Արցախյան պատերազմի ազատամարտիկ, վերջերս մահացած «Սասնա ծռերի» գործով մեղադրյալ Արայիկ Խանդոյանի (հայտնի որպես «Միայնակ գայլ») ընտանիքին աջակցելու նպատակով նոյեմբերի 24-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ծրագրում կոմպոզիտոր, երգահան Վահան Արծրունու կամերային ստեղծագործություններն են: Մուտքն ազատ է, ցանկացողները կարող են նվիրատվություն թողնել, կամ փոխանցումներ կատարել բանկային հաշվեհամարի միջոցով: «Միայնակ գայլը» հինգ երեխա ունի, որոնցից երեքը՝ անչափահաս. նրանցից երկուսն ուսանող են, մեկը՝ դպրոցական:
«Կարծում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին եւ Արայիկի ընտանիքի համար տուն գնենք Երեւանում (ընտանիքը Ծաղկահովիտում է բնակվում): Երեխաները պետք է ուսում ստանան այստեղ: Առաջնահերթ այդ խնդիրն ենք փորձելու լուծել, հետո՝ նրանց ուսման վարձի հարցը: Արոն մեզ հետ չէ…նա անպայման կձգտեր այդ ամենն իրականացնել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Խանդոյանի ընտանիքի մտերիմներից Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը):
Վահան Արծրունին էլ լրագրողների հետ զրույցում իր հերթին նշեց, որ համերգով ցանկանում են հանրությանը հիշեցնել, որ վերջինս իր ուշադրությամբ կարող է իրավիճակ փոխել. «Խնդիրը սոցիալական հարթության վրա է: Կոչ ենք անում մասնակցել մեր նախաձեռնությանը»:
Այնուհետեւ Թորոս Սեֆիլյանը հայտարարեց, որ նոյեմբերի 24-ին համերգասրահն իրենց անհատույց տրամադրելու հարցով դիմել էին ՀՀ Մշակույթի նախարարությանը, որը համաձայնել է այդ կերպ աջակցել նախաձեռնությանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ