Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական պարզաբանման տեքստում ես չտեսա բավարար իրավական հիմնավորում. Էմին Երիցյան

Նոյեմբեր 08,2018 16:56

«Թավշյա հեղափոխությունը մարդկանց մոտ սպասելիքների մեծ պատուհան է բացել։ Դրանք չեն կարող անպատասխան մնալ։ Բայց վերահսկողության ծառայությունն, այնուամենայնիվ, այն մարմինը չէ, որ լիազորված է դա անել տեղական ինքնակառավարման մարմինների մասով»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ պետական վերահսկողական ծառայության պարզաբանումը  տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց գործողությունների՝ ոչ իրավաչափ լինելու մասին, այսպես արձագանքեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Ըստ Էմին Երիցյանի՝ հատկապես վտանգավոր է, երբ դա արվում է օրենսդրության կարմիր գծերը խախտելով. «Հեղափոխությունից հետո պետք է առավել բծախնդիր լինել այս հարցում՝ իրավական պետություն ունենալու և ժողովրդավարության սկզբունքները չխախտելու համար։ Համայնքներում առաջացած շատ իրավիճակներ պայմանավորված են տարբեր խմբերի քաղաքական շահերի բախումներով։ Իսկ այդ պարագայում իրավասությունները գերազանցող միջամտությունները նաև քաղաքական երանգավորում են ստանում»:

Էմին Երիցյանն ասաց՝  տեղական ինքնակառավարման մարմիններում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական պարզաբանման «տեքստում չտեսա բավարար իրավական հիմնավորում, իսկ օրենսդրության մի քանի դրույթների հղումներն ու մեկնաբանությունները ազատ ոճի մեջ էին»։

Նա շարունակեց. «Որպես քաղաքացի կարող եմ հասկանալ հեղափոխությունից հետո բնակիչների կողմից մեծաքանակ բողոքներին, մի շարք համայնքներում առաջացած իրավիճակներին պետական մարմինների կողմից արձագանքելու ցանկությունը»։

ՀՀՄ նախագահը հավելեց՝ բոլորիս նպատակը արդյունավետ ու օրենքի գերակայության սկզբունքի վրա հիմնված տեղական ինքնակառավարում ունենալն է, ուստի պատրաստակամություն հայտնեց ՀՀ ԱԺ ընտրություններից հետո իրենց փորձագիտական աջակցությունն առաջարկել ՀՀ կառավարությանը պետություն-համայնքներ փոխհարաբերությունների իրավակարգավորումների բարելավման, համայնքներում կոռուպցիայի կանխարգելման, լավ կառավարման ներդրման հարցերի շուրջ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930