Թիվ 9 ընտրատարածքում՝ Լոռու մարզում ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում հորդորեց՝ «Դուք կարո՞ղ եք հարցում անեք տարածաշրջանում կամ ընդհանուր մարզում ու տեսնեք՝ ժողովուրդն ինձ ուզո՞ւմ է, թե՞ չէ: Տեսեք ինչ հարգանք ունեմ ես եւ ինչի համար են ինձ ուզում»:
Մեր հարցին՝ հիմա ՀՀԿ-ն քննադատում է ոչ իշխանական ուժերին՝ ասելով, որ իրական ընդդիմությունը միայն իրենք են, մյուսները, այսպես ասած՝ «գրպանային» ընդդիմություն են, իրար հերթ չտալով՝ գովերգում են Փաշինյանին, դուք համաձա՞յն եք այդ քննադատության հետ: Վանիկ Ասատրյանը պատասխանեց. «Էդ բառն ո՞վ է ասում՝ գրպանային: Էդ արտահայտությունը շատ սխալ է: Գրպանային չի լինում ընդդիմությունը: Էնպես չի, որ ընդդիմությունը պետք է անպայման հայհոյի կամ ֆեյսբուքներում գրի: Ընդդիմությունն այն է, որ Ազգային ժողով ներկայացրած օրենսդրական որեւէ փոփոխության ժամանակ այն բաներն ասի, որ ի շահ ժողովրդի է կամ ի շահ հակառակ օրենքի: Գրպանային ընդդիմություն բառը հանեք քաղաքական լեքսիկոնից»:
Վանիկ Ասատրյանը հայտարարեց. «Հատկապես էն կուսակցությանը ասե՞ն, որ ինչ գործունեություն է անում, ինչ աշխատատեղեր է ստեղծում: Մենք տնտեսական հեղափոխություն ենք անելու: Մենք համաձայն ենք այս հեղափոխությանը, կողմ ենք եղել այս հեղափոխությանը, մասնակցել ենք, հատկապես՝ ես եւ ամբողջ մեր ֆրակցիան, էսօր էլ մենք որոշել ենք, պարտավոր ենք նույնիսկ մեր հնարավորության սահմաններում տնտեսական հեղափոխություն անել»:
Թե ի՞նչ նկատի ունի՝ տնտեսական հեղափոխություն ասելով պատգամավորը՝ պարզ չդարձավ, նա միայն ասաց, որ նկատի ունի գործարաններ բացել, աշխատատեղեր ստեղծել: Մեր հարցին՝ դուք ընդդիմություն չե՞ք լինելու, տնտեսական հեղափոխութունն էլի իշխանությո՞ւնը չպետք է անի, ի՞նչ լծակներ պետք է ունենա ընդդիմությունը, որ տնտեսական հեղափոխություն անի՝ Վանիկ Ասատրյանը պատասխանեց. «Եթե ընդդիմություն համարենք, ընդդիմությունն իր գործն անում է գործնական, ոչ թե խոսելով կամ հայհոյելով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ