«Երբ մեր վերջնական ցուցակը հրապարակվի, այն ձեզ դուր կգա»,-այսօր այս մասին ասաց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական ցուցակին:
«Ցուցակը դեռ պատրաստ չէ, քննարկումները շարունակվում են: Այն սկզբունքները, որոնք դրված են ցուցակի հիմքում, այն են, որ մարդիկ պետք է ունենան որոշակի քաղաքական հետագիծ, պրոֆեսիոնալ հմտություններ, Ազգային ժողովում իրենց պրոֆեսիոնալ հմտությունները կիրառելու կարողություն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Լրագրողների դիտարկմանը՝ տեղեկություն կա, որ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդուն ՔՊ-ն առաջադրելու է որպես ռեյտինգային թեկնածու, Արայիկ Հարությունյանն այսպես պատասխանեց. «Նահապետ Գեւորգյանն ո՞վ է»: Հստակեցմանը՝ Նովոն, Հարությունյանը պատասխանեց՝ «Ես նման տեղեկություն չունեմ»:
Մյուս հարցին էլ՝ տեղեկություններ են տարածվել, որ քրեական հեղինակություն Տույի քույրն էլ է առաջադրվելու, Հարությունյանն այսպես արձագանքեց՝ «Անցած անգամ ասացի՝ երբ որ դուք մեր ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա, վստահ եմ»:
Ինքը՝ Արայիկ Հարությունյանը առաջադրվելու է ռեյտինգային կարգով՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ