Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հյուրի կարգավիճակով Աստանայի գագաթնաժողովին հրավիրելու տարբերակը: Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցող երկու աղբյուր:
Ըստ թերթի զրուցակիցների՝ նման առաջարկ արվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից, և այն հավանության են արժանացրել մյուս առաջնորդները, նրանց թվում նշվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը: Աղբյուրները նշել են, որ Ալիևը պատրաստ էր ներկա գտնվել միջոցառմանը, սակայն այդ գաղափարին դեմ է արտահայտվել հայկական կողմը:
«Դաշինքի մեջ չմտնող պետությունների ղեկավարները կարող են մասնակցություն ունենալ ՀԱՊԿ միջոցառումներին, եթե դրան համաձայնություն տան կազմակերպության բոլոր անդամները»,- մեկնաբանել է անդամ-երկրների պատվիրակություններից մեկում «Կոմերսանտի» աղբյուրը: Տվյալ դեպքում, նրա խոսքով, կոնսենսուս չի եղել:
Ալիևի՝ Աստանա հրավիրվելու մասին տեղեկատվությունը մեկնաբանելուն ի պատասխան՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է. «Մենք նման տեղեկատվություն չունենք»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱԴՆՐԵԱՍՅԱՆԸ