Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատեց Հայաստանի վճռականությունը շարունակելու ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական ներուժի ուժեղացման ուղղությամբ քայլերը

Նոյեմբեր 08,2018 17:41

Նոյեմբերի 8-ին Աստանայում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Իր խոսքում նախարարի պաշտոնակատար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ղազախստանի իր գործընկերոջը՝ ՀԱՊԿ-ում հաջող նախագահության համար և հայկական կողմի աջակցությունը հայտնեց Ղրղզստանի առաջիկա նախագահության՝ Կազմակերպության արդյունավետության բարձրացմանը և համագործակցության խորացմանն ուղղված առաջնահերթություններին:

Անդրադառնալով նիստի օրակարգի հարցերին՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատեց Հայաստանի վճռականությունը շարունակելու ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական ներուժի ուժեղացման  և արդի մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում ջանքերի ամրապնդման ուղղությամբ քայլերը:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության հակազդեցությանն ուղղված համատեղ և համակողմանի ջանքերի նշանակությունը: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց իրենց ծագման և քաղաքացիության երկրներ վերադարձով պայմանավորված սպառնալիքներին։ Նշվեց, որ այս հարցը հանդիսանում է լրջագույն մարտահրավեր միջազգային անվտանգությանը, և պետք է պատրաստ լինել համապատասխան քայլեր ձեռնարկելու այդ ռիսկերին արձագանքելու համար:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը նաև մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում շարունակվող իրադրության, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների գործունեության արդյունքում տարածաշրջանում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների  կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորեց ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի մեծացման և ՄԱԿ-ի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Նախարարի պաշտոնակատարը կարևորեց Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումը և նշեց, որ դրա ընթացքում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնց իրականացումը կնպաստի խաղաղ գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցը շարունակում է լինել Հայաստանի առաջնահերթությունների շարքում, ինչպես նաև շեշտեց խաղաղ բանակցային գործընթացում Արցախի՝ որոշիչ ձայնով ներգրավվածության  կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանը կարևորեց ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը՝ նշելով, որ այն հանգեցնում է տարածաշրջանում թշնամության և անվստահության մթնոլորտի աճին: Նա ընդգծեց, որ արդիական և շատ անհանգստացնող է սպառազինությունների մրցավազքը, որը չի նպաստում խնդրի կարգավորմանը:

Նախարարական համատեղ նիստին ստորագրվեցին մի շարք որոշումներ, ինչպես նաև հավանություն տրվեց նոյեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք փաստաթղթերին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930