«Հայփոստ» ՓԲԸ-ում ներդրածս համակարգչային ծրագրերի համար խոստացված գումարը չստանալու պատճառով 2007թ. դիմել եմ դատարան։ Առ այսօր դատարանը դեռևս որոշում է ներդրված ծրագրերի արժեքը, դատական գործ ԵՔԴ/0543/02/08։
2015թ. նշված դատական գործով 2007-2012 թվականներին իմ նախկին փաստաբան Ռոբերտ Բեջանյանը դիմել է դատարան, իբր թե ինձ փոխառությամբ տրված 32 մլն դրամը, գումարած տոկոսները, բռնագանձելու պահանջով։ Դիմեցի ՀՀ դատախազություն այն մասին, որ 2012թ. նոյեմբերի 2-ին ստեղծելով հապճեպության իրավիճակ, չթողնելով, որ կարդամ, Ռ. Բեջանյանն ինձ ստորագրել տվեց իբր թե Վճռաբեկ դատարանին ուղղված վերը նշված դատական գործով բողոք։
Նշել եմ, որ այդ գրությունը պայմանագրի տեսք չուներ, որ հետագայում հենց այդ թուղթն է լրացուցիչ վերատպելով ու լրացնելով՝ դարձրել փողի փոխառության պայմանագիր և ներկայացրել է դատարան։ Նշել եմ նաև, որ Ռ. Բեջանյանին ճանաչելու ողջ ընթացքում նրանից երբևէ որևէ գումար չեմ վերցրել, որ ստորագրածս թղթին ծանոթանալու համար մի քանի անգամ, այդ թվում երկու անգամ փաստաբանների պալատի նախագահին եմ դիմել այդ թղթի թեկուզ պատճենն ստանալու համար, սակայն Ռ. Բեջանյանը մերժել է, չի տրամադրել։ Ռ. Բեջանյանի հետ բանավոր պայմանավորվածություն եմ ունեցել, որ իր կողմից հայցով պահանջվող 34.6 միլիոն դրամ գումարը ստանալը ապահովելու դեպքում միայն իրեն պիտի վճարեի 9 միլիոն դրամ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվեց քրեական գործ։
Քննիչը փորձաքննությամբ պարզելով, որ այդ թղթի տակ իմ ստորագրությունն է, քրեական գործը կարճեց։ Քննիչի որոշումը դատարանում բողոքարկելու համար մի քանի ամիս դիմում էի ոստիկանության ու դատախազության տարբեր ատյաններին՝ քրեական գործի նյութերի պատճենները ստանալու համար։ Երբ վերջապես նյութերի պատճենները տրամադրեցին ու դիմեցի դատարան, պարզվեց՝ քննիչի որոշումը բողոքարկելու սահմանված ժամկետը բաց եմ թողել։
Դատարանն (դատավոր՝ Ա. Մելքումյան) առանց ինձ, միայն խարդախ-խաբեբա փաստաբանի հետ նիստ անցկացնելով՝ կայացրել է կեղծ եզրահանգում. «Հենրիկ Գևորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նշված փոխառության պայմանագրով գումար չի ստացել, սակայն չի հերքել, որ մինչ նշված փոխառության պայմանագիրը Ռոբերտ Բեջանյանից այլ գումար չի ստացել» ու բավարարեց խարդախի հայցը։ Դատական գործ ԵԿԴ/0527/02/15։ Վերաքննիչ դատարանն ամբողջովին մերժեց առաջին ատյանի դատարանի վճիռը։ Իսկ Վճռաբեկ դատարանը անցնելով ողջամտության բոլոր սահմանները, նշում է. «ըստ էության ընդունել է, որ պարտք է», կամ «չի ապացուցել, որ գումար չի ստացել» և 2018թ. ապրիլի 7֊ին որոշեց ինձանից բռնագանձել ավելի քան 50 միլիոն դրամ։ Հետաքրքիր է, Վճռաբեկ դատարանի դատավորը կարո՞ղ է ապացուցել, որ նման վճիռ կայացնելու համար խարդախ-խաբեբայից գումար չի ստացել, թե որևէ մեկին պարտք չլինելը ապացուցելը հատուկ միայն Հայաստանի հասարակ բնակչի համար սահմանված իրավական կատեգորիա է։
ՀՀ դատաիրավական համակարգին գրածս դիմում-բողոքների պատասխանների էությունը մեկն է. Ռ. Բեջանյանը կողոպտում է հայտնի կինոյի հերոս Օստապ Բենդերի մեթոդով, «օրինական» ճանապարհով։
Դիմեցի Նոր Հայաստանի վարչապետին՝ քրեական գործը վերաբացելու ու փոխառության պայմանագիր կոչվածի վերատպված ու կեղծված լինելը պարզելու համար։
Ոստիկանությունից ու դատախազությունից ստանալով քրեական գործը վերաբացելու մերժում, դիմել եմ դատարան։ Հիմա էլ ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործը վերաբացելու մերժման նյութերը չեն տրամադրում դատարանին, ձգձգում են, որպեսզի խարդախ-խաբեբան հասցնի տիրանալ ավարին՝ միակ սեփականություն հանդիսացող տանս։
Նկատի ունենալով, որ ոստիկանության նախկին քննչական մասի պաշտոնաթող գնդապետ Ռ. Բեջանյանի նման խաբեբաներ կան աշխարհի բոլոր երկրների ու ազգերի մեջ, և որ նրա նմաններին սանձողները ոչ միայն այդ երկրների իրավապահ, այլ նաև հասարակական կառույցներն են, որ նրա նմաններին սանձելը ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական արժեք է, ակնկալում եմ հասարակական կառույցների աջակցությունը կատարված հանցագործությունը բացահայտելու գործում։
ՀԵՆՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Առավոտ»
08.11.2018