Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքին: Նա ասաց, որ քննարկվում է մի քանի տարբերակ. 1 տարի ժամանակ տալ, որպեսզի ներմուծվող մեքենաները հնարավոր լինի վերասարքավորել եւ ձախ ղեկ դարձնել. «Այս առումով ես 2 նկատառում ունեմ: 1-ինը՝ սա փարատում է այն մտահոգությունները, որ Վրաստանում թանկացրել են, հերթեր են՝ փոխելու հետ կապված, հնարավորություն ենք տալիս, որպեսզի ներսում ղեկը փոխվի: Սա հնարավորություն է տալիս հայ արհեստավորերին աշխատել: 2-րդը՝ հնարավորություն է կուտակված մեքենաների հարցը շուտափույթ լուծեն»:
«Հարավ-կովկասյան երկաթուղիներում» բացահայտված չարաշահումների մասին հարցին՝ վագոնները վաճառված են, եւ հացահատիկի տեղափոխման խնդիր կա, Արշակյանը պատասխանեց. «Խնդիրը հետեւյալն է՝բանակցությունները հիմա տարվում են, առաջիկայում արդյունքների մասին կտեղեկացնենք: Չարաշահումներով իրավապահ մարմիններն են զբաղվում»:
Դիտարկմանը՝ «Հարավ-կովկասյան երկաթուղիներում» ղեկավարությունը խոշոր պարգեւավճարներ է ստացել, իսկ շարքային աշխատողներին «կոպեկներ» վճարել, այս խնդիրը մտահոգիչ չէ՞, Արշակյանն այսպես պատասխանեց. «Դա գործատուի խնդիրն է, եւ իրենց հարաբերությունները աշխատողների հետ: Կոնսենսիոն պայմանագրով մենք ունենք պարտավորություն կատարել ներդրումային ծրագրեր եւ ապահովել երկաթուղու գործունեությունը»:
Արշակյանի ներկայացմամբ՝ ընկերության՝ պետության նկատմամբ պարտավորությունը երկաթուղու նորմալ աշխատանքն է. «Կարծում եմ՝ դա շատ արագ պետք է վերականգնվի»:
Մեր հարցին՝ կոնսենսիոն պայմանագրի խզման հիմքեր կա՞ն, Արշակյանը պատասխանեց՝ այս պահին, օրակարգում այդպիսի հարց դրված չէ. «Հետագայում եթե դրվի, բոլորը կտեղեկացվեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Արդյոք նախարարի պաշտոնակատարը կընդգրկվի՞ ՔՊ-ի նախընտրական ցուցակում, Արշակյանն ասաց. «Կարծում եմ՝ այո»:
Արշակյանը վստահեցրեց՝ իր ղեկավարած նախարարությունում ժողով է անցկացրել ու բոլորին արգելել աշխատանքային ժամերին զբաղվել կուսակցական գործունեությամբ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ