Աստանայում նախօրեին տեղի ունեցած ՀԱՊԿ Վեհաժողովում, փաստորեն, հաստատվեց տեղեկությունը, որ ՀԱՊԿ առնվազն որոշ անդամներ մտադիր են չշարունակել գլխավոր քարտուղարի պաշտոնի հայաստանյան քվոտան և առաջարկում են այն փոխանցել Բելառուսին, որը հաջորդն է ըստ այբբենական կարգի: Այդ մասին բարձրաձայնել է հյուրընկալող Նուրսուլթան Նազարբաևը՝ բերելով հիմնավորում, թե Հայաստանի քվոտային, միևնույն է, մնացել է մեկ տարի, և նոր քարտուղարը չի հասցնի նույնիսկ անցնել անդամ բոլոր երկրներով՝ լիարժեք աշխատանք սկսելու համար:
Առաջին հայացքից, իհարկե, Նազարբաևի բացատրությունը թվում է հիմնավոր: Մյուս կողմից՝ դատելով ՀԱՊԿ, այսպես ասած, իրական բնույթից, ուղղակի ծիծաղելի է հնչում «գլխավոր քարտուղարի լիարժեք աշխատանք» արտահայտությունը: Կազմակերպությունն ինքը, ըստ էության, ֆորմալություն է ավելի շատ, քան ռազմա-քաղաքական դաշինք, ըստ այդմ՝ դրա գլխավոր քարտուղարի պաշտոնը առավել ևս ֆորմալ պաշտոն է՝ դարձյալ ըստ էության:
Ակնառու է, որ Նազարբաևի բացատրությունն ավելի շատ պատրվակ է քվոտան Հայաստանին չթողնելու: Մյուս կողմից՝ ասել, թե դա, այսպես ասած, պատիժ է Խաչատուրովի գործի համար, որ իբրև թե Հայաստանը խաղացել է կազմակերպության հեղինակության հետ, հազիվ թե լինի իրականությանը մոտ: Ի վերջո՝ ՀԱՊԿ հեղինակություն ասվածն էլ ֆորմալություն է, էլ չասած այն մասին, որ այդ հեղինակության հետ իրականում խաղացել են նույն Ղազախստանը, Բելառուսն ու Ռուսաստանը՝ Ադրբեջանի հետ իրենց սերտ գործակցությամբ, այդ թվում՝ ռազմա-տեխնիկական ոլորտում և այն քաղաքական հարցերում, որոնք ակնհայտորեն ոտնահարել են Հայաստանի՝ դաշնակից անդամի շահը: Դրանից հետո ՀԱՊԿ հեղինակություն ասվածը պարզապես երևակայություն է, և Հայաստանը եթե վնասել է, ապա երևակայական ինչ-որ բան:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում