Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկահայ դեմոկրատ. «Կա՛մ կվերականգնենք հավասարակշռությունը, կա՛մ կկորցնենք երկիրը»

Նոյեմբեր 09,2018 15:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է ամերիկացի քաղաքական գործիչ, իրավաբան, գրող, Մեն նահանգի Վեսթբրուք քաղաքի Քաղաքային խորհրդի անդամ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը

– Տիկին Աստվածատուրյան-Թերքոթ, Դուք 2015-ից Մեն նահանգի Վեսթբրուք քաղաքում Քաղաքային խորհրդի անդամ եք եւ մտադիր եք վերընտրվել։ Ինչպե՞ս է անցնում Ձեր ընտրարշավը, եւ ինչպե՞ս եք գնահատում վերընտրվելու Ձեր շանսերը։  

– Շանսերը լավ են։ Այս անգամ ես պաշտոնապես մրցակիցներ էլ չունեմ։ Իհարկե, չնայած մարդիկ կարող են թեկնածուի անունը գրել ընտրության ժամանակ, բայց դա խիստ հազվադեպ է տեղի ունենում։ Անցյալ անգամ ես ստացա ձայների 64 տոկոսը։ Վերջին երեք տարիներն ինձ համար հաջող էին, կառուցվեցին երկու դպրոց, քաղաքը մեծանում է, տնտեսությունն ընթանում է առաջ, եւ կարծում եմ, որ այդ իսկ պատճառով ինձ դեմ դուրս գալ չհամարձակվեցին ո՛չ հանրապետականները, ո՛չ անկախները։ Մյուս կողմից՝ ազնվորեն ասած, շատ դժվար է գտնել մեկին, ով կցանկանա քաղաքային մակարդակում զբաղվել դրանով։ Աշխատանքը գրեթե անվճար է եւ շատ ժամանակ եւ ուժ է խլում։ Պետք է մարդ, որը սիրում է պետական ծառայությունը, ինչը երբեմն անշնորհակալ աշխատանքի է վերածվում։

– Դուք Դեմոկրատական կուսակցության ակտիվ կողմնակից եք եւ, բնականաբար, անտարբեր չեք Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների նկատմամբ, որտեղ տվյալ պահին, ինչպես հայտնի է, գերիշխում են հանրապետականները։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ պատկեր է ձեւավորվում ԱՄՆ քաղաքական կյանքում այս կարեւոր իրադարձության նախաշեմին։

– Կարող եմ ասել, որ իրավիճակը երկրում քաղաքական առումով կրիտիկական է։ Ես բնակվում եմ Ամերիկայում 1992-ից եւ քաղաքացի եմ 1992-ից։ Յուրաքանչյուր ընտրությանը քվեարկում եմ եւ շատ ուշադիր հետեւում եմ երկրի քաղաքական միջավայրին թե՛ նահանգային, թե՛ դաշնային մակարդակում։ Թրամփի եւ նրան սատարող այսչափ ուժեղ հանրապետական Կոնգրեսի ընտրության ժամանակից սկսած՝ շատ բան է փոխվել։ Կա վախի զգացում, հատկապես այն բանից հետո, երբ փոստով ռումբեր ուղարկեցին եւ ամերիկացի հրեաներին Սինագոգում սպանեցին։ Մարդիկ, որոնք հավատում էին Ամերիկայի հզորությանը, այս երկրի Սահմանադրությանը, շատ բաների վերաբերվում են այլեւս հոռետեսորեն, ասում են, որ Ամերիկան եւ այն ամենը, ինչին նրանք հավատում էին (մարդու իրավունքները, արդարությունը, հավատն ինչ-որ միավորով ամերիկյան սկզբունքների նկատմամբ)՝ այդ ամենը չքվում է։ Նույնիսկ հանրապետականներն են սկսում հեռանալ Թրամփից եւ նրա՝ շոկ առաջացնող քայլերից, բայց վախենում են կանգնեցնել կամ գոնե քննադատել նրան։ Հատկապես Կոնգրեսում։ Կարծում եմ՝ այս ընտրություններն ամենակարեւորն են մեր երկրի պատմության մեջ։ Մենք կա՛մ կվերադարձնենք հավասարակշռությունը, կա՛մ կկորցնենք երկիրը, եւ վերադառնալ նախկինում քաղաքակիրթ երկխոսությանը կլինի շատ դժվար։

Մեն նահանգից սենատոր Անգուս Քինգի եւ ամուսնու՝ Ջոն Թերքոթի հետ

– Դուք ամենաակտիվ կերպով Ձեր մասնակցությունն եք բերում հայկական համայնքի կյանքում, Ձեր վճռորոշ ավանդն ունեցաք Մեն նահանգում, որտեղ Դուք բնակվում եք, 2013-ին Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման գործում, ինչպես նաեւ «Ամերիկացիները՝ հանուն Արցախի» ոչ կառավարական կազմակերպության խորհրդակցական մարմնի անդամ եք։ Ո՞րն է ներկայումս Ձեր գործունեության գլխավոր խնդիրը։

– 2018-ին ես իմ գործունեության ամբողջ ժամանակը տրամադրեցի Սումգայիթյան իրադարձությունների 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին թե՛ Ամերիկայում, թե՛ Եվրոպայում։ Կարծում եմ, որ ինձ համար դա ամենակարեւոր իրադարձությունն էր, որի մասին մեր համայնքներում շատերը կամ չգիտեին, կամ էլ պատշաճ ուշադրություն չէին դարձնում։ Ինձ համար այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեզ հետ Ադրբեջանում, նույնն է, ինչ կարող էր եւ կարող է տեղի ունենալ հայերի հետ Արցախում, եւ չխոսել սրա մասին բոլոր մակարդակներում մեր համայնքներում եւ միջազգային հարթակներում՝ մեծագույն սխալ է, բարոյապես եւ քաղաքականապես։

– Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, ինչպես իշխանությունները, այնպես էլ հասարակությունը վերաիմաստավորում են սեփական արտաքին քաղաքականության եւ ընդհանրապես՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների փիլիսոփայությունը։ Եվ Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ մեր երկրի համար ունեցել եւ ունենալու են առանցքային նշանակություն։ Ինչպիսի՞ն են իրենց բովանդակությամբ եւ առաջնահերթություններով այդ հարաբերությունները Ձեր պատկերացմամբ, եւ որքանո՞վ է, ըստ Ձեզ, այդ հարաբերությունների ներուժն իրականացված։ Նաեւ, Ձեր անձնական փորձից ելնելով, որքանո՞վ են համարժեք ԱՄՆ հայկական համայնքի քաղաքականացված մասի ընկալումները եւ վերաբերմունքը հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների նկատմամբ՝ ԱՄՆ-Ռուսաստան եւ Հայաստան-Ռուսաստան ներկայիս հարաբերությունների համատեքստում։

– ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցների հետ իմ ունեցած խոսակցություններից ես հասկացա, որ հեղափոխության թեմային վերաբերվում են լավատեսորեն եւ փոքրիկ վերապահումներով։ Ամերիկան հետեւում է Հայաստանի առաջընթացին եւ սատարում այն ամենին, ինչ Հայաստանն անում է հանուն իրավահավասարության, օրենքի գերակայության սկզբունքների, կոռուպցիայի դեմ պայքարի գործում եւ այլն։ Սակայն ինչ-որ կտրուկ փոփոխություններ հարաբերություններում, անկեղծորեն ասած, չեմ ակնկալում։

– Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս այցելեց Նյու Յորք եւ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ինչպես նաեւ մասնակցեց «Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը։ Պատմե՛ք Ձեր տպավորությունների մասին։

– Վարչապետին ես տեսել եմ երեք անգամ Նյու Յորքում՝ համայնքի հետ հանդիպմանը, «Մետրոպոլիտան» թանգարանում եւ ՄԱԿ-ում։ Տպավորությունները հանդիպումից ամենալավն են։ Ես չգիտեի, թե ինչ ակնկալել, ես Հայաստանի քաղաքացի չեմ, չեմ սատարում որեւէ կուսակցության, բայց վստահում եմ Հայաստանի քաղաքացիներին։ Կարող եմ ասել, որ ներկա եղել եմ պետության նախկին ղեկավարների հետ հանդիպումներին, եւ շատ հաճելի էր տեսնել երկրի ղեկավարի, որը պատասխանում է համայնքի բոլոր հարցերին՝ բաց, սրտանց եւ հանդարտ, հատկապես, երբ դա տեղի է ունենում միանգամից օդակայանից ժամանելով, դժվար թռիչքից հետո, ի դեպ՝ էկոնոմ-դասով։ Երբեւիցե չեմ տեսել երկրի առաջնորդի՝ նման ոճով հանդիպմանը Քաղաքային ժողովում։ Դա մի բացառիկ բան էր։ Եվ էներգիան, որը նա հաղորդում էր դահլիճին, դժվար էր չնկատել։ Այժմ հասկանում եմ, թե ինչու է ժողովուրդը նրան այդքան սիրում, եւ ցանկանում եմ ամենայն հաջողություն։ Ես գիտեմ, որ ամերիկյան Սփյուռքը նրան լավագույնս սատարում է, եւ դա կնպաստի Սփյուռքի վերաբերմունքին Հայաստանի նկատմամբ։ Հուսով եմ, առաջընթացն արտահերթ ընտրություններից հետո կշարունակվի, ով էլ որ տեսականորեն լինի երկրի առաջնորդը։ Առանց առաջընթացի Հայաստանին չի՛ կարելի։

– Դուք գրել եւ հրատարակել եք «Ոչ մի տեղ. արտաքսման մի պատմություն» գիրքը՝ Բաքվից եւ Ադրբեջանից հայ փախստականների մասին, ընդ որում՝ Ձեր, Ձեր ընտանիքի օրինակի հիման վրա։ Կիսվեք, խնդրեմ, Ձեր հետագա ստեղծագործական ծրագրերի մասին։ Որքանո՞վ են դրանք առնչվելու Ձեր քաղաքական գործունեությանը։

– Իհարկե, ես դեռ գրում եմ իմ երկրորդ գիրքը եւ հուսով եմ, որ 2019-ին այն լույս կտեսնի։ Ես հաճախ եմ գրում, բայց այն, ինչ ուզում եմ ցույց տալ ընթերցողներիս, հազվադեպ է լինում։ Ես իրավաբան եմ եւ ակտիվիստ, բայց գրող եմ, երբ միայնակ եմ մտքերիս հետ։ Այժմ ինձ համար ամենակարեւորն է Արցախի քաղաքական սատարումը, հատկապես հետհեղափոխական էյֆորիայի ժամանակաշրջանում։ Մոռանալ սահմանին իրական վտանգի մասին մեզ չի կարելի։ Ինչպես նաեւ, շարունակել պատմել ե՛ւ Կոնգրեսում, ե՛ւ ամբողջ երկրով մեկ՝ Ադրբեջանի ակտիվ հակահայկական, վտանգավոր քաղաքականության եւ քարոզչության մասին։

Ինձ համար կարեւոր են նաեւ որոշ հումանիտար նախագծերը Արցախում, ինչպես նաեւ՝ Խնձորեսկում եւ Քարաշենում, որտեղի ծնունդ են իմ պապը եւ տատը, եւ ինձ համար ամենակարեւոր նախագիծը, որը շուտով դուրս կգա ներկայացման։ Բոստոնում տեղակայված Armenian Tree Project ամերիկահայ կազմակերպությունն ինձ առաջարկել է մի գաղափար-նախագիծ. անտառ տնկել ի հիշատակ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի, ընդառաջ 2020-ի հունվարին։ Ես մտածեցի եւ համաձայնությունս տվեցի, որ Հայաստանում անտառ լինի՝ ի հիշատակ Ադրբեջանի բոլոր հայերի՝ նրանց, ում սպանեցին, նրանց, ում արտաքսեցին, ինչպես նաեւ այն շիրիմների, որոնք Ադրբեջանը ոչնչացրեց։ Ծառերը կտնկեն մեկ տարվա ընթացքում Հայաստանի Թալին քաղաքում՝ այն տեղում, որը կարիք ունի եւ ծառերի, եւ աշխատանքի, երկու հեկտար տարածության վրա՝ եւ դեկորատիվ, եւ մրգատու ծառեր, որոնց մարդիկ Թալինում կխնամեն եւ կպահպանեն։ Բոլորը Սփյուռքում կարող են միջոցներ ներդնել այս նախագծում՝ թե՛ նրանք, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Բաքվում, թե՛ ամերիկացիները, որոնք պահպանում են մեր նախնիների մասին հիշողությունը։ Հուսով եմ՝ շուտով կգամ մեր անտառը տնկելու։ Երբ կցանկանամ խոսել տատիկիս եւ պապիկիս հետ, ում գերեզմանները ոչնչացրել են Բաքվում, կկարողանամ գալ Թալին, նրանց հիշատակի անտառը։

Թալինում ծառատունկը մեկնարկել է

ՀԳ․ Հարցազրույցը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ Աննա Աստվածատուրյան-Թերքոթն անվերապահ հաղթանակ է տարել Վեսթբրուքի Քաղաքային խորհրդի ընտրություններին եւ վերընտրվել խորհրդի անդամի պաշտոնին, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք։

“ԱՌԱՎՈՏ”
08.11.2018թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930