Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու ՔՊ-ական մարզպետն ու փոխմարզպետը կմասնակցեն ԱԺ ընտրություններին

Նոյեմբեր 08,2018 17:49

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նույնպես պատրաստվում է մասնակցել ԱԺ ընտրություններին: Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մարզի ղեկավարը ռեյտինգային ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը:

Ղուկասյանն ասում է, որ այս ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու: Վստահեցնում է՝ իրենք էլ լծակներ չեն օգտագործելու, ընտրություններում հաղթող ճանաչվելու համար. «Մենք գործելու ենք մեր կուսակցության շահերը պաշտպանելու համար, չենք կիրառելու որեւէ վարչական ռեսուրս, եւ թույլ չենք տալու, որ նախկին պաշտոնյաները կիրառեն իրենց նախկին գործելաոճը: Պայքար կգնա բոլոր թեկնածուների մեջ: Նույնիսկ մեր կուսակցության ներսում առողջ մրցապայքար կլինի»:

Մարզպետը վստահ է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթելու շանսերը մեծ են: Նրա խոսքով՝ շատ քիչ մարդիկ կլինեն, որոնք ցանկություն կունենան իրենց քվեն տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը. «Չեմ կարծում, որ կան շատ մարդիկ, որոնք ՀՀԿ-ին ձայն կտան կամ կփորձեն աջակցել: Իմ կարծիքով, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ոչ միայն չեն աջակցի, այլեւ քաղաքացիները կուսակցության նկատմամբ ունեն շատ խիստ արտահայտված բացասական վերաբերմունք»:

Ղուկասյանը նշում է՝ այս ընտրություններին ՀՀԿ-ին չեն աջակցի նաեւ ՀՀԿ-ական համայնքապետերը. «Ես Հանրապետական կուսակցությունը համարում եմ չարիք, որը որ այսքան տարիների ընթացքում լինելով իշխանություն, մենք բոլորս տեսել ենք, թե ուր ենք հասել մենք: Եվ այն համայնքապետերը, որոնք եղել են Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներ եւ իրենց համայնքի ամենաակտիվ փող բաժանողները, իրենք իրենց բնակչության վստահությունն այլեւս չեն վայելում, ունեն խնդիր վստահությունն ու վարկանիշը վերականգնելու: Չեմ կարծում, որ մեկ անգամ կգնան սխալ ճանապարհով եւ ինչ-որ մեծ աջակցություն ցույց կտան նախկին պաշտոնյաներին: Մենք գիտենք, որ ՀՀԿ-ում եղել են անդամներ, որոնք մեկը մի փոքր քիչ, մյուսը մի փոքր ավելի շատ ներգրավված են եղել այդ արատավոր երեւույթների մեջ: Բոլորը կազմել են քրեաօլիգարխիկ համակարգի մի մասը, տարիներ շարունակ գործել եւ կեղեքել են մեզ, հետեւաբար չեմ կարծում, որ հիմա իրենք ունեն շատ մեծ շանսեր վերագտնելու իրենց նախկին հնարավորությունները»:

Այս ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի նաեւ ՔՊ-ական փոխմարզպետ Արամ Խաչատրյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930