«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջնական ցուցակը կհրապարակեն առաջիկա օրերին. «Բնականաբար, ես կառաջադրվեմ նաեւ ռեյտինգային տարածքային ընտրացուցակով: Վերջնական կհրապարակենք առաջիկա օրերին, բայց այո, տրամաբանություն կա, որ ես առաջադրվեմ այդ ընտրատարածքում»:
Հարցին՝ դուք Կենտրոնում եք բնակվում, տեղային գործոնը չի՞ խանգարելու՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ կան քաղաքական գործիչներ, որոնք ունեն հանրապետական ճանաչում եւ բացարձակ պարտադիր չէ, որ իրենք հենց իրենց բնակության վայրում առաջադրվեն: Իմ ծնողները Սյունիքից են, ե՛ւ ես, ե՛ւ ԲՀԿ-ն այնտեղ, կարծում եմ, բավականին լուրջ աջակցություն ունենք: Ի վերջո, եթե իմ կուսակցությունը որոշի վերջնականապես, որ ես պետք է առաջադրվեմ այդ ընտրատարածքում, կառաջադրվեմ այնտեղ: Կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է կարողանա առավելագույն վստահության քվե ապահովել հանրապետության այն տարածքից, որտեղ կորոշի կուսակցությունը: Այդ առումով չի բացառվում, որ ես առաջադրվեմ այդ ընտրական տարածքից»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ձեր կուսակցությունում ռեյտինգային թեկնածուների «կրիզիս» կա՞, թե՞ չկա՝ նա պատասխանեց. «Մեր կուսակցությունում որեւէ կրիզիս չկա, չկա նաեւ ռեյտինգային թեկնածուների: Յուրաքանչյուր ընտրատարածք ունի որոշակի քվոտավորված տարածքային ցուցակներ, համոզված եղեք, որ ԲՀԿ-ն լինելու է եզակի կուսակցությունը, որն ամբողջապես լրացնելու է այդ քվոտավորումը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ