Նոյեմբերի 8-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում հյուրընկալվել էր մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
Հանդիպման սկզբում նա շնորհավորեց բոլոր այն ընտանիքներին, որտեղ վերադարձել են համաներմամբ ազատ արձակված մարդիկ և հույս հայտնեց, որ նրանց մեջ չկան մարդիկ, որոնք բանտից դուրս են եկել, որ կրկնեն հանցագործությունը ևս մեկ անգամ։
«Համաներումը հումանիզմի, մարդասիրական հիմքերով է արվում, և ես հույս ունեմ, որ դա ոչ թե կբերի հասարակության մեջ կրիմինագեն մթնոլորտի բարձրացման, այլ ճիշտ հակառակը․ համաներման ներքո հայտնված անձինք կգնահատեն պետության կողմից նման վերաբերմունքը»։
Ալավերդյանն ասաց, որ ի նշան հարյուրամյակի համաներումը ավելի շուտ պետք է արվեր, բայց քանի որ քաղաքական գործընթացները բուռն զարգացման մեջ էին այն մի փոքր հետաձգվեց։
«Դեռ այս տարվա փետրվարին նախկին իշխանության կողմից քննարկումներ էին ընթանում, թե համաներումը ինչպես պետք է լինի և ովքեր պետք է դրան արժանանան, սակայն քաղաքական գործընթացների պատճառով այն հետաձգվեց։ Հիմա ասում են, որ այս համաներումը ամենախոշորն ու աննախադեպն է․ ես դեմ չեմ, որ դրան աննախադեպ անվանեն, քանի որ ժամանակի առումով իրոք աննախադեպ էր»։
Ըստ Ալավերդյանի այս համաներման նախագիծը բավականին նման է 2013թ-ի օրենքի նախագծին։
«2013թ-ի համաներման օրենքի նախագծի հետ բավականին շատ կետեր են համընկնում․ օրինակ 60 տարեկանների, հաշմանդամություն ունեցող անձանց, Աֆղանստանի կամ այլ գործողություններում մասնակիցների հետ կապված կետերը։ Փաստորեն այս օրինագիծը հենվել է բոլոր եղած պրակտիկաների և օրենսդրական նորմերի վրա․ այս առումով ես ողջունում եմ այդպիսի իրավահաջորդությունը»։
Մարդու իրավունքների նախկին պաշտպանը հանրության ուշադրությունը հրավիրեց համաներման մասին օրենքի 12-րդ հոդվածի վրա, որտեղ ասվում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում, համանման կիրառման համար անձի համաձայնությունը չի պահանջվում։
«Այս հոդվածը կարծես թե գրված է Շանթ Հարությունյանի համար․ նա չէր ցանկանում համաներում, քանի որ գտնում էր, որ ինքն անմեղ է, իհարկե ես չեմ բացառում, որ այլ անձանց ազատազրկման համար էլ է այս հոդվածը նախատեսված, բայց այն գալիս է ասելու, որ շատ ուշադիր պետք է լինել օրենքների նկատմամբ, որովհետև դրանք հաճախ կապված են մեզ հայտնի անունների հետ»։
Ալավերդյանի խոսքով ծանրաբեռնված աշխատանք է սպասվում համաներման մասին օրենքի մեջ նշված մարմինների համար, և շատ կարևոր է, որ հանրությունը հետևի այդ աշխատանքների ճշգրիտ կատարմանը։
«Օրենքում գրված է, որ պետք է վերահսկվի այդ աշխատանքը ,և դա պետք է արվի օրենքով նախատեսված ձևով։ Հիմա համաներմամբ ազատազրկված մարդկանց ցուցակը չկա, այնինչ արդեն բազմաթիվ մարդիկ ազատության մեջ են, և շատ կարևոր է , որ գտնվեն այնպիսի անձինք կամ կազմակերպություններ, որոնք կզբաղվեն վերահսկողությամբ»։
Ալավերդյանը կարևորեց, որ ազատազրկման վայրում բանտարկյալները ձեռք բերեն նոր ունակություններ և ավելի հեշտ վերասոցիալականացվեն։
«Հասարակությունը պատրաստ չի լինում մեկ կամ մի քանի անգամ դատապարտված մարդկանց աշխատանք տալ, և այսպիսի դեպքերի համար նախատեսվում է պետական ծրագիր, որտեղ հստակ նշված է լինում, թե այս մարդիկ ինչպես պետք է վերասոցիալականացվեն»։
Ալավերդյանը ասաց նաև, որ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց պետք է հնարավորություն տալ, որ «մեղմ» մտնեն ազատության դաշտ և ոչ թե միանգամից ազատ արձակվեն։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ