Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գյոզալ երկիրը Տանզանիա են դարձրել, երկաթուղայիններին էլ՝ ճորտ ու ստրուկ»․ Գյումրու երկաթուղայինների բողոքը (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 08,2018 20:45

Երեկվանից Գյումրու լոկոմոտիվային դեպոյում սկսվել էր գործադուլ, ոչ մի երթուղով գնացք չէր աշխատում։ Այսօր էլ վաղ առավոտից գործադուլը շարունակվում էր, երկաթուղայինները զայրացած են, որ հավելավճարները 25 տոկոսից դարձել են 10 տոկոս։

«Էդ հավելավճարներն էլ կազմում են 50-80 հազար դրամ, պատճառաբանում են, թե պլան չեք կատարել, բայց մենք՝ մեքենավարներս, պլանը գերակատարել ենք։ Մինչև գումարը մեր քարտին չնստեցնեն, չենք աշխատի»,- ասաց բողոքավորներից մեկը։

Մյուսն էլ ներկայացրեց, որ աշխատում է 12 ժամ, իր աշխատավարձը՝ գիշերաժամերով հաշված, կազմում է 106 հազար դրամ, եթե հավելավճարը չտան, այն կդառնա 50-60 հազար դրամ։

«Մեր հավելավճարները կախված են բեռնափոխադրումներից, իրենք մշակում են ամսական պլան, եթե մենք կատարենք էդ պլանը, ուրեմն հավելավճարները նորմալ կտան։ Հիմա մեքենավարները բարեխղճորեն կատարել են իրենց պլանը, որպես ի՞նչ չպիտի տան իմ հավելավճարը։ Իմ համար նախատեսված բեռները նորմալ փոխադրել եմ, այսպես ասեմ՝ եթե մեքենավարը կալյոսը կքշե, վագոնը կֆֆռա, դա արդեն փող է։

Այսինքն՝ ամենաառաջին փողը բերող մեքենավարն է երկաթգծի։ Ես իմը կատարել եմ, թե հիմա երկաթգծի ղեկավարությունից ո՞վ է թերացել, որ ասենք 100 տոկոսի փոխարեն պլանը կատարվել է 98,8 տոկոս, ես ի՞նչ մեղք ունեմ էդտեղ, ինձ չի հետաքրքրում։ Եթե կոնկրետ երկու-երեք հոգի են թերացել իրենց աշխատանքի մեջ, ուրեմն 400 հոգի կամ 1000 մարդ աշխատավարձը նորմալ չստանա՞։ Թող էդ մարդկանց մեղադրեն։

Իրենք ոչ մի պատճառաբանություն էլ չունեն, թե ինչի փողը չեն տալիս։ Ժողովրդին համոզում են, թե աշխատեք, մյուս ամիս կտանք, բայց չենք հավատում, որովհետև մեր դիրեկցիան՝ Նիկոլայ Ֆեոդորովիչ Լավրենչուկը շատ բաց, շատ պարզ ասաց, որ մենք տուգանքները կտանք, պատրաստ ենք միլիոններ մուծելու, բայց ձեզ հավելավճար չենք տա»,-Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց մեքենավարներից մեկը։

Մեկ այլ մեքենավար էլ ներկայացրեց, որ Վրաստանից բեռնափոխադրող մեքենաներով հացահատիկի փոխադրումը արգելելու ժամանակ իրենց աշխատանքի ծավալները փոխել են։

«Իրենք էդ ժամանակ դեռ ջուրը չտեսած՝ բոբիկացան, նոր պլան կազմեցին, այսինքն՝ բեռները պիտի շատանան, բայց երբ Վրաստանը հարցը հարթեց, իրենք նոր պլան չկազմեցին, հին պլանը թողեցին, համաձայն որի՝ ծավալները շատացան, ու հիմա էլ ասում են՝ մենք չենք կատարել մեր կատարողականը։ Օրինակ՝ տարվա սկզբին պլան կազմեցին, օրինակի համար հազար վագոն, ցորենի շուխուռը ելավ, պլանը ձևափոխեցին, սարքեցին 1500 վագոն, հետո այդ շուխուռը դադարեց, իրենք պլանը չփոխեցին, 1500-ը նորից 1000 չդարձրեցին։ Եղավ, որ մենք 500 վագոն ավելի պտի սպասարկենք»։

Նրանք նաև նեղվում էին, որ ՀՀ տրանսպորտի երկաթգծի վարչության պետի երեսը երբեք տեսած չկան, ոչ մի անգամ չի եկել, չի հարցրել, թե ինչ խնդիր կա։

«Հասկացանք պայմանագրով ռուսներին եք հանձնել, բայց դուք վերանայող եք, չէ՞, սա Հայաստանի Հանրապետությունում է գտնվում, սա ռազմավարական կարևոր կառույց է, ի՞նչ իրավունք ունենք նման անտարբերության։ Ուզում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասնի այս ամենը, վարչապետը հայտարարում է, որ աշխատավարձ պիտի ավելացվի, բայց քանի գնաց, մեր աշխատավարձերը պակասեցին։ Ներկայացնում են, թե միջինով 190 հազար ռոճիկ կստանանք, բայց միջինը գիտեք ինչ ձևի են հաշվում, ղեկավարները ստանում են մեկը մեկ միլիոն դրամ, մյուսը՝ երկու միլիոն, մյուս 500 հազար դրամ, բանվորների գումարն էլ գումարում են իրար, բազմապատկում, բաժանում են, ստանում են միջին։ էդ միջինը լինում է 170-190 հազար դրամ, բայց այդ միջինը ոչ մեկը չի ստացել էստեղ»։

Բողոքավորները պնդում էին, որ միջին աշխատավարձը հազիվ հասնում է 150 հազար դրամի՝ չհաշված որ աշխատում են խիստ ռիսկային գոտում, 59 տարեկանից էլ թոշակի են ճամփում, այն դեպքում, երբ նախկինում 55 տարեկանում էին ուղարկում։

«Էդ վռեդնոստը կուտան, գիշերայինը կուտան, բայց մեզ դրել են դպրոցի, խանութի պահակի տեղ, խիստ ռիսկային գոտին հանել են դուրս, էն ժամանակ, որ երկաթգծի աշխատողը համարվում էր հարգված մարդ, հիմա չկա էդ հարգանքը»։

Նրանք նաև նշեցին, որ բժշկական ապահովագրություն անգամ չկա, անգամ չգիտեն մայրաքաղաքում այն հիվանդանոցի տեղը,որտեղ նախատեսված է գնալ ստուգման։ Նրանք նաև դժգոհեցին, որ ցրտերին չեն թողնում էլեկտրատաքացուցիչ միացնեն։

«Սկզբիցևեթ իրենք ճիշտ մարտավարություն չեն վերցրել, երբ «Հարավկովկասյան երկաթուղի» դարձավ, էդ ժամանակվանից մարտավարությունը ճիշտ չեն արել։ Պատերը սիրունացրել են, բայց մնացած հարցերը չեն լուծվել, աշխատողի ոչ մի սոցիալական հարց չի լուծվել։ Մեր անվտանգությունը չեն ապահովում, բայց պահանջում են»,-նեղվում էին աշխատակիցները

Ըստ բողոքավորների, Նիկոլայ Ֆեոդոովիչ Լավրենչուկը մի վարձով տուն Հյուսիսային պողոտայի վրա ունի, մի հատ Գյումրիում, երկու ծառայողական մեքենաներ ունի։

«Իրենք ապրում են ճոխ, բայց բանվորը իրավունք չունի ապրելու, հացի փող ենք ուզում, ուրիշ ոչ մի բան։Գյոզալական Հայաստանը լրիվ Տանզանիա են դարձրել, մեզ էլ ճորտի ու ստրուկի տեղ դրել։ Ցավը գիտեք ինչ է, իրենք վերևը նստած պիտի ստանան էդ 25 տոկոս հավելավճարը, մենք պիտի դատենք ու չստանանք։ Դեպոյի պետի ռոճիկը 505 հազար է, 505–ից իրենցը կսկվի, նույնիսկ երկու միլիոն ստացող կա»։ Աշխատակիցները հաշվել են, որ իրենց 171 միլիոն դրամ հավելավճար չէին տվել։

Քիչ առաջ մեզ տեղեկացրեցին, որ հավելավճարն ամբողջությամբ փոխանցել են, ու երկաթուղայինները վերսկսել են իրենց աշխատանքները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930