«Ես հակված եմ դիմել դատարան և արդարանալ, որովհետև ինձ ձերբակալելը և մեղադրանք առաջադրելը հանցագործություն էր,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ով 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել սպանության նախապատրաստման մեղադրանքով՝ 2013թ-ին և այժմ համաներմամբ ազատության մեջ է:
«Տեղ ունեցավ հետևյալը՝ մայիսի 17-ին ընկերներիցս մեկի հետ սրճարանում խոսում էինք մայիսի 21-ին կայանալիք մամլո ասուլիսի մասին, մենք պատրաստվում էինք բացահայտել այն, մեղմ ասած, սխալ որոշումը, որն արդեն կայացված էր Սերժ Սարգսյանի կողմից՝ ԵՄ հետ մի քանի տարի վարած բանակցություններից հետո կտրուկ շրջադարձ կատարել և հայտարարել, որ Հայաստանը մտնում է ԵԱՏՄ կազմի մեջ: Այդ տեղեկությունն ստացել էինք մոսկովյան հավաստի աղբյուրներից: Շատ լավ հասկանում էի, որ Ռուսաստանի համակողմանի ճնշման ներքո Հայաստանը չի կարող անդամակցել ԵՄ-ին և հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից»,- նշեց Ա. Վարդանյանը:
«Ես միշտ իշխանության հակառակորդն եմ եղել՝ սկսած Լ. Տեր-Պետրոսյանի իշխանությունից: Բավականաչափ տեղեկացված էի, և նաև իմ վերլուծությունները բերում էին այն եզրահանգման, որ սխալ ճանապարհով ենք գնում, անկախ և ինքնիշխան չենք: Մենք Ռուսաստանի գաղութի կարգավիճակում ենք, չնայած թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, բայց առջևում դեռ շատ դժվար ճանապարհ կա անցնելու»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ մարդկանց գիտակցության և ենթագիտակցության մեջ ամրապնդված է սովետական միֆոլոգիան՝ կապված Ռուսաստանի հետ:
«Իմ պահանջը միշտ եղել է երկիրն ազատել Ռոբերտ Քոչարյան առարկայից, որովհետև ես գիտեի, թե ով է նա՝ թե՛ որպես անձ, թե՛ որպես քաղաքական գործիչ,- ընդգծեց Ա. Վարդանյանը: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հատուկ ծառայությունների հավաքագրյալ գործակալներ են՝ միգուցե նաև հաստիքային»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»-ի կայքում: