Դիլիջանի միջազգային դպրոցում (United World College Dilijan) կայացել է 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի երեք վեպերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Մասնավորապես, ներկայացվել են «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա» գործերը, որոնք հայերեն են թարգմանվել բնագրից՝ գերմաներենից: Գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Վանուհի Բաղմանյանը:
Գրքերի շնորհանդես-քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Դիլիջանի քաղաքապետարանից, գրական ոլորտի ներկայացուցիչներ, ուսուցիչներ և UWC Դիլիջանի ուսանողները:
Գրքերի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը ներկայացրել է շնորհանդես Ռեմարկի և նրա գործերի մասին, պատմել է քիչ հայտնի փաստեր աշխարհում ամենաշատ ընթերցվող ստեղծագործությունների հեղինակի մասին, ինչպես նաև խոսել բնագրային թարգմանությունների առանձնահատկությունների մասին:
Շնորհանդեսի ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել թարգմանչին, ինչպես նաև ծավալել քննարկում՝ գրքերի շուրջ:
«Ինչպես գիտեք՝ մեզ համար շատ կարևոր է, որ մարզաբնակ ընթերցասերն անմասն չմնա մշակութային միջոցառումներից: Դիլիջանի միջազգային դպրոցի՝ նման միջոցառում անցկացնելու հրավերն ընդունեցինք մեծ ուրախությամբ, քանի որ շատ կարևոր ենք համարում այն, որ մշակութային տարատեսակ միջոցառումներ անցկացվեն նաև մարզերում: Մեր հրատարակած միանգամից երեք սիրելի ստեղծագործությունները ներկայացրինք Դիլիջանում՝ առաջացնելով մասնակիցների հետաքրքրությունը»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը՝ հավելելով, որ հրատարակչությունը շարունակելու է մեծացնել մարզային միջոցառումների ծավալը:
Հավելենք, որ «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա» ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին են հանձնվել վերջին մեկ տարվա ընթացքում: Այս պահին Վանուհի Բաղմանյանը թարգմանում է Ռեմարկի մեկ այլ՝ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գործը, որը ևս շուտով կդրվի ընթերցողի սեղանին:
Դիլիջանի միջազգային դպրոց