Ստրասբուրգում ապրում են 20.000-ից ավելի հայեր: Այս քաղաքում բավականին մեծ ու ակտիվ հայկական համայնք կա: Նույնիսկ Ստրասբուրգի մի հատված հայերը կատակով կոչում են Մալաթիա:
Հայերի մեծամասնությունն աշխատում է սպասարկման ոլորտում, նրանց մի մասն աշխատում է իրենց բառապաշարով ասած՝ «սևով», քանի որ դեռ չունեն հստակ կարգավիճակ:
Սակայն կան նաև այնպիսիք, որոնք իրենց մասնագիտությամբ են աշխատում:
Aravot.am-ը փոքրիկ հարցախույզ արեց՝ պարզելու հեղափոխությունից հետո նրանց սպասելիքներն արդարացվեցի՞ն:
Ներկայացնում ենք Ստրասբուրգի հայերի տեսակետները: Նրանցից ոչ բոլորը ցանկացան, որպեսզի իրենց անունները հրապարակենք, իսկ լուսանկարվելուն բոլորն էին դեմ:
45-ամյա բժշկուհի Նարինեն մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե դեռ ոգևորված չէ հայաստանյան վերջին զարգացումներով. «Չեմ կարծում, որ միանգամից պետք է ոգևորվել: Նոր կառավարությունը բավականին անփորձ է, դեռ ժամանակ է պետք, որ կարողանան արդյունք ցույց տալ»:
Նիկոլ Փաշինյանով և հեղափոխությամբ ոգևորված է հատկապես Ստրասբուրգի հայ երիտասարդությունը: Մեզ հետ զրույցում 22-ամյա Սամվելն ասաց. «Գիտեմ, որ շատ բան է փոխվել Հայաստանում, նույնիսկ ուզում եմ գալ Հայաստան և իմ սեփական բիզնեսը դնել: Վստահ եմ, որ հեղափոխությունից հետո այլևս մենաշնորհ չկա և փոքր բիզնեսին խանգարող չի լինի»:
60-ամյա Վարուժանը հույս ունի, որ կոռուպցիան Հայաստանում կվերանա. «Ես վստահում եմ, հավատում եմ Նիկոլ Փաշինյանին և վստահ եմ, որ կոռուպցիան քիչ-քիչ կվերանա Հայաստանից և մեր բոլորի Հայաստանը կդառնա կարգին երկիր»:
Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանով ոգևորված են նույնիսկ երեխաները: Մի փոքրիկ, երբ զրուցում էի նրա ծնողների հետ, ինձ ասաց. «Ինձ կտանե՞ս Հայաստան, Նիկոլ Փաշինյանին տեսնեմ, ես կարոտում եմ իրեն»:
Հետաքրքրական է այն, որ մեր հարցին՝ կվերադառնա՞ք Հայաստան, Ստրասբուրգի հայերից քչերն էին դրական պատասխան տալիս: Մի երիտասարդ էլ կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Թող մի քիչ էլ լավանա Հայաստանում, կգանք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ