Վրաստանի 2003թ. «Վարդերի հեղափոխությունը», օրինակ, նույնպես զանգվածային բողոքների արդյունք էր, սակայն իրականում հետևանք էր վերևում հավատի կորստի, և ոչ թե մղված էր ներքևից: Հեղափոխության վերևից ներքև բնույթը թույլ տվեց դրա առաջնորդներից մեկին`Միխեիլ Սահակաշվիլին, որը բողոքների ավարտից հետո ընտրվեց որպես նախագահ, ուժեղացնելու իշխանության գործադիր ճյուղը`առանց դիմադրություն ստանալու հիմնականում զիջող խորհրդարանական ուժերից:

Թավշյա հեղափոխության շեշտադրումը կոնսենսուսի կառուցման վրա նույնպես ավելի շատ ընդհանուր բան ունի Լատինական Ամերիկայի, քան գունավոր հեղափոխությունների հետ: Փաշինյանը մի կողմից խորհրդարանում բանակցություններ էր վարում տարբեր խմբակցությունների հետ վարչապետի օգտին քվեարկելու համար, մյուս կողմից նա աշխատում էր ինչպես քաղաքացիական հասարակության շարժումների, այնպես էլ արտախորհրդարանական խմբերի հետ`արտահերթ ընտրությունների անցկացման համար աջակցություն ստանալու համար:

Մինչդեռ Վրաստանում «Վարդերի հեղափոխության», Ղրղըզստանում «Կակաչների հեղափոխության» և Ուկրաինայում «Նարնջագույն հեղափոխության» ժամանակ շատ քիչ քայլեր էին ձեռնարկվում կոնսենսուսի կառուցման համար, բարեփոխիչները հիմնականում իրենց հակառակորդներին լիարժեք կերպով դուրս էին մղում կառավարման համակարգից:

Թավշյա հեղափոխության ևս մեկ առանձնահատկություն այն է, որ այն ծավալվեց գոյություն ունեցող սահմանադրական կարգի շրջանակում, այլ ոչ թե դրա դեմ: Թավշյա հեղափոխությունն իշխանափոխության ճանապարհին ակնհայտորեն և հետևողականորեն պահպանեց հայաստանյան սահմանադրական դրույթները: Առավել տպավորիչ օրինակ է այն, որ Փաշինյանն ընտրվեց միայն խորհրդարանի կողմից ժամեր տևած հարցուպատասխանից հետո:

Նմանապես, Լատինական Ամերիկայում ժողովրդավարական շարժումների մեծ մասը վերականգնել են նախորդ սահմանադրական կարգերը, որոնք ընդհատվել էին ռազմական կառավարությունների կողմից: 1970-1980-ականների անցումների ժամանակ շատ քիչ առաջնորդներ են փորձել փոխել իրենց երկրների սահմանադրությունները`իրենց իշխանությունը հավերժացնելու համար: Ընդհակառակը, Վրաստանի նախագահ ընտրվելուց հետո, Սաակաշվիլին անմիջապես ներկայացրեց սահմանադրական փոփոխությունները, որոնք իշխանությունը կենտրոնացրին գործադիր ճյուղի ձեռքում: Նման գործողությունները խարխլեցին հեղափոխությունը և թուլացրին Վրաստանի նորաստեղծ ժողովրդավարությունը:

Այլ կերպ ասած, Հայաստանի համար լավ է, երկիրը գնում է ավելի շուտ Լատինական Ամերիկայի ճանապարհով, քան նախկին խորհրդային պետությունների, շարունակում է հոդվածագիրը: Ինչպես Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Հայաստանում, թավշյա հեղափոխության ղեկավարները արդեն փորձել են հաջող զանգվածային մոբիլիզացիան վերածել կայուն քաղաքացիական ներգրավվածության: Երաժշտության և պարի միջոցով փողոցները փակելու, բոյկոտելու, անվտանգության ուժերի հետ բանակցելու փորձը օգնեց մասնակիցներին դարձնել խաղացողներ, և այդ խաղացողներն արդեն երթեր են կազմակերպում տապալելու մեկ այլ ցածր հեղինակություն ունեցող գործչի՝ կոռումպացված քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հայաստանն, իհարկե, կարծես թե ճիշտ ուղու վրա է, բայց դեռ խնդիրներ կան: Երկրի տնտեսությունը 2008թ.համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում անկումից հետո վերականգնվել է՝ 2017 թ. գրանցելով ՀՆԱ 7.5 տոկոս աճ՝ վերջին տասնամյակի ամենաբարձր ցուցանիշը: Սակայն երկրի աղքատության մակարդակը մնում է բարձր` որոշ հաշվարկներով 30 տոկոս: Հայաստանի մասնավոր հատվածը նույնպես բարեփոխումների կարիք ունի: Որպես առաջին քայլ, ներկայի կառավարությունը կոռուպցիոն հետաքննություն է սկսել կառավարության հետ կապված օլիգարխների դեմ:

Մեկ այլ մարտահրավեր է այն, որ Արևմուտքը հապաղում է իր աջակցությունը ցույց տալ նոր կառավարությանը, թվում է՝ փոխարենը ցանկանում է սպասել և տեսնել: Դա իր հերթին ստիպում է կառավարությանը ճնշման տակ շարունակել աշխատել նույն հին տնտեսական էլիտայի հետ:

Հայաստանի համար բարդություններ է առաջացնում նաև իր տարածաշրջանը, որտեղ Ռուսաստանը հարություն է առնում: Հանրահավաքների հենց սկզբից Փաշինյանը հայտարարում էր, որ շարժումը ո՛չ արևմտամետ է, ո՛չ էլ ռուսամետ, այլ ունի հիմնականում ներքաղաքական, սոցիալական և տնտեսական բնույթ: Հեղափոխության ընթացքում Ռուսաստանի կողմից ուղղակի միջամտություն չեղավ, չնայած որ դարանակալած իշխանական էլիտան փորձում էր ներքաշել Ռուսաստանին: Իսկ արդեն վերջերս Կովկաս կայացած այցի ընթացքում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հրավիրեց Հայաստանին վերանայել իր պատմական և ռազմավարական դաշինքը Ռուսաստանի հետ և միանալ Միացյալ Նահանգներին `մեկուսացնելով Իրանը՝ միակ երկիրը, որի հետ Հայաստանն ունի բաց սահման:

Բայց Հայաստանը դեռ պետք է զգույշ լինի: Նրա անցումը ժողովրդավարության փոխել է տարածաշրջանային հյուսվածքը՝ առնվազն հարևան Վրաստանի հետ ստեղծելով փոքրի ժողովրդավարական դաշինք: Երկու երկրները պետք է միասին աշխատեն, ինչպես որ ցույց է տալիս Լատինական Ամերիկայի փորձը: Այն, որ Լատինական Ամերիկայի երկրները կարողացան զսպել Միացյալ Նահանգների կայսերական ազդակները, արդյունք էր միայն համախմբման, եզրափակում է Աննա Օհանյանը:

 

Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930