Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործարար» կուսակցությունը կարծում է, որ գործարարները պետք է զբաղվեն քաղաքականությամբ

Նոյեմբեր 08,2018 18:15

Նոյեմբերի 8-ին «Հայացք» մամուլի ակումբ հյուրընկալվել էին «Գործարար» կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանն ու փոխնախագահ Էլյանորա Ավետիսյանը։

Գեղամ Բաղդասարյանը ասաց, որ իրենց կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց դեռ պարզ չէ՝ ինչ ձեւաչափով։

Նրա խոսքով, եթե հեղափոխությունը հասնի իր տրամաբանական ավարտին, ապա կհամարեն, որ իրենց կուսակցության առաքելությունը 60%-ով իրականացվել է։

«Մեր գաղափարախոսության հիմնական մասերից մեկը եղել է սերնդափոխությունը, իհարկե նախկին իշխանության ժամանակ էլ սերնդափոխություն կար, և ՀՀԿ-ն փորձում էր սերնդափոխություն անել երիտասարդ կադրերին ներգրավելով իշխանության մեջ, սակայն ժամանակի ընթացքում այս նոր կադրերը  համաձուլվում էին հների հետ և սերնդափոխություն տեղի չէր ունենում»։

Գեղամ Բաղդասարյանը ասաց, որ «Թավշյա» հեղափոխության արդյունքում նոր և երիտասարդ կադրեր են եկել, ինչն ինքը ողջունում է և չի ընդունում այն մարդկանց տեսակետը, որոնք դատապարտում են երիտասարդ կադրերին ինչ-որ սխալների, թերությունների համար։

«Ոչ ոք պաշտոնյա չի ծնվել և պետք է ժամանակ ու հնարավորություն տալ նոր կադրերին ինքնադրսևորվելու համար։ Մենք դատապարտում ենք այն, որ հին քաղաքական գործիչները նորից ընդգրկվել են կամ ընդգրկվելու են նոր ցուցակներ ինչ-որ նոր քվեներ բերելու համար»։

Բաղդասարյանի կարծիքով, եթե նախկին քաղաքական գործիչները քաղաքականությունից դուրս են եկել, ուրեմն այլևս պետք է չվերադառնան, որպեսզի հեղափոխությունն ու սերնդափոխությունը ամբողջովին տեղի ունենան։

«Գործարար» կուսակցության նախագահը նաև ասաց, որ կոռուպցիան զրոյի հավասարվելու դեպքում իրենց կուսակցության առաքելությունը մեծամասամբ կատարված կհամարեն։

Բաղդասարյանը նկատեց, որ մեծ բացեր կան բիզնես ոլորտում, և գործարարը իրեն ճնշված է զգում, քանի որ բոլորը քննադատում են իրեն։

«Բոլորը քննադատում են գործարար աշխարհը, գործարարին, և գործարարը այսօր ինքն իրենից ճնշված է, բայց չէ՞ որ երկիրը, տնտեսությունը զարգանում են գործարարի շնորհիվ։ Ինչու՞ գործարարը չպետք է մտնի Ազգային ժողով»։

Բաղդասարյանի խոսքով պատգամավորը կարող է լինել սեփականատեր, հիմնադիր և դա չի նշանակի, որ նա զբաղվում է գործարարությամբ։

«Գործարարը պետք է զբաղվի քաղաքականությամբ, քանի որ նա կառավարական ամենաճիշտ պատկերացում ունեցող անձն է։ Անգամ բրիտանացի գիտնականների կողմից է ապացուցվել, որ գործարարի ուղեղը ամենաճկուն ուղեղն է բոլոր ոլորտներում։ Եթե գործարարին շանս չենք տալիս, ապա ու՞մ ենք շանս տալիս․ մշակութային գործիչները, լրագրողները կարող են զբաղվել քաղաքականությամբ, իսկ գործարարը չի՞ կարող»։

Էլյանորա Ավետիսյանն էլ իր հերթին ասաց, որ այս ամենից զատ գործարարը կարող է ներկայացնել փոփոխություններ կրթական ոլորտում կամ էլ նոր նախագծեր առաջարկել, որովհետև նա առնչվում է բոլոր ոլորտների հետ։

Խոսելով կուսակցության անդամների մասին Բաղդասարյանն ասաց, որ «Գործարար» կուսակցության անդամները հիմնականում երիտասարդներ են։

Aravot.am-ի այն հարցին, թե ինչ բնագավառի ներկայացուցիչներ են, Բաղդասարյանն ասաց, որ կան տնտեսագետներ, գործարարներ, լրագրողներ, բժիշկներ և այլն։

Բաղդասարյանն ասաց, որ իրենց կուսակցության ծրագրերի մեջ է մտնում կենտրոնական բանկի արժեթղթերի թողարկման ձևաչափը հեշտացնելը, գործարարներին խրախուսելը, հարկերը կիսով չափ նվազեցնելը և այլն։

Aravot.am-ը փորձեց ճշտել նաև, թե կան ֆավորիտ կուսակցություններ, որոնց հետ «Գործարար» կուսակցությունը կցանկանար համագործակցել, և արդյոք չկա՞ մտավախություն, որ բավարար ձայներ չեն հավաքի, քանի որ իրենց կուսակցությունը ընդամենը 2 տարվա վաղեմություն ունեցող կուսակցություն է, այնինչ դաշտում կան բավականին փորձառու կուսակցություններ։

«Իհարկե կա նման մտավախություն․ եթե խոսքը գնում է հին, վարկաբեկված կուսակցությունների մասին ՝ կարող ենք մրցել իրենց հետ, բայց եթե խոսքը «Քաղաքացիական պայմանագրի» կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է, ապա չենք կարող, քանի որ շատ փոքր ենք և նորաստեղծ, չունենք ռեսուրսներ իրենց հետ մրցելու համար։ Մնացած կուսակցությունների հետ իհարկե մրցում ենք և անգամ ինքներս մեզ իրենցից առավել ենք համարում»,-ասաց Գեղամ Բաղդասարյանը։

Խոսելով ֆավորիտ կուսակցությունների մասին նա նշեց, որ իրենք լինելով փոքր կուսակցություն չեն կարող մեծ կուսակցությունների հետ դաշինք կազմելու առաջարկով հանդես գալ, այնուամենայնիվ որքան հզոր կուսակցության հետ համագործակցեն, այնքան արդյունքները ավելի մեծ կլինեն, իսկ թե որ կուսակցությունների հետ են քննարկումներ ընթանում չի կարող ասել, քանի որ դեռ պայմանավորվածություն չկա այն հայտարարելու մասին։

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930