Երիտասարդական ոլորտի փորձագետ Արեգ Թադևոսյանն ահազանգում է, որ հետազոտությունների վրա հիմնված երիտասարդական պետական քաղաքականության մշակումը վտանգված է, քանի դեռ երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի ճակատագիրն անհայտ է:
Փորձագետն այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց, որ ՊՈԱԿ-ի լուծարման մասին արդեն որոշում կա, սկսվել են այդ հարցով հանրային քննարկումներ: Ըստ նրա՝ եթե ՊՈԱԿ-ի լուծարումը օպտիմալացման նպատակով է արվում, ապա օպտիմալացումը չպետք է կորցնի այն, ինչ մինչեւ հիմա ձեռք է բերվել, այլ պետք է բարձրացնի արդյունավետությունը: Գյումրու տեղական երիտասարդական քաղաքականության փորձագետ Կարեն Տերտերյանն էլ ասաց, որ ՊՈԱԿ-ի լուծարումը մի քանի տարով հետ կգցի ոլորտը, ու չենք ունենա հաստատված քաղաքականություն:
Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի ԵՈՒ բաժնի պետ Մարինա Գալստյանն էլ ասաց՝ որոշումների կայացման առումով չկա իրենց ու սպորտի եւ երիտասարդության նախարարության հետ երկխոսություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ