Լրահոս
Օրվա լրահոսը

«Կացին» մականունով գյումրեցի մուրացկանի ու փողոցում աշխատող շինարարի զրույցը ՀՀ նախագահի հետ

Նոյեմբեր 08,2018 17:06

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մասնավոր այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա եկել էր Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնած ու վերանորոգման փուլում գտնվող շենքն ուսումնասիրելու ու իր օգնությունն առաջարկելու։

Թանգարանի շենքից դուրս գալիս՝ նրան մոտեցան սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ։ Նախ սկսվեց զրույց «Կացին» մականունով գյումրեցի մուրացկանի հետ, այնուհետ նրան մոտեցավ մանկատան նախկին սաներից մեկը։ Նշենք, որ Կացինը օրերս ինքնասպանության փորձ էր կատարել սոցիալական խնդիրների պատճառով։

Նախագահը երիտասարդներին բացատրում էր, որ նրանց խնդրանքը չի կարող կատարել, քանի որ իր կարգավիճակն այլևս տարբերվում է նախորդ նախագահներից, և ինքը կառավարության ղեկավարը չէ։ Նա չէր զլանում բացատրել երիտասարդներին, որ Սահմանադրություն է փոխվել, նախագահի լիազորությունները ևս փոխվել են։ Նա նույնը կրկնեց փողոցաշինարարությամբ զբաղվողի բանվորի համար, որը նախագահին բարևելով՝ նույնպես խնդրանք ուներ։ «Դուք Սահմանադրություն կարդացե՞լ եք»,- հարցրեց Արմեն Սարգսյանը շինարարին։

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը պարզաբանեց, որ իրենից բնակարան են ուզում։ « Նախագահը չի կարող բնակարան տալ, ես կարող եմ աջակցել, որ համապատասխան մարմինները, քաղաքապետարանը, մարզպետարանը կամ կառավարության անդամները, եթե մարդիկ իսկապես դրա կարիքն ունեն, իրենց հարցին լուծում տան»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Ի դեպ, երբ Արմեն Սարգսյանը մանկատան նախկին սանին, որը մեր տեղեկություններով, հայտնվել է փողոցում, բացատրում էր, որ ինքը ի պաշտոնե չի կարող նրան բնակարան տալ, երիտասարդն ասաց. «Կհասկնամ, բայց դաժե հացի փող չունիմ, էս պահին սոված եմ, կըրնաս օգնե՞ս»։

Արմեն Սարգսյանն ասաց՝ «Սովածի համար փող կտամ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930