Վերջին օրերին ակտիվացել են քննարկումները քաղաքական ոչ իշխանական ուժերի միջև առ այն, թե ով կանցնի խորհրդարան, ով ավելի շատ տոկոսներ կհավաքի, ով կլինի իրական ընդդիմություն, իսկ ով` ոչ: Ժամանակները փոխվում են, Հայաստանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը գլխիվայր է շրջվել, բայց անցյալից մնացած, ավանդույթ դարձած նախընտրական սյուժեները շարունակում են անփոփոխ մնալ: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, ընտրություններից առաջ ֆավորիտը պարզ է, ու մնացյալ ուժերը մրցում են ընդդիմության, իրական ընդդիմության, թիվ մեկ ընդդիմության տիտղոսի համար:
Ընդդիմության տիտղոսի համար մրցավազքի առաջամարտիկները վերջին օրերին դարձել են Էդուարդ Շարմազանովն ու Էդմոն Մարուքյանը: Շարմազանովը հայտարարում է, որ իրենք են միակ ընդդիմությունը, քանի որ իրենք են միայն այս ամիսներին քննադատել Փաշինյանի կառավարությանը, իրենց են միայն արձագանքում իշխանությունները: Մարուքյանն էլ Շարմազանովին հակադարձում է, որ ընդդիմությունը լինելու են իրենք՝ հեղափոխության ակունքներում կանգնած լինելով հանդերձ: Այս հեռակա բանավեճն էլ, իր հերթին ուղեկցվում է իրար հասցեին հնչող «դուք չեք անցնելու խորհրդարան», «մենք ավելի շատ ենք ձայն հավաքելու» վանկարկումներով:
Նախ, պարոնայք, կլինի՞ գոնե այս անգամ թողնենք, որ քաղաքացին իր քվեով որոշի, թե ով է անցնելու, ինչքան քվե է հավաքելու:
Այլևս այդ որոշման վրա ազդելու հնարավորություն չկա, համենայնդեպս, իշխանությունները քաղաքական երաշխիքներ են տվել այս մասով ու այդ երաշխիքն ամրապնդել Երևանի ավագանու ու դրան հաջորդած մի շարք ՏԻՄ ընտրությունների օրինակով:
Երկրորդ՝ ժամանակն է արդեն ֆիքսելու, որ ընդդիմության խնդիրը ոչ թե իշխանություններին մյուսներից ավելի սուր, հաճախ ու շատ քննադատելն է, այլ այլընտրանքային օրակարգ ու բովանդակություն ունենալը: Սրանով է որոշվում քաղաքական ուժի կշիռը, ինչպես ժամանակին ասում էր Փաշինյանը՝ թիմ, ծրագիր, ինստիտուտ: Հենց այս երեք կոմպոնենտներն են, որ քաղաքական ուժին, անկախ ընդդիմադիր, թե իշխանություն լինելուց, դարձնում է կենսունակ, դարձնում է քաղաքական համակարգը որակապես փոխելու ունակ:
Իհարկե, ինքը՝ Փաշինյանը, այս երեք կոմպոնենտների կայացման ճանապարհով չէ, որ կարողացել է իշխանափոխություն իրականացնել: Ավելին, երբ նույն Շարմազանովը պնդում է, որ իշխանություններին պետք է այնպիսի ընդդիմություն, ինչպիսին Փաշինյանն էր ՀՀԿ–ի համար, ստացվում է, որ մենք պատրաստվում ենք նույն գետը մտնել երկրորդ անգամ, այսինքն՝ ՀՀԿ–ն առաջարկում է անել այն, ինչ Փաշինյանը: Այսինքն, շեղվել թիմ, ծրագիր, ինստիտուտ ձևավորելու երկարաժամկետ մարտավարությունից, առաջնորդվել բացառապես իշխանությանը սուր և հաճախ քննադատելու մարտավարությամբ: Այս մարտավարության ուղիղ հետևանքն է այն, որ հեղափոխությունն իր դրական սպասելիքներով հանդերձ, այս ամիսների ընթացքում չի կարողացել ձևավորել ո՛չ պատշաճ պետական համակարգ, ո՛չ հստակ քաղաքական թիմ, ո՛չ տեսանելի ու շոշափելի քաղաքական ծրագիր:
Հիմա, եթե ընդդիմության համար պայքարը Հայաստանում պետք է ընթանա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին նմանվելու ձգտմամբ, եթե պայքարի առանցքում պետք է լինի արդեն վարչապետ Փաշինյանին շատ կամ քիչ, սուր կամ մեղմ քննադատելը, ապա Հայաստանի քաղաքական համակարգը դատապարտված է դոփել տեղում: Սուր քննադատությունն, իհարկե, ընդդիմություն լինելու, այսպես ասած, պարտադիր էսթետիկ կողմերից է: Բայց բացառապես այդ բաղադրիչի վրա քաղաքական գործունեություն կառուցելը ինքնանպատակ լինելուց զատ հղի է քաղաքական համակարգի առողջացման պրոցեսը վերստին արգելակելու վտանգով: Իշխանության քննադատությունը ընդդիմադիր գործունեության գործիքներից մեկն է միայն, ոչ թե նպատակ: Նպատակը՝ ստեղծել կենսունակ թիմ՝ ստվերային կաբինետի տեսքով, կարևոր հարցերում ունենալ իշխանությանն այլընտրանք հանդիսացող ծրագրեր ու մոտեցումներ: Այլ կերպ ասած, կենսունակ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի պատահական մի առավոտ (ցանկալի է հետընտրական առավոտ) արթնանալու և մեկ-երկու շաբաթվա տեխնիկական–ադապտացիոն շրջափուլից հետո իշխանության ղեկը ստանձնելու, սեփական թիմը ներկայացնելու ու սեփական ծրագիրը օր առաջ կենսագործելու:
Դժվար է ասել՝ ՀՀԿ–ն, ԼՀԿ–ն, ԲՀԿ–ն կամ մեկ այլ ուժ կդառնա՞ն այսպիսի ընդդիմություն, թե՞ ոչ: Բայց լավ կլիներ, որ ընդդիմության տիտղոսի համար պայքարը մղեին հենց այս տրամաբանությամբ, ոչ թե զբաղվեին միմյանց հավանական ձայները հաշվելով, Փաշինյանին ով ավելի շատ ու կոշտ քննադատեց հարցադրմանը պատասխաններ որոնելով:
Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում