Հայտնի մարդիկ շարունակում են միանալ #SaveAmulsar արշավին։ Վարդան Պետրոսյանը նույնպես տեսաուղերձ է հղել իպաշտպանություն Ամուլսարի, որում նա ներկայացրել է իր զգացողություններն ու կոչը․
«Ես կարծում եմ, որ Աստված մարդուն և բնությանը ստեղծել է այնպես, որ նրանք իրար հետ ապրեն հաշտ, խաղաղ, իրար սիրելով, իրար փայփայելով։
Եվ ես գիտեմ, երբ մարդը բնության հետ ապրում է այդպես՝ փայփայելով բնությանը, սիրելով այն, նա բնությունից ստանում է շատ մեծ պարգևներ, շատ-շատ մեծ պարգևներ։ Բնությունն ամեն ինչ ունի մարդուն տալու, շռայլորեն մարդու տալու, միայն թե նա պահանջում է իր նկատմամբ բարի և սիրով լի վերաբերմունք։ Ամուլսարի հետ կապված ես ուզում եմ ասել, որ այստեղ գործ ունենք շատ վտանգավոր գործոնի հետ։ Մենք գործ ունենք ոչ միայն այսօրվա, այլև վաղվա Հայաստանի պատմության, այլև Հայաստանի ճակատագրի հետ։ Դրա համար ես կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր պատասխանատու են այս հարցում, վերանայել իրենց վերաբերմունքը, զգույշ լինել, հասկանալ այն պատասխանատվությունը, որ իրենք կրում են այս հարցում, այն պատասխանատվության բեռը որ իրենք կրում են իրենց ուսերին։
Ամուլսարն ու Ամուլսարի ոսկին միայն այսօրվա շահը չի, այսօրվա կոպեկները չեն, այսօրվա փոքրիկ հարստությունը չի։ Դա միայն այն չէ, ինչ որ ասում են այսօր, այսօրվա եկամուտներն ու շահը չի, դա նաև վաղվա վտանգված օրն է։
Ես նորից եմ կոչ անում վերանայել մեր կեցվածքը Ամուլսարի հետ կապված։ Վերանայել և զգալ այն պատասխանատվությունը որ մենք զգում ենք Ամուլսարի հետ կապված, մեր բնության հետ կապված։
Հայաստանը աշխարհագրորեն փոքր երկիր է, փոքր տարածք ունի, և մենք չենք կարող մեզ թույլ տալ մեծ իմպրովիզացիաներ։ Մեծ տարածքի երկիր չենք, էստեղ էլ մի փոքր սխալվեցինք, էնտեղ էլ մի փոքր սխալվեցինք, այդպիսի սխալները իսկապես կարող են ճակատագրական լինել։
Վաղուց արդեն փորձել եմ միշտ թև ու թիկունք լինել մեր բնապահպաններին, երիտասարդ իմ շատ սիրելի բնապահպաններին, որոնք շատ դեպքերում անգամ վտանգել են իրենց կյանքը, կռիվ են տվել, նստել են դուրս են եկել, էլի են կռիվ տվել, ընկել են ոտքի են կանգնել, բայց միևնույն է կարողացել են հասնել հաղթանակի՝ իրենց համառության, մեր հայ ժողովրդի, հայ պատմության և բնության նկատմամբ իրենց նվիրական սիրով։ Այդպիսինն են նրանք այսօր, և ես իմ զորակցությունն եմ հայտնում նրանց Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված։ Մենք կանգնած ենք շատ վտանգավոր եզրագծի առաջ, մենք իրավունք չունենք չմտածելու վաղվա մասին։ Ամուլսարի հանքի շահագործումը իսկապես կարող է շատ վտանգել վաղվա օրը»։
https://www.facebook.com/armecofront/videos/2155971477958210/
#SaveAmulsar արշավը շարունակվում է։ Միանալու համար հայտնի մարդիկ կարող են տեսանկարել իրենց ուղերձն ու տեղադրել համացանցում: Արշավին արդեն միացել են մի շարք հայտնի հայեր (տես այստեղ)։
Շարունակելի…
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն