Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ախր, ինչո՞ւ ես առաջին մինիստր դարձա…»

Նոյեմբեր 09,2018 13:00

Արայիկ Հարությունյանն ու Զարուհի Բաթոյանը արձագանքեցին՝ «Հա էլի, ինչ ճիշտ է ասում…»։

Օրերս Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում «Հույսի կամուրջ» ներառական թատերախումբը ներկայացրեց Եվգենի Շվարցի «Մերկ թագավորը» պիեսը։ Հաշմանդամ երեխաների առաջնելույթին ներկա էին կազմակերպության անփոփոխ հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ՀՀ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, որը երկար ժամանակ հանդես է եկել որպես «Հույսի կամուրջ» թատերախմբի դերասանուհի, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Վերջինս հրաժարվեց, որ իր համար թարգմանեն ներկայացումը, նշելով, թե լավ գիտի նյութը, եւ հետո՝ երեխաներն այնքան պրոֆեսիոնալ են խաղում, որ թագմանության կարիք չկա։

Եվգենի Շվարցի «Մերկ թագավորը» պիեսը ստեղծված է Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի հիման վրա, որի մատուցման թատերգական ձևը հնարավորություն է տալիս բեմական վիճակների, վառ կերպարների, սուր երկխոսությունների միջոցով հանդիսականին ներկայացնել բոլոր ժամանակների ինքնասիրահարված ու քմահաճ թագավորների իրական դատարկությունը: Նախարարներով շրջապատված Թագավորը համաձայնում է հագնել այնպիսի մի «նոր կտորից պատրաստված» զգեստ, որը «չի երևում այն մարդկանց աչքին, ովքեր հիմար են կամ չեն համապատասխանում իրենց պաշտոնին»: Շրջապատի պալատականները վախենում են հիմար երեւալ ու Թագավորին ասել, թե զգեստը չի երևում, նա չերևացող «նոր» հանդերձանքով, իրականում մերկ վիճակով դուրս է գալիս ժողովրդի մեջ՝ հանդիպելու Արքայադստերը: Բոլոր նախարարները վախից դարձյալ ասում են, որ Թագավորը շքեղ է հանգնված և միայն մի փոքրիկ երեխա է ասում, թե Թագավորը մերկ է:

Հանդիսատեսը առանձնակի ջերմությամբ ընդունեց դասական այս գործը, որ բոլոր ժամանակներում մնում է խիստ այժմեական։ Ի դեպ, ներկայացման ընթացքում ինքնատիպ արձագանք եղավ ոչ միայն Չեխիայի դեսպանի, այլեւ ԿԳ նախարարի պաշտոնակատար պարոն Հարությունյանի և փոխնախարար Զարուհի Բաթոյանի կողմից: Շվարցյան հերոսի՝ Նախարարի խոսքին, թե՝ «ախր, ինչո՞ւ ես առաջին մինիստր դարձա… ուրիշ գործերը գլխիցս կտրվե՞լ էին, ինչ է», գրեթե միասին Արայիկ Հարությունյանն ու Զարուհի Բաթոյանը դահլիճից արձագանքեցին՝ «Հա էլի, ինչ ճիշտ է ասում…»։

«Հույսի կամուրջ» թատերախումբը գործում է 1997 թվականից։ Իրականացրել է 25 ներկայացում և 250-ից ավելի ելույթներով հանդես եկել մայրաքաղաքում, մարզերում, ունեցել են հյուրախաղեր՝ Թբիլիսի, Ստամբուլ… Թուրքիայում մասնակցել է «Արվեստի դերը վերականգնողական խնդիրներում» համաշխարհային բժշկական համաժողովին: Մանուկ և պատանի դերասանների առանցքային կազմը տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող (հենաշարժողական, մտավոր, խոսքի, տեսողության, կոոդինացիայի, շփման խնդիրներ ունեցող) և ոչ հաշմանդամ երեխաներն են:

Թատերախմբի հիմնադիր ղեկավար Հասմիկ Խաչերյանի ջանքերով «Հույսի կամուրջի» ստեղծման 22 տարիների ընթացքում բեմադրություններին մասնակցել են 300-ից ավելի մանուկներ ու պատանիներ։ Թատերախումբը մասնակցել է «Նռան հատիկ» մանկապատանեկան բոլոր 18 փառատոներին և արժանացել տարբեր կարգի մրցանակների։ Առանձնահատուկ է նաև «Հույսի կամուրջ» թատերախմբի հարուստ խաղացանկը, որը պատիվ կբերի ցանկացած բարձրակարգ թատրոնի։ Թատերախմբի խաղացանկում տեղ են գտել հայ, ռուս և համաշխարհային գրականության և թատերգության դասականների գործեր, այդ թվում՝ Թումանյանի «Մոխրոտը», Անդերսենի «Ձյունե թագուհին», Պերրոյի «Գեղեցկուհին և հրեշը», Շվարցի «Վիշապը»,
Դեմիրճյանի «Քաջ Նազարը», Գոգոլի «Ռևիզորը», Մոլիերի «Ակամա բժիշկը», Աճեմյանի «Աղախինը», Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», կարճ ասած՝ շուրջ 25 ներկայացում:
Բեմադրությունից ազդված՝ քիչ մնաց մոռանայինք, որ այն բեմադրել է ռեժիսոր Լևոն Իվանյանը, զգեստների դիզայներն է Մարինա Աթաբեկյանը, բեմը ձևավորել է Ռազմիկ Այվազյանը, երաժշտական ձևավորումն իրականացրել է Հակոբ Կարապետյանը: Չենք նշում դերասան երեխաների անունները՝ մտավախություն ունենալով, թե այդ շնորհալիներից որեւէ մեկի անունը հնարավոր է սպրդի հոդվածից: Ներկայացման ֆինանսական աջակիցն է մշակույթի նախարարությունը, բեմադրվել է «Ապրել միասին, սովորել միասին» ծրագրի շրջանակում՝ «Հույսի կամուրջ» և դանիական «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների համագործակցությամբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

08.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930