Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուշիի ազատագրման ակունքներում

Նոյեմբեր 09,2018 13:30

Շարժում-30

1989-ին «Հայդատ» կազմակերպությունն իր ռազմականացված ջոկատներով նախաձեռնեց թուրք-ազերիներով շրջապատված Շուշիի շրջանի Բերդաձորի ինքնապաշտպանությունը: 1989թ. հունիսին «Հայդատի» կամավորական առաջին ջոկատը ոտքով հասավ Բերդաձոր, այնուհետև սկսվեցին նոր համալրումներ: Մի քանի ամիս անց արդեն հնարավոր եղավ այդ կղզիացված վայր զինված ջոկատներ ուղարկել ուղղաթիռների միջոցով: Նոյեմբերի սկզբներին ուղղաթիռներից մեկն իր անձնակազմով և «կասկածելի» ուղևորներով ձերբակալվեց Բերդաձորում` հենց վայրէջքի պահին: Այդ դեպքերի մասին՝ մի քիչ ավելի մանրամասն.
…Մեր ուղղաթիռն արդեն հեռանում էր Երևանից: Մտքումս Չարենցի «Դանթեականի» առաջին տողերն էին.

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին
Կապույտ երկնքի խորությամբ արբած:
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը բաց:

Նման զգացում ունեցել էի մեկ տարի առաջ՝ երկրաշարժից անմիջապես հետո Սպիտակ մեկնելիս, ուր ականատես եղա դժոխային-սահմռկեցուցիչ տեսարանների: Այժմ Արցախ էի մեկնում իրական հաղթանակի ծարավից բորբոքված մտապատկերներով, ուր մահն արդեն թվում էր ավելի մոտ՝ ափի մեջ՝ բաց հերոսամարտում:
Երևանից Արցախ գնացող խմբերը հաճախ էին հանգրվանում իմ հայրական տանը` Եղեգնաձորում: Մայրս գրեթե բոլորին անձամբ ճանաչում էր, զրուցում ու մտերմանում էր յուրաքանչյուրի հետ, մի խոսքով՝ նրանց վերաբերվում էր որպես հարազատ որդու:

Եկավ նաև իմ պատասխանատվությամբ եղեգնաձորցիներից կազմավորված ջոկատի մեկնելու հերթը: Չնայած մեր օջախի մինուճար տղան էի, սակայն ինձ ճանապարհելիս մայրս չընկճվեց և օրհնեց. «Քո ընկերները գնացել են՝ դո՛ւ էլ պետք է գնաս», և ես հպարտ էի նրա պահվածքից, չէ՞ որ ապացուցում էր, որ ազգայնական գրող Րաֆֆու ազգակցականուհին է, որի գրքերով էր մեզ դաստիարակել, հպարտ էի նաև իմ առաքելությամբ, վստահ` որ պիտի հետ գամ պատվով:
Ուղղաթիռի սրահում հանպատրաստից բացված սեղանի շուրջ ծանոթանում էինք իրար հետ: Մեր ջոկատից բացի, Նոր Հաճընի տղաներն էին՝ Սաշիկ Առաքելյանի և Բաղրամյանի խումբը՝ Մուրադ Կիրակոսյանի հրամանատարությամբ:

Երբ անցնում էինք Գորիսի երկնքով, օդաչուները կապավորից զգուշացում ստացան, որ Բերդաձորում սկսվել է անձնագրային ռեժիմ և, եթե ինչ-որ բան այն չէ, կարող ենք վայրէջք կատարել Գորիսում: Օդաչուներից մեկը դիմեց մեզ, թե՝ «Տղերք, հո զենք չե՞ք վերցրել հետներդ»:
Մենք մի քանի պարկ կալիումական աղ և սելիտրա էինք տանում՝ տեղում պայթուցիկ պատրաստելու համար: Դրանք պաշտոնապես զինամթերք չէին, և չէինք կարծում, թե ստուգումների ժամանակ վտանգավոր կհամարվեն: Բացի այդ, զենքերի համալրում սպասվում էր այլ եղանակով և, ընդհանրապես, մեր խնդիրը պաշտպանության դիրքերում կանգնածներին փոխարինելն էր, երբ զենքերը մնում էին տեղում՝ փոխանցվելով իրար և, քանի որ բոլորս էլ անձնագրերով էինք, որոշեցինք թռիչքը շարունակել:
Սակայն վայրէջքի պահից դեպքերի զարգացումն անկանխատեսելի ուղղություն ստացավ:

Չէինք հասցրել կարգին հպվել Արցախի հողին, երբ կարծես գետնի տակից ծլեցին ռուս զինվորները՝ շների եւ թուրք ոստիկանների հետ: Լուսաբացից առաջ գյուղում արդեն խուզարկություններ էին սկսել: Ուղղաթիռից իջեցվեց ամբողջ բեռն ու մանրազնին, բայց յուրովի ուսումնասիրվեց: Ալյուրի և շաքարավազի պարկերը զինվորներն իրենց դանակներով անխնա կտրտեցին և ամբողջ պարունակությունը թափեցին գետնին: Երբ, ի զարմանս մեզ, պարկերից մեկում որսորդական հրացան հայտնաբերեցին, Բաքվից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան, ոստիկանության մի հաստլիկ գնդապետ, խոր գոհունակությամբ, բայց ցուցադրական դժգոհությամբ մեզ նախատեց թուրքական ռուսերենով.
– Էդի՞՛ն չարիք է՛, թղաներ, ձեզանից նեղացած եմ: Արդեն թելեվիզորով ասել եմ, որ ամեն ինչ լավ է, ավթոբուսներ են գնում Բերդաձոր, իհարկե «փեթերներով», իսկ թո՞ւք էթի՞նչ արիք, է՛:
Մենք, նրա ակցենտը նմանակելով, պատասխանեցինք.
– Է, ինչ ենք արե՞որ, եքել ենք աշխատելու, իհարկե ոչ թե «փեթերներով», այլ «վերթալյոթով», գազ քաշողներ ենք:
– Ի՞նչ գազ քաշող, ֆիթայի՛ եք, ֆիթայի՛:
– Գազ քաշո՛ղ ենք, գազ քաշո՛ղ,-շարունակեցինք տնազել նրան:
Մեր բերած ամբողջ ապրանքը բռնագրավվեց:
Առավել զավեշտականը գույքագրումն էր, որ կատարվում էր մոտավորապես այսպես. թուրք պաշտոնյան նայում էր ու թելադրում գրագրին.
– 3 արկղ օղի, գրիր՝ ալկագոլիկներ են,-ապա, բժշկական առաջին օգնության տուփերը շուռ տալով, շարունակում,- 50 հատ սրսկիչ, գրիր՝ նարկոմաններ են:
Նրանք գտան նաեւ եռագույն դրոշ ու գրեցին. 1 «դաշնակցական դրոշ»:
Իմ թղթապանակում, որը վերցրել էի էլցանցի հեռախոսային հանգույցից և վերնագրված էր. «Инструкция АТС ЭС и ПС», մաքուր թղթեր էին դրված, որ ազատ ժամանակ տղաներին նկարեի: «Կայծակնային» վերծանեցին «ծածկագիրը» և գրեցին. «1 հրահանգ՝ ինչպես ոչնչացնել ադրբեջանական ՍՍՀ տանկերը»:
Առանձնացրին նաև «Կալիումական աղ-պարարտանյութ» մակագրությամբ պարկը, գրեցին. «3 պարկ պայթուցիկ նյութ»: Թելադրվեց եզրակացությունը. «Դաշնակցական տեռորիստներ են»:

Այս ամենի կողքին դրեցին հայտնաբերված հրացանն ու օդաչուների ատրճանակները և լուսանկարեցին որպես իրեղեն ապացույց:
…Մեզ բաժանեցին 4 խմբի, տեղավորեցին ռազմական բեռնատարների թափքերին, ուր առաջին շարքերում նստեցին ռուս դեսանտայինները, և շարժվեցինք: Նրանցից մեկը, որ մինչ այդ Ռեմբոյի պես ազդեցիկ էր, հանեց սաղավարտը, երեսից սրբեց սև շերտաներկը, և մեզ ժպտաց մի մանկահասակ դեմքով շիկահեր լեյտենանտ: Ձեռքը դնելով իր աջ ուսադիրին՝ նա ասաց.
– Տղերք, այս օպերացիայից հետո մի աստղ կավելացնեն: Մի՛ չարացեք, մե՛նք ձեզ բռնել ենք, մե՛նք էլ կպաշտպանենք:
Մի քանի ժամից հասանք Շուշի, ուր տեղակայված էր ռուսական զորամասը, ուր մեզ պահեցին մինչև մութն ընկնելը: Հետո կարծես մեր մասին մոռացան, իսկ մենք անհանգստանում էինք՝ տեսնելով, թե ինչպես են թուրքերը կույտ-կույտ հավաքվում զորամասի շուրջը: Մի մասը տաք-տաք վիճում էր զինվորականների հետ, իսկ դպրոցահասակ երեխաներն ավելի համարձակ էին. խմբերով մոտենում էին մեր մեքենաներին, մանր քարեր նետում, հայհոյում: Դա արդեն սկսեց դուր չգալ նաև մեր պահապան զինվորներին, և նրանք գոռացին. «Կորե՛ք, թուլաներ»: Ապարդյուն: Թուլաներն ավելի լկտիացան: «Կորե՛ք, կկրակենք»,-ասացին զինվորներն ու «ավտոմատ»-ինքնաձիգները պահեցին նրանց վրա: Դա էլ օգուտ չտվեց: «Ախ, ուրեմն այդպե՞ս,- ասաց զինվորներից մեկը,-հիմա ձեր վրա սրա՛նց բաց կթողնենք»: Ապա շրջվելով դեպի մեզ, կարգադրեց. «Կանգնե՛լ»: Մենք միանգամից ոտքի ելանք, որ նաև տեսնենք՝ ինչ է կատարվում ներքևում: Իսկ թուրք «լամուկները» չորս ոտք առած փախան: Ռուս զինվորները ծիծաղեցին՝ դիմելով մեզ. «Դե, հիմա հասկացա՞ք, թե դուք ովքեր եք նրանց համար, տեսա՞ք՝ ինչպես են ձեզանից սարսափում»: Մենք գերու կարգավիճակում էինք, բնականաբար՝ մի քիչ ընկճված, և այս միջադեպը, կարծես, վերականգնեց մեր ինքնավստահությունը…

Զինվորական ղեկավարությունը մեր մասին հիշեց միայն կեսգիշերին մոտ, և մեքենաները շարժվեցին Շուշիի բերդի ուղղությամբ: Երբ տեղ հասանք, թվաց, թե քաղաքի ամբողջ բնակչությունն այնտեղ էր: Երևում էր՝ հավաքվածների հետաքրքրությունն ու «սերը» մեր հանդեպ մեծ էր, քանի որ ձեռք ձեռքի տված և շղթա կազմած զինվորները մի կերպ էին դիմադրում մեզ դիմավորելու եկած ամբոխին:
Գազազած թուրք զանգվածը, վայրենի ձայներով վանկարկելով, իշխանություններից պահանջում էր իրենց դատաստանին հանձնել այդ «սրիկա-ֆիդայիներին»:
Այո, մեր պահապաններն արդեն ռուս զինվորներն էին: Նրանք մեքենայի թափքից յուրաքանչյուրիս իջեցրին առանձին-առանձին: Այդ պահին թուրք-ամբոխի ոռնոցը կտրուկ ուժեղանում էր, միաժամանակ բացվում էր բանտի մեծ դարպասը, մեզ արագ անց էին կացնում ներս, ու դարպասն անմիջապես փակվում էր: Ոռնոցը փոքր-ինչ մեղմանում էր, և այդպես՝ մոտ 30 անգամ:

Հայաստանում լսել էինք ադրբեջանական բանտերում հայերի հանդեպ կատարվող ահավոր խոշտանգումների ու կտտանքների մասին և ահա, ճակատագրի բերումով, հայտնվել Էինք նրանցից մեկում՝ Շուշիի նշանավոր բերդում: Այդպես էր ավարտվում մեզ համար 1989 թ. նոյեմբերի 5-ի լարված օրը: Ի՞նչ էր բերելու մեզ վաղը: Անհայտ էր:

ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Առավոտ»

08.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930