«Գազպրոմ» ընկերության եւ ՌԴ էներգետիկայի նախարարության հետ հայկական կողմը բանակցում է գազի գնի նվազեցման ուղղությամբ: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նա վստահեցրեց, որ բանակցությունները գազի սակագնի նվազեցման շուրջ են, եւ այս բանակցություններն ընթանում են սահմանին գազի գնի ձեւավորման եւ ներքին կառուցվածքի հետ կապված հարցերի շուրջ. «Կարծում եմ, որպեսզի չվնասենք բանակցությունների ընթացքին, դեռեւս չեմ ուզում խոսել այդ մասին»:
Ըստ նախարարի պաշտոնակատարի, եթե բանակցությունները դրական արդյունքներ տան, գազի սակագնի նվազեցումը կազդի վերջնական սպառողի վրա: Իսկ թե երբվանից կլինի սակագնի փոփոխությունը, Բաղրամյանն ասաց՝ թե որ տարվանից կլինի, պարզ կլինի միայն բանակցությունների ավարտից հետո:
Բաղրամյանը ցանկություն հայտնեց պարզաբանումներ ներկայացնել նաեւ այն հայտարարությունների մասին, ըստ որի ՀԾԿՀ-ի նախագահն ու ինքը՝ Բաղրամյանը խոչընդոտում են գազի սակագնի փոփոխությանը. «Ասում են՝ կան ինչ-որ մեխանիզմներ, որոնք ուզում են ներկայացնեն վարչապետին, խոչընդոտում ենք: Սա էլ է անհեթեթություն: Պաշտոնապես հայտարարում եմ, եթե կա նման մարդ, որն ունի մեխանիզմներ, հաշվարկներ, ես պատրաստ եմ հենց վաղը ձեր ներկայությամբ իրեն ընդունել ու քննարկել բոլոր հաշվարկները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ