Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆեկցիոն հիվանդանոցը կտեղափոխվի, իսկ տուբերկուլյոզային բաժանմունքն ամբողջությամբ կփակվի. Վանաձորում ինֆեկցիոնիստները բողոքում են

Նոյեմբեր 08,2018 17:17

Արդեն մոտ 2 շաբաթ է՝ Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնը մտել է բնականոն աշխատանքային հունի մեջ: Նոր շենքում են տեղակայված սրտաբանական բաժանմունքը, նյարդաբանական, թերապեւտիկ, հեմոդիալիզի, վերակենդանացման բաժանմունքները: Ամբողջ ծավալով աշխատում են նաեւ վիրաբուժական, մանկական սոմատիկ, լաբորատոր, ախտորոշիչ բաժանմունքներն ու ընդունարանը, նաեւ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը: Մի քանի օրից նոր շենք կտեղափոխվի նաեւ շտապօգնության բաժանմունքը:

Այս պահին նոր կառույցում չի գործում միայն ինֆեկցիոն հիվանդանոցը: Սակայն հիվանդանոցի տնօրինությունը կառավարությունից ստացել է տեղափոխման նախագիծը: Այս ամենն առաջացրել է ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմի դժգոհությունը: «Մեզ առաջարկվել է, որպեսզի մենք տեղափոխվենք բժշկական կենտրոն, որտեղ 15 մահճակալ են առաջարկում, եւ ընդամենը սովորական շենքային պայմաններ: Դա ոչ մի կերպ չի համապատասխանում մեր ինֆեկցիոն հիվանդություններին բնորոշ պայմաններին: Ճարտարապետները չեն նախատեսել ինֆեկցիոն հիվանդություններին համապատասխան ո՛չ բաժանմունք, ո՛չ մասնաշենքում անկյուն, որը կհամապատասխաներ բնագավառի աշխատանքի պահանջներին: Նոր հիվանդանոցում ընդամենը սովորական սենյակներ են, իսկ մենք այստեղ ունենք հատուկ բոքսեր, դրանք առանձին սենյակներ են, որտեղ ամեն ոք չի կարող մտնել, որպեսզի հիվանդները մեկը մյուսի հետ չշփվեն, լինեն առանձին: Այնտեղ չկան այդպիսի պայմաններ: Պետք է լինի առանձին մուտք, առանձին ելք, արտաթորանքի մշակման հնարավորություններ եւ բազմաթիվ նման այլ բաներ»,- ասում է Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը:

Երեկ նախագիծը ստանալուց հետո, հիվանդանոցի բուժանձնակազմը գտնվում է անորոշ իրավիճակում: Այսօր վաղ առավոտից նրանք հավաքվել էին հիվանդանոցում, փորձելով քննարկել հարցը, միաժամանակ իրենց դժգոհությունը բարձրաձայնելով նախագծի դեմ: Հիվանդանոցում այս պահին աշխատում է 48 մասնագետ, նրանցից 33-ը՝ ինֆեկցիոն եւ 15-ը տուբերկուլյոզի բաժանմունքներում: Ինֆեկցիոն հիվանդանոցը ներկայումս գործում է 30 մահճակալային ֆոնդով, իսկ տեղափոխումից հետո այն կունենա 15 մահճակալ:

«Մեզ չեն դիմել, մեզ հետ չեն քննարկել, հարցը չի բարձրացվել: Երեկ միանգամից այս նախագիծն ենք ստացել: Միավորումը ենթադրում է տարածքի ազատում, աշխատակիցների կրճատում: Եթե 15 մահճակալ պետք է հաշվարկեն, կարող են մեզնից մեկ բժիշկ վերցնեն, իսկ մնացած բուժքույրերի հարցն իրենք տեղում կարող են կազմակերպել: 30 մահճակալը հազիվ է բավարարում տարածաշրջանի ծանրաբեռնվածությունն ապահովելու համար: Ծանրաբեռնվածություն լինում է հատկապես ամռան ու աշնան շրջանում»,-ասում է բժիշկ Չիլինգարյանը:

Կառավարությունից ուղարկված նախագծում նշված է, որ 1976 թվականին կառուցված երկհարկանի շենքը, որտեղ իր գործունեությունն է իրականացնում հիվանդանոցը, գտնվում է քաղաքի կենտրոնում, մինչդեռ հիվանդանոցը գտնվում է քաղաքի ծայրամասային թաղամասում:

Բուժանձնակազմի խոսքով՝ տեղափոխման արդյունքում շատերը կկորցնեն իրենց աշխատանքը: Լաբորանտ Արմինե Պողոսյանը մեկն է այն 33 աշխատակիցներից, որ գուցե մի քանի օրից այլեւս գործազուրկ լինի. «Չեմ ուզում ստորադասել մեր գործազուրկ մնալու հնարավորությունը կամ մեր հետագա ճակատագիրը, բայց առավել կարեւոր եմ գնահատում հիվանդանոցի պրոֆիլային աշխատանքը: Այս նախագծի մշակողներն ինձ թվում է՝ բժշկությունից հեռու եւ ոչ կոմպետենտ մարդիկ են եղել: Եթե մարդը պատկերացնի, թե ինչ է նշանակում ինֆեկցիոն հիվանդանոց եւ ինֆեկցիոն հիվանդի բուժում, նման որոշում երբեք չէր կայացնի: Տեղափոխվելու դեպքում բոլորս գործազուրկ ենք մնալու: Այս պետության մեջ այսօր որտե՞ղ կա աշխատատեղ: Այն, որ ամեն օր հայտարարում են, որ նոր աշխատատեղեր են բացվում, հակառակն է՝ փակվում է»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կողմ է հիվանդանոցի տեղափոխմանը, վստահեցնում է՝ տեղափոխման արդյունքում հաստիքների կրճատում չի լինի. «Ինֆեկցիոն հիվանդանոցը ոչ թե փակվում է, այլ ընդամենը տեղափոխվում է նորակառույց բժշկական կենտրոն: Այդ ամեն ինչն իրար մոտիկ լինելու եւ ծախսերը կրճատելու համար է: Որովհետեւ մի բան է առանձին շենք ունենալ, եւ մեկ այլ բան է՝ հիվանդանոցում ունենալ ուղղակի ինֆեկցիոն բաժանմունք: Ռիսկեր չի պարունակում, եւ եթե հիվանդանոցը տեղափոխվի, այդտեղ աշխատելու են լուրջ մասնագետներ: Իսկ աշխատակիցների կրճատում չի լինելու»:

Մինչ մարզի ղեկավարը վստահեցնում է, որ նոր հիվանդանոց տեղափոխվելը ռիսկեր չի պարունակում, ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն այլ կարծիքի է. «Ինֆեկցիաները բերել այն հիվանդանոց, որը պաշտպանված չէ նաեւ ինֆեկցիաների դեմ, միանշանակ կունենան խնդիրներ: Կստացվի, որ ամբողջ հիվանդանոցը կդառնա ինֆեկցիայով վարակվելու մեծ աղբյուր: Հետեւաբար՝ ամբողջ բուժական գործընթացները հիվանդանոցում կարող են դադարեցվել, որովհետեւ ամեն բռնկման դեպքում, ամեն ներհիվանդանոցային խնդիրների դեպքում, ամբողջ բժշկական կենտրոնը պետք է փակվի, որպեսզի կատարվեն այն գործառույթները, որոնք կատարվում են բռնկումների ժամանակ: Մենք բազմաթիվ դժվարություններ կունենանք, երբ որ այս բնագավառը չգործի: Անգամ, եթե ոչինչ չլինի, պատերազմական ժամանակահատվածի համար այս հիմնարկը համարվում է ստրատեգիական նշանակություն ունեցող տարածք, որտեղ մենք պետք է ծավալենք ինֆեկցիոն հոսպիտալ: Այսինքն, վտանգը միշտ կա»,- ասում է հիվանդանոցի տնօրենն ու առաջարկում բուժհաստատության գործունեությունը չդադարեցնելու իր տարբերակը. «Կարելի է լուծում գտնել, հիվանդանոցը թողնել իր տեղում, կառավարման մեթոդները փոխել՝ դարձնել բաժանմունք, թող տնօրեն չլինի, լինի բաժնի վարիչ եւ սա կցված լինի նույն բժշկական կենտրոնին, որպես բաժանմունք Եվ կստացվի, որ աշխատողները կմնան տեղում, տարածքը՝ իր տեղում, գործունեությունը կկազմակերպվի այնպես, ինչպես անհրաժեշտ է»:

Եթե այժմ քննարկվում է ինֆեկցիոն հիվանդանոցի տեղափոխվել-չտեղափոխվելու հարցը, ապա հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայիս քաղաքականությունն ու սկզբունքները, Հայաստանում օպտիմալ հակատուբերկուլյոզային կառուցվածք սահմանելու միտումները, տուբերկուլյոզային հիվանդանոցների թերբեռնվածության հանգամանքը, ՀՀ կառավարությունը նույն նախագծով առաջարկում է ամբողջովին փակել հիվանդանոցում գործող տուբերկուլյոզային բաժանմունքը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930