Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Հովհաննիսյան. «Մեր կարծիքով դա հակասահմանադրական է, որովհետև այս նախագծով արգելվում է հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու սահմանադրական իրավունքը». «Իրատես»

Նոյեմբեր 09,2018 11:39

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի այն նախագծին, որով սահմանվում է օրենքով երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունն այնպես, ինչպես ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Այսօրվա գործող օրենքով Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն իրականացվում է վարչապետի հայեցողությամբ: Կառավարության բացասական եզրակացությունը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրությամբ եկեղեցին և կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Ըստ այդմ, կաթողիկոսի անվտանգության ապահովումը վարչապետի հայեցողությամբ պետք է իրականացվի։ Ի դեպ, նախագծի մյուս դրույթով պատգամավորն առաջարկում էր «արգելել հավաքները սեփականության կամ վարձակալության իրավունքով կրոնական կազմակերպություններին պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը»։ Արդարադատության փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք։

-Պարոն Հովհաննիսյան, ինչու՞ է կառավարությունը բացասական եզրակացություն տվել այս նախագծին և որոշել չապահովել կաթողիկոսի, այսպես ասած, մշտական անվտանգությունը։

-Մեր կարծիքով դա հակասահմանադրական է, որովհետև այս նախագծով արգելվում է հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու սահմանադրական իրավունքը։ Այս սահմանադրական իրավունքը կարող է սահմանափակվել, եթե այլոց իրավունքներին անհամաչափ սահմանափակումներ են առաջ բերվում։ Հավաքների կազմակերպման, մասնակցության իրավունքը գերակա է մյուս իրավունքներին։ Շատ կարևոր է նաև այս հարցում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրումը։ Եվրոպական դատարանն էլ թույլ չի տալիս կամայականորեն արգելել այս կամ այն հավաքը։ Իսկ կրոնական կազմակերպությունների հետ կապված Եվրադատարանն ասում է՝ այո, դու կարող ես արգելել հավաքը, եթե դրանով խախտվում է մյուս անձի դավանանքի իրավունքը։ Այսինքն, ենթադրենք մուսուլմանը ինչ-որ տեղ նամազ է անում, մեկը գալիս է այդտեղ ու հավաք է անում, թույլ չի տալիս, որ նա աղոթի։ Այստեղ ոստիկանությունը գործուն միջոցներ պետք է ձեռնարկի։ Բայց օրենքով գրել, որ ի սկզբանե արգելվում է, նույնիսկ մտքներով չանցկացնեն, որ այս տարածքում հավաք կարելի է անել, կարծում եմ, հավաքի անցկացման իրավունքին հակասում է։

-Այս նախագիծը նախապատմություն ունի։ Մենք տեսանք, թե հեղափոխությունից հետո ինչպես ոմանք ներխուժեցին Մայր աթոռի դիվանատուն, ինչպես օրեր շարունակ այնտեղ վրաններ խփած ցույց էին անում. մի՞թե սա նույն Եվրադատարանի իրավունքի ուղղակի օրինակ չէ, երբ պետք է արգելել հավաքը, երբ աղոթքին խանգարող հանգամանքներ կան։ Մայր աթոռը աղոթատեղի չէ՞։

-Նման դեպքեր հնարավոր են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև մասնավոր սուբյեկտի տարածքում, երբ հավաքի ժամանակ խախտվում են մարդկանց իրավունքները։ Մենք դեպքի համար պետք է անհատական մոտեցում ցուցաբերենք, իսկ ոստիկանությունն էլ արագ արձագանքի։

Զրուցեց

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Իրատես» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930