«Եղել են բացթողումներ»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն՝ անդրադառնալով զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարին:
Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 4 զինծառայող է մահացել, 20-ից ավելի զինծառայողներ տեղափոխվել են Զանգեզուրի կայազորի զիվորական հոսպիտալ:
Բալայանն ասաց, որ որեւէ մեկնաբանություն այս փուլում ճիշտ չէ անել, քանի որ ընթանում է նախաքննություն, քննչական մարմինը քննություն է իրականացնում:
Փոխնախարարի խոսքերով՝ բացթողումները թույլ են տվել նաեւ կոչում ունեցող զինծառայողները:
Այժմ, ինչպես ասաց Բալայանը, հատուկ հանձնախումբն աշխատում է այդ ուղղությամբ, ներգրավված են բոլոր ուժերը, որպեսզի նման աննախադեպ իրադարձություն այլեւս տեղի չունենա. «Եղել են որոշակի տեխնիկական կանոնների խախտումներ, հնարավոր է նաեւ որոշակի անսարքություններ ի հայտ գան»:
Մանրամասն՝ տեսանյութում
Արդյոք կվերանայվի այն մոտեցումն, ըստ որի, ժամկետային զինծառայողներին են նշանակում վարորդ, այս հարցին ի պատասխան Բալայանն ասաց. «Դա չի լինում պարզապես հրամանատարի կամ այլ ստորադաս պաշտոնյայի ցանկությամբ: Այդ վարորդները, մինչեւ նրանց բանակ զորակոչվելը, անցնում են որոշակի պատրաստություն, ըստ մեր ներկայացրած հայտի՝ մենք այդ պատվերը յուրաքանչյուր տարի տալիս ենք: Եվ արդեն ընդունում ենք պատրաստված վարորդների: Այս փուլում ես չեմ կարող ասել, եթե պարզվի, որ դա վարորդի մեղքով է եղել, միգուցե նաեւ որոշակի խնդիրներ կառաջանան այդ ծրագրերը վերանայելու: Բայց կարող եմ ասել, որ վարորդը, եթե չեմ սխալվում, ինքն էլ բավական հմուտ վարորդ է եղել, իր ծառայությունն արդեն մոտենում էր ավարտին, մի քանի ամսից պետք է զորացրվեր»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ