Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենասիրությունն այն է, որ հարսանիքները Գյումրիում կամ Արցախում նշեն, ոչ թե Նոր Տարվան հավաքվեն, երկրից գնան»․ Արմեն Սարգսյան

Նոյեմբեր 08,2018 23:20

Այսօր Գյումրի այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ Գյումրին միայն բնակելի տների կարիք չունի, ուրիշ շատ կարիքներ ունի՝ աշխատատեղերի, տուրիզմի զարգացման։

«Գյումրին իր յուրօրինակ պատմությամբ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քաղաք է, որտեղ հինը պահպանվել է։ Քաղաք է, որտեղ ժառանգություն է պահպանվել։ Ժառանգություն ասածս շատ ավելի լայն իմաստ ունի, ժառանգության իմաստով նաև բարբառը, իրականում դա Շիրակի բարբառը չէ միայն, սկսած Կարնո դաշտից մինչև Ախալքալաք, Ախլցխա, այսինքն` հարավից հյուսիս մեր պատմական Էրզրում, Ղարս,սովորությունները, ուտելիքը։ Քաղաքը գեղեցիկ է, մարդիկ մինչև հիմա մարդիկ կարողանում են ժառանգությունը պահել։ Երիտասարդները նույնիսկ ասում են Լեննագան, որոշներն էլ ասում են՝ Ալեքպոլ, այսինքն` քաղաքը չի կորցնում իր իմաստը՝ Ալեքպոլից Լեննագան, հետո Գյումրի, և սա շատ էական է, որովհետև Հայաստանում շատ քիչ տեղեր կգտնեք հին քաղաք, հին մարդիկ, սովորույթներ և նույնիսկ թաղերն են մնացել հին, ես էլ գիտեմ ձեր թաղերի անունները»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նա նշեց, որ 30 տարի է անցել երկրաշարժից, բայց ցավը չի վերացել, վերքը չի փակվել։

«30 տարի է անցել, ցավը չի վերացել, վերքը, ցավոք սրտի, չի փակվել, որովհետև սերունդներ կան, որոնք ապրել են։

Ես եմ ապրել, 88-ին՝ համալսարանում դասախոս էի, իմ ընկերների, ուսանողների հետ եկանք օգնելու։ Եվ Լենինականում, և Սպիտակում տեսել եմ այդ հսկայական աղետը, մինչև հիմա հիշում եմ, հիշում եմ նաև 96-ը, երբ որ վարչապետ էի, եկա այստեղ և տեսա գյումրեցիների զուսպ հպարտությունը։Մարդիկ 8 տարի մոռացված էին եղել, չէին պահանջում, որովհետև գիտեին, որ Հայաստանը դժվար պայմաններում է,Արցախի խնդիրը կար, ատամները սեղմած՝ մարդիկ իրենց դժվար կյանքով ապրում էին իրենց դոմիկների մեջ։

Գյումրիի վերականգնումը միայն տուն տալով չէ, Գյումրիում մարդիկ պետք է աշխատանք ունենան, և մենք պետք է Գյումրի վերադառնանք բոլորս միասին։ Ես հարցրեցի վիճակագրությունը, չգիտեմ ճիշտ է, թե սխալ, անցյալ տարի 30 հազար այցելու է եղել Գյումրի։ Ես կարծում եմ 30 հազարի մի մեծ մասը գյումրեցիներ են, որոնք ասենք գնացել են Ռուսաստան կամ այլ տեղեր, վերադարձել են ծնողներին տեսնելու։ Իրական ոչ գյումրեցի այցելուների թիվը, հավանաբար, Ԣ հազար, 10 հազար է կամ 15 հազար, որը, եթե անկեղծ լինենք, ամոթ է։ Եթե մենք հայրենասեր ենք,հայրենասիրության ճանապարհներից մեկն էլ նաև այն է , թե հայաստանցիներից, երևանցիներից քանիսն է գալիս Գյումրի։

Ես կարծում եմ մեր հայրենասիրությունը, նվիրվածությունը մեր երկրին, ժառանգությանը, մշակույթին պետք է հենց նույն ձևով արտահայտվի։ Նույն պահին, երբ որ հարցնում ես, թե Հայաստանից քանի հոգի է այցելել Վրաստան, խոսքը ինչ-որ միլիոնի մասին է՝ միլիոնից ավել, պակաս, նորից չեմ կարող հստակ ասել, բայց 30 հազարն ու մեկ միլիոնը նույնը չեն, երբ որ այս քաղաքը տալու շատ բան ունի և՛ մշակույթ, և՛ ուտելիք, և՛ վերաբերմունք, և՛ բնավորություն։ Հայրենասիրությունն այն է, որ մեր վերաբերմունքը ցույց տանք Գյումրիին, Լոռիին, Գավառին, կամ Հայաստանի հարավին։ Հայրենասիրությունը միայն պաշտպանելու պահին չի գալիս, որ զինվորը պաշտպանում է, այլ նաև օրվա կյանքով։ Պատկերացրեք՝ մարդիկ սովորեն, որ շաբաթ-կիրակի, հարսանիքը կամ իրենց ծննդյան օրը գան Գյումրիում կամ Արցախում անցկացնեն և ոչ թե Նոր Տարվա օրերին հավաքվեն, գնան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մի մտահոգուիք, Պարոն Նախագահ… Արցախում հարսանիք ընողներու պակասը չկայ… ինչպէս նաեւ մկրտութիւններու

    կ’երթան Սփիւռքէն, կը կատարեն այդ ծէսերը, սիրուն նկարներ կ’առնեն Սուրբ Ղազանչեցոցին առջեւը, յետոյ հոփ, կը վերադառնան իրենց հանգիստ Սփիւռքը, հայրենասիրութիւնը լիովին ամբողջացուցած հայու ինքնագոհունակութեամբ, հպարտութեամբ

    նշեալ եկեղեցիին ճիշտ դիմացը ընկերս ընտանեկան ճաշարան մը բացած էր, հարսանիք-մարսանիք կատարող այդ դրսեցի հայ այցելուները եւ նոյնանման զբօսաշրջիկները այդտեղ չէին մտեր սուրճ մը իսկ խմելու համար… լաւագոյն պարագային, միայն – անվճար – զուգարանը կը գործածէին… մարդը, վարկերու տակ ընկճուած, փակեց, կորսնցուց ճաշարանը…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930